«Ինչքան շատ իրենք խոսեն, այնքան շատ են խրվելու իրենց իսկ ստեղծած ճահճի մեջ, այդ ստի, կեղծիքի, թալանի մեջ». Երգահանը՝ Սերժ Սարգսյանի ասուլիսի մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է երգահան Էդվարդ Զորիկյանը

– Պարո՛ն Զորիկյան, ինչպե՞ս եք գնահատում Սերժ Սարգսյանի ասուլիսը, ընդհանրապես, մեծ հաշվով, այդ ասուլիսում նորություն կա՞ր, թե՞ ոչ, ինչ նպատակով էր այն կազմակերպվել։

– Ես սկզբից մինչև վերջ լսեցի ասուլիսը և կարող եմ ասել, որ մարդը չի փոխվել։ Կյանքի ընթացքում ոչինչ չի փոխվում, ով ինչ կա, էդ է, հետևաբար, այդ առումով ոչ մի բացահայտում չեղավ։ 

Այսինքն՝ սուտ ստի վրա, սուտ ստի վրա։ Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ իր խոսքում ո՛չ անկեղծություն կա, ո՛չ ազնվություն։ Ասում է՝ ես դա նկատի չունեի, ինձ ճիշտ չեք հասկացել։  Էն ժամանակ ասեիր՝ ճի՞շտ ենք հասկացել, թե՞ սխալ, էն ժամանակ էլ էինք այդ ամեն ինչից վրդովված։ 

Հարց են տալիս, որ քառօրյայի ժամանակ այսքան զոհ տվեցինք, ասում է՝ մենք հաղթել եք։ Սոցցանցերում ընկերներիցս մեկը գրել էր՝ եթե դա այդպես մեծ հաղթանակ էր, ինչու ամեն տարի չենք տոնում։ 

Օրինակ՝ Շուշիի հաղթանակը ամեն տարի տոնում ենք։ Ի վերջո, Շուշիի ազատագրման ժամանակ էլ են զոհեր եղել։ Մենք վաղուց հոգնել էինք իրենից, և հենց այդ պատճառով ինքը մերժվեց ժողովրդի կողմից։ 

Ինչքան շատ իրենք խոսեն, այնքան շատ են խրվելու իրենց իսկ ստեղծած ճահճի մեջ, այդ ստի, կեղծիքի, թալանի մեջ։ 

– Ինչո՞ւ էր պետք հիմա այդ ասուլիսը տալ, երբ սպասվում է ապրիլյան պատերազմի հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովի եզրակացությունը։ 

– Չգիտեմ, գուցե շրջապատն է հարկադրել։ Այդպիսի բան կա, որ մի հոգին քաշեց բոլորին, ոչ միայն ՀՀԿ-ականներին, այլև բոլորին, որոնք այդ ժամանակ տարբեր պաշտոնների են եղել։ 

Գուցե նրան ասում են՝ մի բան արա, մի ձևով մաքրիր մեր վրայից այս կեղտը, որ հաջորդ ընտրություններին 100 տոկոսով շանս չունեն, բայց գոնե դրան հաջորդող ընտրություններին կարողանան մասնակցել։ Բայց նման կեղտը չի մաքրվում։ 

– Արդեն 2,5 տարի Հայաստանն ունի նոր իշխանություն, բայց դեռ նախկին իշխանության ներկայացուցիչները ընդհուպ մինչև սպառնում են։ Մասնավորապես, Վլադիմիր Գասպարյանն է Սևանում սպառնում լրագրողներին, Սերժ Սարգսյանը համարձակ ելույթներ է ունենում։ Սա որքանո՞վ է այս իշխանության մեղավորությունը։ 

– Ես զարմացա, որ լրագրողներին մտնելուց առաջ ստուգում էին մետաղորսիչ սարքով։ Սկզբում հարց եղավ, և Սերժ Սարգսյանն ասաց՝ ձեր անվտանգության համար է դա։ Վաղը որ հարցնես, թե ինչի՞ համար էր դա, ես համոզված եմ, որ լրիվ ուրիշ բան կասեն։ Ասում է՝ ձեր անվտանգության մասին եմ մտածում։ 

Սա սպառնալիք է, այսինքն՝ ասում է՝ երբ դուք ինձ հետ մասնակցում եք ասուլիսի, լավ իմացեք՝ ձեր կյանքին վտանգ է սպառնում։ Սա է ենթատեքստը։ Ու նրա ամբողջ խոսքն էր այդպիսին, այնպես չի, որ 1-2 սայթաքում է եղել։ Սայթաքում չկա, դա իրականությունն է։ 

– Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ապրիլյան պատերազմը հաղթանակ էր, որ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը վրիպել էր, երբ ասել էր, թե բանակում դիզվառելիքն անորակ է եղել, ինչի հետևանքով զինտեխնիկան լավ չի աշխատել։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունները։

– Նման հարցերը չպետք է տալ Սերժ Սարգսյանին, այդ հարցերը պետք է տալ այն տղաներին, որոնք վառելիքի ու զենքի պակասն ունեցել են սահմանին։ Այդ դեպքում կունենանք միակ ճշմարիտ ու ռեալ պատասխանը։ 

Սահմանին կանգնած տղաներն ասում են՝ զենք չենք ունեցել, զինամթերք չենք ունեցել, զանգեցին ասացին՝ նահանջեք, չենթարկվեցինք, շարունակեցինք պահել դիրքերը։ 

Տղաները դա են ասում, իսկ էս մարդը եկել ասուլիս է տալիս ու ասում՝ զենքի պակաս չի եղել, փամփուշտը ծով էր, վառելիքն էլ՝ բարձրորակ։

Ա՛յ տղա ջան, սուտ եղել ես, սուտ մնացել ես, տենց սուտ էլ գնալու ես։ Ասուլիսի սկզբում, երբ դիտում էի, քմծիծաղ էր առաջանում, կատակ անելու ցանկություն էր առաջանում, բայց քիչ-քիչ նյարդայնանում ես այդ լկտիության վրա։ 

Ոնց որ «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի հերոսն ասում է՝ մարդուն բռնում ես գողության վրա, ասում է՝ ես գող չեմ, փիլիսոփա եմ։ Հիմա իրենցն է, իրենք փիլիսոփա են, իրենք երկրի հիմքերը չեն խարխլել, քայքայել ներսից։

– Հնչում է տեսակետ, որ նախկինները խոսելու իրավունք չպետք է ունենային, քանի որ նրանց նկատմամբ արդարադատությունը պետք է արդեն գործած լիներ։ Կարծում եք, որ այս մասով իշխանությունն ուշացե՞լ է։

– Ես ինչ կարող եմ ասել, ամեն քաղաքական ուժ իր գործելակերպն ունի։ Ի վերջո, մենք իրենց ընտրում ենք ու քաշվում մի կողմ։ Հիմա խոստում են տվել, որ սա կանենք, սա կանենք, նա կանենք։ 

Չեն ասել՝ այսինչը կանենք 2 ամսում, այնինչը կանենք մեկ տարում կամ 5 տարում։ Ես ամեն դեպքում լավ բաները տեսնում եմ, օրինակ՝ ճանապարհաշինությունը։ Այս իշխանությունը բյուջեն չի գրպանում, իսկ դա ամենակարևորն է։ 

Իշխանությունից բոլոր հեռացողները միշտ թողել են դատարկ գանձարան։ Այսինքն՝ ցանկացած իշխանության ժամանակ գանձարանը դատարկելու գործընթաց է գնացել։ 

Ոչ մեկը գանձարանում գումար չի թողել, որ հաջորդ իշխանությունը գա ու գանձարանում գումար լինի։ Սովորաբար առաջին «ընտրվելուց» հետո ինչ-որ բաներ են արել, որ գանձարանը լցվի, երկրորդ «ընտրվելուց» հետո դատարկել են մինչև վերջին լուման և հանձնել մյուսին։ 

Պատկերացրեք, թե ինչ դատարկ է եղել գանձարանը Նիկոլ Փաշինյանի գալու ժամանակ։ Ու այդքանից հետո նման թափով շինարարություն է ընթանում ճանապարհներին։ Ընդ որում, շատ դեպքերում ոչ թե նորոգում են, այլ զրոյից ճանապարհ են սարքում։ Նման բան չի եղել երբեք, ո՛չ խորհրդային տարիներին, ո՛չ Լևոնի ժամանակ, ո՛չ Քոչարյանի, ո՛չ էլ Սերժի։ 

Իհարկե, պետք է գնահատական տրվեր, իհարկե, պետք է ավելի արագ արձագանքեին շատ բաների, դատական պրոցեսները չպետք է այսքան երկարեին։ Ես իմ ընտրությունն արել եմ և համենայնդեպս տեսնում եմ, որ այսօրվա իշխանությունը չի շարունակում թալանել բոլորին։ 

Կուզենայի, որ այս իշխանության ժամանակ հենքն այնպես կառուցվեր, որ ոչ մի հաջորդ իշխանություն չկարողանար օրենքները շրջանցելու տարբերակներ ունենար։ Որ հետո Սերժ Սարգսյանի պես չասեր՝ ես դա նկատի չունեի։ 

Եղբա՛յր, երկրի նախագահ ես եղել, քո խոսքը պետք է միանշանակ լինի բովանդակային առումով, առնվազն քո ժողովրդի հետ խոսելիս։ Այլ բան, որ, ասենք, Ալիևի հետ ես խոսում, հետո կարող ես ասել՝ ես դա նկատի չունեի։ 

Բայց երբ քո ժողովրդի խոսելիս ասում ես՝ ես դա նկատի չունեի, ես դա անում էի սրա համար, նրա համար չէի անում։ 

Մեկ էլ մնում է ասի, որ բանկային հաշիվներում այդքան միլիոն դոլարներ չկան։ Էս ո՞ւմ եք էշի տեղ դրել, էս ինչե՜ր եք ձեզ թույլ տալիս։ 

Մանե Հարությունյան

MediaLab.am