«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը
– Պարո՛ն Մեհրաբյան, Բելառուսում նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցող բողոքի ակցիաների ֆոնին Հայաստանում հարցադրում է հնչում, թե ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը շտապեց շնորհավորել Լուկաշենկոյին։
– Մեր վերաբերմունքն այն ամեն նկատմամբն, ինչ տեղի է ունենում Բելառուսում, որևէ քննարկման հարց չի կարող լինել։ Այն, ինչ տեղի է ունենում այսօր Բելառուսում, դա Սովետի գարշահոտ լեշի հուղարկավորությունն է, որպեսզի մարդկանց այլևս չթունավորի։ Այդ իմաստով, թե ինչով կավարտվի այսօրվա դիմակայությունը և երբ կավարտվի, սա պատմության համար մեկ ակնթարթ էր։
Եվ այդ իմաստով մենք գոնե կարող ենք հաստատապես ասել, որ, այո՛, Սովետը, որը մեռած է ու չթաղված, իրենք այսօր թաղում են։ Եվ այս հարցում մեր համակրանքներն ու հակակրանքները պարզից էլ պարզ են։ Ի վերջո, Հայաստանում հեղափոխությունը այլմոլորակայինները չեն արել, մենք ենք արել։
– Հետևաբար, հեղափոխությամբ իշխանության եկած ղեկավարը պե՞տք է շնորհավորեր Լուկաշենկոյին, այս հարցն է հնչում երկու օր։
– Հայաստանի վարչապետը և նախագահը իրավապաշտպան կազմակերպության ղեկավար չեն, այլ պետության ղեկավար են, որը գտնվում է այն վիճակում, որում գտնվում է։
Խոսքն արտաքին քաղաքականության հարթության, միջազգային հարաբերությունների ներկայիս համակարգի մասին է։ Խոսքն այն անվտանգության մարտահրավերների մասին է, որն ունի ՀՀ-ն, և նա պատասխանատվություն է կրում իր ցանկացած քայլի համար։ Քաղաքականությունը պատվերով համերգ չէ, ուզում եմ-չեմ ուզում-ի վրա չէ, քաղաքականությունը հնարավորի արվեստ է։
Երբ մեր հարևանները, հակառակորդները, մեր, այսպես կոչված, դաշնակիցները շնորհավորում են, երբ Եվրամիությունը և ԱՄՆ-ը հերթապահ հայտարարություններ են ընդամենն անում և Եվրոպայի մեջտեղում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված չեն ուզում հավաքվել գագաթնաժողովի, որովհետև արձակուրդում են, թող ոչ ոք Հայաստանից ոչինչ չպահանջի։
Հայաստանն իրականացնելու է այն քաղաքական որոշումները՝ չոր ու ռեալ պոլիտիկի վրա հիմնված, որոնք երկիրը զերծ կպահեն մարտահրավերներից։
– Հայաստանի ներսում են այդ քննադատություններն ավելի շատ։
– Հայաստանի ներսում շատ լավ են անում, որ քննադատում են և այդկերպ իրենք ընդգծում են իրենց արժեքային կողմնորոշումները։ Այդ արժեքային կողմնորոշումներին ես համակարծիք եմ։ Եվ վստահ եմ՝ նույնը կիսում են նախագահն ու վարչապետը։
Բայց այսօր, այո՛, պետք էր այդ քայլը, որովհետև ես ճիշտ եմ հասկանում, չէ՞, մենք չենք պատրաստվում մեջքով շրջվել Բելառուսին։
Մենք տեսնում ենք, թե Ռուսաստանն ինչ խանդով է նայում այս իրադարձություններին, ինչ-որ տեղ նաև՝ վախով։ Մենք այսօր պատրաստվո՞ւմ ենք մեջքով կանգնել Բելառուսին։
– Նաև այն տեսակետն է շրջանառվում, թե Հայաստանի իշխանություններն այս քայլով փորձում են ցույց տալ ՌԴ ղեկավարությանը, որ նրանց հետ համամիտ են այդ հարցում։
– Բացարձակապես նման խնդիր չկա։ Մենք ուղղակի ուզում ենք ասել՝ մեզանից հեռու մնացեք։ Է՞ս եք ուզում, արարողակարգով սա՞ է հասնում՝ արել ենք։
Մենք պաշտոնական Մինսկի հայտարարությունը, թե ով է երկրի չակերտավոր նախագահ ընտրվել, ընդունում ենք ի գիտություն և արարողակարգով շնորհավորական տեքստն ուղարկում ենք։
Եվ մեզանից հեռու մնացեք, մենք հազար ու մի պրոբլեմ ունենք։ Եվ Բելառուսից 3000 կմ հեռավորության վրա գտնվող Հայաստանը չէ, որ պետք է որոշի, թե Բելառուսում ճիշտը ո՞րն է, սխալը՝ որը։
Ես սպասում էի, որ Եվրամիությունը կհավաքվեր, գնահատական կտար, Բելառուսի ղեկավարությանը սանկցիաների կենթարկեր։
Բացի դրանից, սպասում էի, որ Եվրամիությունը Ռուսաստանին կզգուշացներ, որ հանկարծ չփորձի քիթը մտցնել մեջը, հակառակ դեպքում կստանան պատժամիջոցներ։ Փոխարենը ես տեսնում եմ՝ նրանք արձակուրդում են։
Կներեք, բայց Հայաստանը չի կարող այդ ամենը վերցնել իր վրա։ Այո՛, եթե նրանք շարժվում են ռեալ պոլիտիկով, ապա ռեալ պոլիտիկով է շարժվում նաև Հայաստանը։ Հաճելի՞ է, ո՛չ։ Ստոմատոլոգի աշխատանքն էլ հաճելի չէ, բայց մեկը պիտի՞ անի։
– Բելառուսում սկիզբ առած այս զարգացումներն ի՞նչ ընթացք կարող են ստանալ։
– Եվրոպայի մեջտեղում գտնվող պետությունը չի կարող կառավարվել 60-ականների Լատինական Ամերիկայի դիկտատուրաների նման։
Երկրորդ՝ չի կարող միջնադարյան մոնղոլական ինչ-որ խանության նման կառավարվել։ Բելառուսներն ադրբեջանցի չեն։
Հետևաբար, մի օր այս խզումը պետք է մեջտեղից պայթեր։ Կրկնում եմ՝ հայտնի չէ՝ սա երբ կլինի՝ վա՞ղը, մե՞կ ամսից, մե՞կ տարուց, թե՞ 10 տարուց։ Սա պատմականորեն մեկ ակնթարթ է։
Ցանկալի ու բաղձալի վերջաբանի ցանկացած ուշացում ուղղակի մեր կյանքից օրեր է տանում, այնպես, ինչպես 20 տարի մեր կյանքից ջնջեցին Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը։
Այո՛, հայ ժողովուրդը պետք է ապրեր ազատ ու անկախ երկրում, նույնը Բելառուսում է։ Պատմական աղբը, անցյալի գարշահոտ լեշերը, այո՛, պիտի թաղվեն։ Նույնը՝ Ռուսաստանում։
Այո՛, Պուտինը շտապեց շնորհավորել, որովհետև գիտի, որ եթե Մինսկի փողոցը հաջողեց, հաջորդն ինքն է։
Եվ Սովետը թաղելու են նաև Մոսկվայի կենտրոնում՝ Լենինի ու Պուտինի հետ միասին։ Լուկաշենկոն վեցերորդ անգամ է ուզում դառնալ նախագահ։ Եթե մինչ այս նա դիմադրում էր ընդդիմադիրներին, ընդդիմախոսներին, այժմ նրա դեմ դուրս է եկել Սովետ չտեսած, Սովետով չփչացած չափահաս դարձած բելառուսների սերունդը։
Նույնը Ռուսաստանում է լինելու, որովհետև այնտեղ էլ մեծանում է Սովետ չտեսած, Սովետով չփչացած սերունդ։ Ի վերջո, Հայաստանում հեղափոխությունը հենց այդ սերունդն է արել։
Ռոզա Հովհաննիսյան
MediaLab.am