6-ամյա երեխայի մահվան պատճառը բռնության արդարացումն է, պետական ինստիտուտների չգործելը, հասարակության անտարբերությունը. Պատգամավոր

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը

– Օրերս ահասարսուռ դեպքի մասին լսեցինք, երբ Խաշթառակ գյուղում պապն ու հորաքույրը 6-ամյա երեխային այնպես էին ծեծել, որ մահացել էր:

Երբ խոսվում է երեխաների, կանանց իրավունքների պաշտպանությանն ուղղված կոնվենցիաներին միանալու մասին, դա բուռն հակազդեցություն է առաջացնում հանրության շրջանում, անգամ ակցիաներ են կազմակերպվում, նշվում է, որ Հայաստանում ընտանեկան բռնություն չկա, որ դրանք այլասերված կոնվենցիաներ են, որոնք պարտադրվում են Հայաստանին:

Այս դեպքն ապացուցում է, որ մենք իրականում երեխաների պաշտպանության և, ընդհանրապես, ընտանեկան բռնության լրջագույն խնդի՞ր ունենք, և, միանալով այդ կոնվենցիաներին, կարողանալո՞ւ ենք այդ խնդիրները լուծել:

– Սարսափելի դեպք է, սարսափելի հետևանքով, և սա բոլորիս ցավն ու ամոթն է: Ամեն օր ընտանեկան արժեքների համար կուրծք ծեծող և ընտանեկան բռնության մասին խոսողներին դավաճան անվանող խմբակները կարծես չեն նկատում այս ահասարսուռ դեպքը, և եթե հենց վաղը օրակարգ բերվի ընտանեկան բռնության դեմ պայքարի մեխանիզմների բարելավման հարցը, նույն ջերմեռանդությամբ պնդելու են, թե մեր երկրում ընտանեկան բռնություն չկա։ 

Անշուշտ սա համատարած չէ, բայց անգամ մեկ դեպքը բոլորիս պետք է սթափեցնի, սա տարիներ շարունակ բռնության մշակույթի քարոզի հետևանք է, տարիներ շարունակ սոցիալական ծառայության ինստիտուտների չկայացման և անգործության հետևանք է։ 

Տարիներով բռնության արդարացումն ու քարոզն արվում էին բոլոր մեդիաներով, բոլոր մակարդակներում, բռնությունը որպես դաստիարակչական մեթոդի արդարացման և դրա դեմ պայքարողներին դավաճանի պիտակ կպցնելով շատ ավելի խորքում իրականում պայքար էր հենց առողջ և բռնությունից զերծ ընտանիքի և հասարակության կայացման դեմ։ 

Այս ուղղությամբ աշխատել են բազմաթիվ խմբեր, հստակ ծրագրով և ֆինանսական աջակցությամբ՝ ընտանիքում բռնության դեմ պայքարի ցանկացած քայլ որակելով որպես մեր ազգային արժեքների խաթարում, ազգային կամ ավանդական արժեքների ներքո արդարացնելով բռնությունն ու անարգանքը, մինչդեռ մեր ընտանեկան արժեքներում, մեր ավանդական արժեքներում բռնությունը երբեք չի արդարացվել, երբեք ընդունելի չի եղել, դրանք միշտ մերժելի են եղել՝ դեռևս Գոշի Դատաստանագրքով: 

Վերջին տարիներին ակտիվացած ավանդական արժեքների այդ կեղծ պահապաններն իրականում այլ նպատակ ունեն՝ թույլ չտալ առողջացնել հասարակությունը, նվազեցնել բռնությունը ներհասարակական հարաբերություններում, բացառել ընտանիքում բռնության հետևանքները կանխող ինստիտուտների ստեղծումը և զարգացումը, որոնք իրապես նպաստելու են նման անդառնալի հետևանքով դեպքերի նվազեցմանը և ընտանիքների առողջացմանը, հետևաբար նաև՝ պետության հզորացմանը։ 

6-ամյա երեխայի մահվան այս դեպքի պատճառները մի քանի շերտերում են՝ հետևանք են բռնության արդարացման, պետական ինստիտուտների ոչ բավարար գործելու և հասարակության անտարբերության։ 

Երեխաների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովները հիմնականում ձևական բնույթ ունեն, մասնագիտական կառույցներ չեն, դրան գումարվում են հասարակության անտարբերությունը և այն մտայնությունը, որ որևէ կերպ չպետք է միջամտենք ընտանիքի ներսում տեղի ունեցողին: 

Տեսեք՝ Խաշթառակը փոքր համայնք է, և ես վստահ եմ՝ բոլոր հարևանները շատ լավ իմացել են, թե այդ ընտանիքի ներսում երեխաներն ինչ վիճակում են: Եվ հենց ամենասարսափելին այդ հանդուրժողականությունն է, մեր հասարակության մեծ մասը հանդուրժում և արդարացնում է բռնությունը: 

Մենք հանրույթ ենք, որը հանդուրժում է բռնությունը: Դա ամենասարսափելի բանն է, և այստեղ ուզում ես հարյուրավոր կոնվենցիաներ ընդունի, ամենախիստ օրենքներն ընդունի, եթե մենք որպես հանրույթ շարունակում ենք քարոզել բռնությունը որպես դաստիարակչական մեթոդ, երբ մենք շարունակում ենք հանդուրժել բռնությունը որպես մեր հասարակական և ընտանեկան հարաբերությունների նորմ, այդտեղ օրենքները չեն օգնելու: 

Մենք որպես հասարակություն պետք է փոխվենք, և դա պետք է արվի մանկապարտեզից սկսած։ 

Այստեղ ես շատ կարևորում եմ նաև եկեղեցու դերը: Եթե այդ համայնքում ուժեղ հովիվ լիներ, շատ կարևոր դերակատարում հենց նա կարող էր ունենալ: Բայց նաև ուզում եմ փաստել, որ տվյալ դեպքում պետական մեկ ինստիտուտ գործել է, համայնքի ղեկավարը, փաստորեն, մեկ անգամ միջամտել է և փորձել է երեխաներին ուղղորդել մանկատուն: 

Երեխաները ինչ-որ մի շրջան մանկատանն են եղել, սակայն հորաքույրը հետ է վերցրել երեխաներին։ Այստեղ գործել է այն հիմնական սկզբունքը, որ երեխան պետք է ապրի կենսաբանական ընտանիքում, և, դրանից ելնելով, այո՛, բարեկամները երեխային շատ ավելի հեշտությամբ են վերադարձնում ընտանիք, քան երեխային մանկատուն տանելն է: 

Բայց այդ դեպքից էլ պետք է լուրջ հետևություններ անել և այս գործընթացի վերահսկողությունը խստացնել, երկար ժամանակ վերահսկել, թե արդյոք իրապես անվտա՞նգ է մանկատներից ընտանիք վերադարձնելը: 

Սա շատ կարևոր հարց է: Ամեն դեպքում այստեղ մի քանի շերտ խնդիրներ ունենք՝ հասարակական հարաբերություններում բռնության նկատմամբ հանդուրժողականությունը, պետական ինստիտուտների անկատարությունը, տարիների քարոզը, որ բռնությունը մեր ընտանեկան արժեքն է, և որևէ ինստիտուտ այստեղ անելիք չպետք է ունենա: Այստեղ բոլորս ունենք մեր մեղավորությունը: 

– Հարևանները կարո՞ղ էին, օրինակ՝ ոստիկանություն դիմել, բայց չեն դիմել: Ձեր կարծիքով՝ պատճառն անտարբերությո՞ւնն է, թե՞ մտածել են, որ չպետք է խառնվել ուրիշի ընտանիքի խնդիրներին:

– Իհարկե հիմնական պատճառը չմիջամտելն է, ոչ միայն չմիջամտելը, այլև որպես ընդունելի դաստիարակչական մեթոդ ընդունելը, սովորաբար մտածում են, որ մայրը, հայրը կամ հորաքույրը դաստիարակում են երեխային, մի հատ էլ հայրական ապտակ կարող է ստանալ, նորմալ է: 

Հենց դա է սարսափելին, երբ մենք դաստիարակչական մեթոդներում լիովին ընկալելի և հանդուրժելի ենք համարում ծեծը: Բայց նաև անտարբերությունն իհարկե եղել է: Փոքր համայնքում սովորաբար բոլորը բոլորին գիտեն, բոլորը բոլորի ընտանիքներում տեղի ունեցողներին ծանոթ են: 

Անտարբերությունն առկա է շատ ավելի մեծ համայնքներում, երբ, օրինակ՝ եթե հիշում եք՝ մայրը 9 տարեկան երեխային գլխին հարվածելով փորձել էր սպանել և ինքնասպան էր եղել: 

Ես այդ ժամանակ երկար խոսել եմ հարևանների և ուսուցիչների, այսինքն՝ բոլոր հնարավոր անձանց հետ, որոնք և՛ ծնողի հետ էին առնչվում, և՛ երեխայի: Հարևանները շատ լավ հասկանում էին և ասում էին՝ այո՛, գիտեինք, որ խնդիրներ կան: 

Բայց որևէ մեկը որևէ տեղ չէր դիմել, չէին փորձել կանխել հնարավոր հետևանքները, նույնը նաև Ռոզա Ալոյանի դեպքում, որն իր երկու մանկահասակ երեխաներին կախել էր ու սպանել։ Նույն պատասխանն էի ստանում հարևաններից՝ դե մեր ինչ գործն է․․․ 

Այս ընկալումները պետք է փոխվեն, այս անտարբերությունը և ոստիկաններին ոչ մի դեպքում չդիմելու մշակույթը պետք է փոխվեն, իսկ մինչ այդ սոցիալական աշխատողի ինստիտուտը պետք է հզորացնել, որպեսզի մասնագիտական մոտեցմամբ խոցելի ընտանիքները աջակցության հնարավորություն ունենան։ 

– Խաշթառակում երեխայի մահվան հարցում պետությունը կոնկրետ պատասխանատվություն ունի՞:

– Բոլորս պատասխանատվություն ունենք, դրա համար եմ ասում, որ խնդիրն առնվազն մի քանի շերտ ունի: Եվ պետական մարմինների ոչ պատշաճ արձագանքը, որովհետև այստեղ խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անդամները անգամ եթե երեխային վերադարձրել էին մանկատնից, անընդհատ այցերով, երեխաներին հետևելով պետք է մոնիթորինգ իրականացրած լինեին՝ հասկանալու համար, թե արդյոք այդ երեխաները վտանգի մեջ չե՞ն: Որքան հասկանում եմ՝ դա չի իրականացվել, բայց դեռ պնդել չենք կարող, քանի որ մանրամասն չենք ուսումնասիրել։

Պետք է շեշտեմ նաև, որ մոտավորապես 5 տարի շարունակ խոսվում է, որ կարգը պետք է փոխվի, որ խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովներում պրոֆեսիոնալներ չեն: 

Այնտեղ մարդիկ չեն էլ վճարվում, հասարակական հիմունքներով աշխատող մարդիկ են, որոնք պրոֆեսիոնալ մակարդակում չեն փայլում: Շատ հաճախ գյուղերում այդ հանձնաժողովների գխավորում են համայնքի ղեկավարները կամ դպրոցի տնօրենները և այլն: 

Այդ մարդիկ ո՛չ կարողություն ունեն երեխայի՝ վտանգի տակ լինելու փաստը ճիշտ արձանագրելու, հասկանալու, ո՛չ հոգեբանական վիճակի գնահատական տալու փորձառություն ունեն: Այս ողջ համակարգը պետք է փոխվի, և շատ ավելի գործուն մեխանիզմներ ներդրվեն։ 

Այս դեպքը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե որքան անպաշտպան են երեխաները, երեխաների պաշտպանության համար նախատեսված ինստիտուտների ոչ պատշաճ աշխատանքը, ոչ ճիշտ կարգավորումը, հասարակական հարաբերությունների և նորմերի խեղաթյուրված ընկալումները, բռնության, կեղծ արժեքների քարոզը հենց այսպիսի ճակատագրական ու անդառնալի հետևանքների են հանգեցնում։ 

Մանե Հարությունյան

MediaLab.am