Շաթիրյանը ՍԴ դատավորի թեկնածու լինելու առաջարկ է ստացել. Եթե պատրաստ եմ գնալ հանդիպման, ապա տրամադրվածությունս դրական է

«Մեդիալաբի» հարցազրույցը իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Էդգար Շաթիրյանի հետ

– Պարո՛ն Շաթիրյան, այսօր մամուլում տեղեկություն էր հրապարակվել, որ ձեզ առաջարկվել է դառնալ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու։ Ճի՞շտ են այդ տեղեկությունները։

– Այդ առնչությամբ եղել է զուտ նախնական խոսակցություն, սաղմնային վիճակում է այդ խոսակցությունը։ Պաշտոնական առաջադրում, բնականաբար, չի եղել։

Պաշտոնական առաջադրում կլինի այն բանից հետո, երբ տեղի կունենա հանդիպում համապատասխան սուբյեկտների հետ, առաջին հերթին՝ Ազգային ժողովի իշխող խմբակցության հետ։ 

– Հրապարակման մեջ նշվում էր, որ այդ հանդիպումը կայացել է։

– Այո՛, նույնիսկ՝ օր, ժամ և վայր էին նշել, բայց առայժմ ինձ որևէ մեկը չի ծանուցել հնարավոր հանդիպման մասին։

– Այսինքն՝ հաստատում եք, որ առաջարկություն եղել է։

– Այն, որ նման բան եղել է, այո՛, չեմ ժխտում։ Բայց այս պահի դրությամբ, երբ ձեզ հետ զրուցում եմ, հանդիպման մասին որևէ ծանուցում չեմ ստացել։ 

– Լավ, պարզ է։ Պարո՛ն Շաթիրյան, ձեր տրամադրվածությունն ինչպիսի՞ն է, պատրա՞ստ եք գնալ Սահմանադրական դատարան։

– Վերջնական թե՛ դրական, թե՛ բացասական պատասխան կարող եմ տալ իմ տեսլականը համապատասխան սուբյեկտների հետ քննարկելուց հետո։ Այդ քննարկումները ինքնանպատակ չեն։

Նախ՝ կարևոր են այդ հանդիպումների ձևաչափը և դրանց համատեքստում բարձրացվող հարցերի շրջանակը։ Մարդիկ թող իրենց տեսլականը ներկայացնեն այս կամ այն հարցի շուրջ, կունենան հարցեր, ես կներկայացնեմ իմ մոտեցումներն ու պատասխանները, ըստ այդմ էլ թող իրենք գան եզրահանգման։

Առաջադրողը կառավարությունն է։ Հասկանալի է՝ եթե պատրաստ եմ գնալ հանդիպման, ապա տրամադրվածությունս դրական է։

– Դուք նման հանդիպումների, ընտրական գործընթացի մի փուլ արդեն անցել եք Ազգային ժողովում, և ձեզ արդեն հայտնի են իշխող խմբակցության մոտեցումները, պահանջները։ Պատրա՞ստ եք նորից անցնել այդ ճանապարհով։ 

– Իհարկե, անցել եմ այդ փուլը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածության առաջադրման համատեքստում։ Բայց, այնուամենայնիվ, եկեք նկատի ունենանք, որ այս դեպքում խոսքը վերաբերում է դատական իշխանության մարմնին, և հասկանալի են թե՛ կարգավիճակային առանձնահատկությունները, թե՛ բովանդակային, և այդ առումով հարցերի շրջանակը, ենթադրում եմ՝ կարող է այլ լինել։ 

– Պարո՛ն Շաթիրյան, տեսակետ կա, որ ծանրակշիռ, կայացած իրավաբանները հրաժարվում են գնալ Սահմանադրական դատարան։ Ինչպե՞ս եք դրան վերաբերվում։

– Անկեղծ ասած, դիրքորոշումս հետևյալն է՝ յուրաքանչյուրն ինքն է որոշում։ Այլ հարց է, թե այդ իրավաբաններից քանիսին է պաշտոնապես առաջարկ արվել, որ իրենք էլ մերժել են կամ ցանկություն չունեն գնալու։

Չեմ բացառում, որ նման երևույթ կա, ուղղակի ասելիքս այն է, որ յուրաքանչյուրն ինքն է որոշում՝ ինչպես արտահայտել իր դիրքորոշումը։ 

– Կառավարության առաջարկած նախորդ թեկնածուն, որ ինքնաբացարկ էր հայտնել, պատճառաբանել էր, թե խորհրդարանական մեծամասնության և իր մոտեցումները ՍԴ դատավորի հետ կապված շատ հարցերում համահունչ չեն․․․

– Ձեռնպահ կմնամ պարոն Ավետիսյանի հայտարարությունները մեկնաբանելուց։ Մենք միասին բավական երկար ժամանակ աշխատել ենք Երևանի պետական համալսարանում, գործընկերներ ենք եղել, բավական նորմալ հարաբերությունների մեջ ենք։

Ասելիքս այն է, որ դա բացառապես իր և իրեն առաջադրած ուժի լուծելիք խնդիրն է։ Ինչ վերաբերում է պատգամավորներին, հասկանալի է, որ բոլոր դեպքերում նրանց կարծիքը վճռական է։

Ես, անկեղծ ասած, չեմ խորացել հանդիպումների բովանդակային ասպեկտի մեջ և չեմ բացառում, որ իմ պարագայում էլ տարբեր հարցեր հնչեն, և, հնարավոր է՝ մարդիկ մտահոգություններ ունենան․․․Այնպես չէ, որ ես իդեալական եմ, մյուսները՝ ոչ։ 

– Բայց դուք բազմաթիվ աղմկահարույց գործերով դատավոր հայր չեք ունեցել կարծես․․․

(Ծիծաղում է – հեղ․) Այդ հանգամանքը հասկանալի է, որ քննարկման առարկա չի կարող դառնալ։ Բայց էլի եմ ասում՝ կախված է նրանից, թե մարդիկ հարցադրումների ի՛նչ շրջանակ են կարևորում, ի՛նչն է նրանց համար առաջնային։

– Կոնկրետ ումի՞ց եք ստացել այդ առաջարկությունը, եթե գաղտնիք չէ։

– Իհարկե գաղտնիք չէ, եթե առաջադրում լինի, պաշտոնապես առաջադրողը լինելու է կառավարությունը։ Բնականաբար, միշտ էլ պաշտոնական առաջադրումներին նախորդում են զրույցներ, չեմ կարծում, թե տարօրինակ բան կա։ Ես անկեղծ եմ ասում՝ նախնական զրույց, այո՛, եղել է։

Կարող էի ժխտել, բայց իմաստ չեմ տեսնում։ Բայց ասել, որ պաշտոնապես առաջադրվել եմ, համաձայնություն կա, քննարկումեր եղել են, չեմ կարող ասել։ Նման բան չկա։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am