Հայկ Մարությանը պետք է դադարի միջամտել քաղաքաշինական հարցերին․ Դավիթ Խաժակյան

«Մեդիալաբի» հարցազրույցը Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հետ։

– Պարո՛ն Խաժակյան, երեկ արդեն պաշտոնապես հայտարարվեց, որ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը աշխատանքից ազատման դիմում է գրել։ Դուք՝ որպես Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցության ղեկավար, կամփոփե՞ք․ ի՞նչ էիք սպասում և ի՞նչ ստացաք նրա պաշտոնավարումից։

 – Սպասում էի առնվազն այն, ինչ պարոն Մեսչյանը իր պաշտոնավարման մեկնարկին որպես ծրագրային դրույթներ ներկայացնում էր հանրությանը։ 

Ես չեմ խոսում միայն մետրոյի նոր կայարանի, ճոպանուղու մասին։ Լավ, այդ ամենը, ենթադրենք, քաղաքական ձևակերպումներ էին, նախընտրական խոստումներից բխող գրավիչ մտքեր, բայց շատ կարևոր մի քանի մասնագիտական բան կար, որ ես պարոն Մեսչյանից ակնկալում էի, և նա էլ այդ մասին խոսել է։ 

Մենք քաղաքաշինական նորմերի մասով ունենք շատ վատ իրավիճակ, ունենք շատ թերի իրավական բազա, որի հիման վրա քաղաքում ինչ ասես կարելի է անել։ 

Պարոն Մեսչյանը երբ եկավ, հայտարարեց, որ պետք է ֆունդամենտալ աշխատանք կատարի, այնքան բարելավի այդ բազան, որ այլևս որևէ գլխավոր ճարտարապետ, այդ թվում՝ իրենից հետո եկող, չկարողանա քաղաքին վնաս տալ։ 

Ցավով եմ նշում, բայց այս ընթացքում իրավական կարգավիճակ ստացած որևէ փաստաթուղթ չձևավորվեց, որով կարող էինք ասել, որ ոլորտը ինչ-որ չափով կարգավորվեց։ Նա նաև ասել է, որ ինքնակամ շինությունների օրինականացման մասին կառավարության որոշումը թերի է, խնդրահարույց, բազմաթիվ պրոբլեմներ է առաջացնում քաղաքում, և նշում էր, որ այդ հարցը պետք է լուծվի։ 

Հիմա, փաստորեն, երկու տարին էլ չլրացած՝ պարոն Մեսչյանը լքում է իր պաշտոնը և թողնում այդ հարցերը այդպես էլ չլուծված։ Ես շատ չեմ ուզենա խոսել այս ընթացքում տրված շինթույլտվությունների մասին, որոնցից շատերը պարզապես խայտառակ շինթույլտվություններ էին և վնաս են հասցրել քաղաքին ու գտնվել են Մեսչյանի տեսադաշտում։ 

Ցավում եմ, որ մարդիկ դեռևս շատ են դրանց մասին խոսելու, որովհետև դրանք շատ լուրջ անհարմարություններ են պատճառելու քաղաքացիներին։

– Գուցե նրանից սպասումներն ուռճացված էին, և չե՞ք կարծում, որ ամեն ինչ նրանից չէր կախված, քանի որ այն, ինչ ասում եք, օրինակ՝ իրավական նորմերի մշակում, կարծես նրա իրավասությունը չէր։ Նա՞ պետք է մշակեր այդ նորմերը։

– Որպես գլխավոր ճարտարապետ՝ միանշանակ, իր ոլորտն էր։ Տեսեք՝ քաղաքապետն ունի տեղակալներ տարբեր ոլորտների գծով, բայց քաղաքն ունի նաև գլխավոր ճարտարապետ, որը, ըստ էության, ունի քաղաքապետի տեղակալի կարգավիճակ և համակարգում է ամբողջ շինարարական բլոկը։

Հասկանալի է, որ մանր-մունր շինթույլտվությունները կարող էին որոշվել միայն ճարտարապետական վարչության կողմից, որը ևս նրա լիազորությունների տակ է։ Բայց կանոնակարգումները պետք է մշակեր ինքը՝ պարոն Մեսչյանը։ 

Մեծ շինությունների դեպքում՝ միանշանակ, ամբողջը զեկուցվում էր Մեսչյանին, և Մեսչյանը ինքն այդ ամենը զեկուցում էր Մարությանին։ 

Եվ անգամ շատ շինարարներից խոսակցություններ էին գալիս, որ մեծ շինարարությունների դեպքում, երբ մտնում էին Մեսչյանի մոտ, նա հարցնում էր՝ արդյոք խոսե՞լ են քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանի հետ, որը, ինչպես գիտեք, զբաղվում էր շինթույլտվություն՝ նվերների դիմաց գործարքներով։ 

Անգամ գործարարներն ասում էին, որ երբ Մեսչյանը համոզվում էր, որ խոսել են Հայկ Սարգսյանի հետ, հետո միայն քննարկում էր բուն ճարտարապետական հարցերը։ Այս ամենն իհարկե ինձ համար տխուր է արձանագրել, բայց, ինչ արած, ունենք այն, ինչ ունենք։

– Նա նաև խոստացել էր ոտքի կանգնեցնել «Հին Երևան» նախագիծը․․․

– Կառավարության պատրաստի որոշում, պատրաստի նախագիծ, և սկսվեց շինարարություն։ Շինարարությունը ավարտվեց, վերջացավ, պետք է ինչ-որ լուծում տրվեր, որ այն ամփոփվեր։ 

Բայց հիմա էլ Երևանի քաղաքապետարանը, ենթադրում եմ՝ Մեսչյանի գլխավորությամբ, պնդում է՝ քանի որ այդ կառույցը այդտեղ ապօրինի է, չկա շինթույլտվություն, մնում է օդում կախված։ 

Մեսչյանը այստեղ պետք է իրականացներ վարչարարություն, օրինականացներ այդ շինությունը և նախագիծը ավարտին հասցներ, որպեսզի այդ շինհրապարակը փակվեր։ Բայց այդպես չարվեց, և ես կարծում եմ, որ այս պարագայում ավելի շատ կամքի բացակայությունն էր։ 

– Ըստ Ձեզ՝ նա հեղինակազրկվա՞ծ հեռացավ։

– Ես չէի ուզենա նման ձևակերպում տալ, բայց, կարծում եմ՝ նա չարդարացրեց մարդկանց ակնկալիքները, և ես չեմ կարող ասել, որ նա Մարությանի հետ չկարողացավ աշխատել։ Դա էլ է պատճառ։ 

Ակնհայտ է, որ այն խաղի կանոնները, որոնք սահմանել էր Մարությանը, նա ընդունել էր։ Եթե նա համաձայնում է, որ շինթույլտվության դիմաց ինչ-որ կազմակերպություն համայնքին ինչ-որ «ԿամԱզ» կամ այլ նվեր տված լինի, դա ի՞նչ է նշանակում։ 

Դա, ըստ էության, լիազորությունների չարաշահում է և հաստատ՝ իր լիազորություններից չբխող գործառույթ։

– Ձեր կարծիքով՝ ընդհանրապես, ո՞վ կարող է լինել Երևանի ճարտարապետ։

– Դա կարող է լինել մի մարդ, որը կնշանակվի և Մարությանին կասի, որ նա ոչինչ չի հասկանում քաղաքաշինությունից և պետք է ստորագրի բոլոր այն որոշումները, այն շինթույլտվությունները, որոնք նպատակահարմար կգտնի ճարտարապետական բլոկը, և պահանջի, որ Մարությանը որևէ միջամտություն այդ հարցերին չցուցաբերի։ 

Այն պահից, երբ Հայկ Մարությանը կդադարի քաղաքաշինական հարցերի վերաբերյալ որոշումներ կայացնել, գուցե իրավիճակի ինչ-որ լուծում կունենանք։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am