Թուրքիան հրահրեց Ադրբեջանի հուլիսյան ագրեսիան Հայաստանի դեմ, հիմա էլ զորավարժություններով շարունակում է ճնշումները Հարավային Կովկասում. Ռուբեն Սաֆրաստյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը

– Պարո՛ն Սաֆրաստյան, ռուսական РБК-ին տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատերազմի հավանականությունը չի բացառել՝ նշելով, որ ի դեմս Թուրքիայի՝ կան երկրներ, որոնք բորբոքում են հակամարտությունը։ Տեղեկություն կա, որ Թուրքիան այս օրերին զորք է մտցրել Նախիջևանի տարածք՝ Ադրբեջանի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու նպատակով։ Ի՞նչ նպատակ է հետապնդում Թուրքիան։

Ռազմավարական առումով Թուրքիայի կարևոր նպատակներից մեկը Հարավային Կովկասն իր ազդեցության գոտի դարձնելն է։ Ներկա պահին Թուրքիան կարողանում է իր ազդեցության գոտում պահել Ադրբեջանը և որոշ չափով՝ Վրաստանը։ 

Բայց Թուրքիայի նպատակն է իր ազդեցության ոլորտը գնալով ավելի ուժեղացնել Հարավային Կովկասում։ Դա կարող է անել՝ Հայաստանի վրա ճնշում գործադրելով, որովհետև Հայաստանը, ըստ էության, հանդես է գալիս որպես Ռուսաստանի ռազմավարական դաշնակից։ 

Դրա համար Թուրքիան հրահրեց Ադրբեջանի հուլիսյան ագրեսիան Հայաստանի դեմ, հիմա էլ շարունակում է այդ քաղաքականությունը և զորավարժությունների միջոցով փորձում է ճնշումն էլ ավելի բարձրացնել Հարավային Կովկասում։

Կկարողանա՞ Թուրքիան այս հարցում հաջողությունների հասնել։

– Համոզված եմ, որ Ռուսաստանը ուշիուշով հետևում է այդ ամենին, որովհետև Ռուսաստանն ինքն է համարում Հարավային Կովկասն իր ազդեցության գոտի։ Այնպես որ, այս երկու պետությունների միջև շահերը հակադիր են՝ մեկն ուզում է պահել իր ազդեցությունը Հարավային Կովկասում, մյուսն ուզում է իր ազդեցությունն այստեղ ուժեղացնել։ 

Դրա համար Ռուսաստանն ամեն ինչ կանի, որ Թուրքիային թույլ չտա ուժեղացնել այստեղ իր ազդեցությունը։ Եվ այն զորավարժություններով, որոնք մի քանի օր առաջ իրականացրեց Ռուսաստանը Հայաստանի տարածքում, որին մասնակցեցին նաև Հայաստանի զինված ուժերը, ցույց են տալիս Թուրքիային, որ ռուսները վճռական են տրամադրված։

Հիմա Թուրքիան անում է իր հակադիր քայլը՝ Ադրբեջանի հետ զորավարժություններ է անցկացնում։ Ընդ որում, դրանք բավական լուրջ զորավարժություններ են, տեղեկություններ կան, որ 10 հազարից ավելի թուրքական զորքն արդեն մտել է Նախիջևանի տարածք։

– Զորավարժությունների օրերին հայ-ադրբեջանական սահմանին հնարավո՞ր են սադրանքներ, հնարավո՞ր է իրավիճակը դարձյալ լարվի։

– Այո՛, չպետք է բացառել, որ իրավիճակը կարող է լարվել։ Թուրքիան այս լարումները փորձում է օգտագործել իր նպատակների համար։ Որոշ ժամանակ անց սրան կհետևեն ռուսական զորավարժությունները։ Այնպես որ, մենք տեսնում ենք, որ Հարավային Կովկասը դառնում է Թուրքիայի և Ռուսաստանի միջև կարևոր կիզակետերից մեկը և նաև համաշխարհային, գլոբալ առումով։ 

Եվ այստեղ մենք պետք է շատ հստակ արտաքին քաղաքականություն վարենք, պետք է օգտագործենք մեր դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ, այն, որ մենք համագործակցում ենք ռազմական առումով։

Եվ նաև մի կարևոր հանգամանք եմ ուզում ընդգծել՝ այստեղ ամենակարևոր գործոնը մեր զինված ուժերն են։ Այն հաջողությունները, որ մեր զինված ուժերն արձանագրեցին՝ Տավուշի սահմանին հետ շպրտելով Ադրբեջանի ագրեսիան, վկայում են այն մասին, որ մեր զինված ուժերը և՛ պլանավորման, և՛ գործողություններ իրականացնելու մակարդակով շատ բարձր պրոֆեսիոնալիզմ են ցույց տալիս։

Մեր զինված ուժերը կարող են փոքր թվալ, բայց շատ կարևոր դեր ունեն, որովհետև բալանսավորում ու կայունացնում են իրադրությունը մեր տարածաշրջանում։

Մենք նաև չպետք է մոռանանք Իրանի գործոնը։ Թուրքիայի ձգտումը, իհարկե, բացասական արձագանք է ստանում Իրանի կողմից։ Ես համոզված եմ, որ Իրանը շատ ուշադիր է հետևում Թուրքիայի գործողություններին։

– Հարկ եղած դեպքում Իրանը կարո՞ղ է միջամտել։

– Կարծում եմ՝ կարող է միջամտել, քանի որ այստեղ Ադրբեջանի գործոնը կա, որը հանդես է գալիս որպես Իսրայելի ռազմական հենակետ Իրանի դեմ։ Սա էլ շատ կարևոր հանգամանք է, պետք է հաշվի առնել։ Այնպես որ, շատ բարդ թնջուկ է ստեղծվել մեր տարածաշրջանում։ Բայց ես ուզում եմ ընդգծել՝ մեր զինված ուժերի ցուցաբերած պրոֆեսիոնալիզմը զսպող դեր է խաղում տարածաշրջանում։

Հուլիսյան դեպքերի ժամանակ Հայաստանի ԱԳՆ-ն բավական կոշտ արձագանքեց Թուրքիայի հայտարարություններին, Հայաստանի իշխանությունները միջազգային հանրության ուշադրությունն են հրավիրում Թուրքիայի պահվածքի վրա, հիմա էլ վարչապետն այս հայտարարությունն արեց։ Արդյոք սա այն քաղաքականությո՞ւնն է, որ պետք է վարի ՀՀ իշխանությունն այս պարագայում։

– Այո՛, իշխանությունը ճիշտ է կողմնորոշվում, ռազմավարական շատ ճիշտ որոշում է։ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է ոչ միայն այն բանի համար, որ պատմականորեն կապված ենք, այլև կարևոր է, որ մեր շահերը համընկնում են։

Ե՛վ մենք, և՛ Ռուսաստանը չենք ցանկանում, որ Թուրքիան ուժեղացնի իր ազդեցությունը մեր տարածաշրջանում։ Մենք և Ռուսաստանը հանդես ենք գալիս որպես իսկապես շատ լավ ստրատեգիական, ռազմական, քաղաքական դաշնակիցներ։ Եվ սա շատ կարևոր հանգամանք է։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am