Մկնդեղ, սնդիկ, քրոմ, կապար` երեխաներին. Հայաստանում վաճառվող խաղալիքների մեծ մասը պարունակում է թունավոր քիմիական տարրեր

Մկնդեղ, սնդիկ, քրոմ, կապար` երեխաներին. Հայաստանում վաճառվող խաղալիքների մեծ մասը պարունակում է թունավոր քիմիական տարրեր
Մկնդեղ, սնդիկ, քրոմ, կապար` երեխաներին. Հայաստանում վաճառվող խաղալիքների մեծ մասը պարունակում է թունավոր քիմիական տարրեր

Տիկնիկներ, բիժուտերիա, խոհանոցային սպասք, շրթներկ և երեխաների համար նախատեսված մանկական մի շարք այլ խաղալիքներ, ըստ հետազոտությունների, պարունակում են քիմիական ծանր մետաղներ՝ մկնդեղ, սնդիկ, քրոմ, կապար:

«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի «Խաղալիքներն առանց թույնի» ծրագրի շրջանակներում Երևանի տարբեր տաղավարներից և խանութներից հետազոտության համար վերցվել է 68 խաղալիք:

Հետազոտությունները ցույց են տվել, որ խաղալիքների 20 տոկոսը պարունակում է առնվազն մեկ ծանր մետաղ, որի խտությունը գերազանցում է սահմանային թույլատրելի խտությունը և խիստ վտանգավոր է երեխաների առողջության համար:

Ըստ «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ փորձագետ Լիլիկ Սիմոնյանի` Հայաստան ներկրվող խաղալիքների մոտ 80 տոկոսը ներկրվում է դրսից: Ներկրված խաղալիքների մեջ 80 տոկոսը բաժին է ընկնում Չինաստանին, որոնց մեջ էլ հետազոտությամբ հիմնականում բարձր խտությամբ թունավոր նյութեր են հայտնաբերվել:

«Շուկան ողողված է չինական արտադրության խաղալիքներով: Ո՞վ է ներկրում, ո՞նց է ներկրում` չգիտենք,- ասում է Սիմոնյանը: – Եվ առանց սերտիֆիկատի են ներկրվում, ոչ մի խանութում, ոչ մի կազմակերպությունում սերտիֆիկատ չեք կարող գտնել, բացի ֆիրմային խոշոր խանութներից՝ «Չիկոն», «Պիկոլինոն» ու տեղական արտադրության «Մանկան» խանութը, որոնց խաղալիքները ստուգել ենք, և պարզվել է, որ մաքուր են»:

Սիմոնյանը հավելում է, որ տեղական արտադրության ընդամենը մեկ-երկու խաղալիք են գտել տոքսիկ նյութեր պարունակող:

Մասնագետների հավաստմամբ` խաղալիքներում ամենահաճախ հանդիպողը կապարի բարձր պարունակությունն է, սակայն հանդիպել են նաև այնպիսի վտանգավոր տարրեր, ինչպիսիք են` մկնդեղը, ծարիրը, կապարը, սնդիկը, քրոմն ու կադմիումը:

«Երեխան եթե խաղա այդ խաղալիքներով, հետո ձեռքը տանի բերանը կամ խաղալիք սպասքի մեջ լցնի հեղուկ ու խմի, այդ ժամանակ կարող է այդ ծանր մետաղն անցնել ջրի մեջ կամ անմիջապես ներծծվել մաշկի միջոցով, կամ անցնել օրգանիզմ աղեստամոքսային համակարգով: Շատ խաղալիքներ երեխաները կրծում են խաղալիս, տանում բերանը, նույնիսկ քիթն են մտցնում»,- ասում է փորձագետ Քնարիկ Գրիգորյանը և հավելում, որ խնդիրն այնքանով է կարևոր ու վտանգ պարունակող, որ այդ խաղալիքները շատ մատչելի գներով են վաճառվում և հասանելի են ցանկացած ընտանիքի:

Ըստ փորձագետների՝ կապարի թույլատրելի խտությունը հողում, որի վրա քայլում է երեխան, 32 մգ/կգ է, իսկ ստուգված մանկական խաղալիքներում այն տատանվում է 32 մգ/կգ-12140 մգ/կգ, այսինքն` մոտ 350 անգամ գերազանցում է թույլատրելի խտությունը:

Իսկ, օրինակ՝ 3-8 տարեկան աղջիկների շրջանում օգտագործվող մանկական շրթներկի մեջ սնդիկի պարունակությունը նորման գերազանցել է 250 անգամ:

Մանկաբույժ-ալերգաբան Աստղիկ Բաղդասարյանը նշում է, որ խաղալիքներում տոքսիկ նյութերի բարձր խտությունը կարող է հանգեցնել թունավորման:

«Երկարատև շփման ընթացքում այդ քանակությամբ քիմիական նյութերը կուտակումներ են առաջացնում և հանգեցնում ծանր թունավորումների: Ախտահարումներից ավելի հաճախ հանդիպում է լյարդի ախտահարումը: Մանկական խաղալիքները պետք է առավելագույնս անվտանգ լինեն, որովհետև թե´ կարճաժամկետ, թե´ երկարաժամկետ շփման ընթացքում այն, միևնույն է, անցնում է օրգանիզմ, կուտակումներ առաջացնում: Շփումը պետք է կանխարգելել»,- ասում է մանկաբույժ-ալերգաբանը:

Բաղդասարյանի խոսքով` փի-վի-սի (PVC) պլաստիկը, որը նույնպես պարունակում է նման տոքսիկ նյութեր և աշխարհում համարվում է ամենավտանգավորը, կարող է առաջացնել ուռուցքներ, վնասել նյարդային համակարգը, բերել վաղաժամ հասունացման և մարսողության համակարգի խանգարման:

«Պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն խաղալիքներին, այլև փի-վի-սի պլաստիկից պատրաստված ամաններին, որոնց մեջ պահվում է երեխայի սնունդը սառնարանում, այնուհետև այդ ամաններից կերակրում են նրան»,- ասում է Բաղդասարյանը և հավելում, որ տոքսիկ նյութերը ներթափանցում են օրգանիզմ և´ մաշկի միջոցով շփման ընթացքում, և´ խաղալիքը կամ ձեռքերը բերանը տանելիս:

Անվնաս խաղալիք գնելու որևէ երաշխիք չունենալու պարագայում փորձագետ Գրիգորյանը խորհուրդ է տալիս ծնողներին մանկական խաղալիքներ գնել այն խանութներից, որոնք ունեն անվտանգության վերաբերյալ հավաստագիր:

«Քանի որ ոչ բոլոր չինական խաղալիքներն են թունավոր, կան խաղալիքներ, որ նորմալ են արտադրում նրանց մոտ և անվտանգ են: Գույներից, լաքերից չես կարող կողմնորոշվել, հիմնականում պետք է էտիկետը կարդալ, նայել: Իսկ ծնողը, որ խաղալիք է գնում, թող սկզբից փաթեթը չնետի: Հետո` երբ սուր, ուժեղ հոտ է լինում, ալերգիկ երևույթներ են սկսվում, գոնե ինքը կիմանա` ո´ր երկրի արտադրանքն էր գնել, ի´նչ արտադրության է, որ կարողանա մյուս անգամ բողոքել, դիմել»,- ասում է Գրիգորյանը:

Ինչպես Հայաստանում, այնպես էլ Բելառուսում, Ղազախստանում, Ղրղըզստանում, Ռուսաստանում և Ուկրաինայում մանկական ապրանքատեսակների ստուգումներ անցկացվել են դյուրակիր ռենտգենաֆլուորեսցենտային անալիզատորի օգնությամբ ԱՄՆ-ից եկած մասնագետի միջոցով:

Ի պատասխան «Մեդիալաբի» հարցման` ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կողմից նույնպես 2012-ի նոյեմբերին Երևանում անցկացվել են մանկական խաղալիքների ստուգումներ:

«Հետազոտված տարբեր նյութերից պատրաստված 10 մանկական խաղալիքի տեսականու նմուշներից 5-ը չեն համապատասխանել սանիտարական նորմերի պահանջներին: Մասնավորապես` ռետինե խաղալիքների 3 նմուշում ֆենոլը գերազանցել է սահմանային թույլատրելի քանակությունը, 2 նմուշում ձայնային ճնշման մակարդակները գերազանցել են սանիտարական նորմերի պահանջները»,-«Մեդիալաբին» տեղեկացրեցին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Փորձագետները նշում են, որ եվրոպական չափորոշիչներն ավելի խիստ են, և ըստ Եվրամիության երկրներում նոր ընդունված չափորոշիչների` պետք է վերահսկողության դաշտն այնքան խիստ լինի, որ այլ երկրներ չթույլատրվող, չներկրվող խաղալիքները մեզ մոտ չներկրվեն ու վաճառքի չդրվեն:

«Մեզ մոտ ստանդարտներն ու պահանջները ավելի թույլ են: Կարող է` մի երկիր չընդունի էդ թունավոր խաղալիքները, ու բերեն մեզ մոտ: Հաճախ էտիկետ չի լինում խաղալիքների վրա, կամ, եթե կա, նշումներ չկան վրան: Մեզ մոտ ներկրվող խաղալիքների նորմերի դեպքում նույնիսկ հսկողություն չկա»,- ասում է Սիմոնյանը:

Փորձագետները շեշտում են, որ խնդիրը լուծելու համար ՀՀ առողջապահության և էկոնոմիկայի նախարարությունների կողմից պետք է վերանայվեն բոլոր նորմերը, Եվրամիության չափորոշիչները, որպեսզի դրանք ընդունվեն նաև մեզ մոտ: Դրան զուգահեռ պետք է առաջարկություններ մշակվեն, թե ինչպե´ս են վերահսկողություն սահմանելու ներկրողների վրա, իսկ առանց հավաստագրի արգելել խաղալիքներ ներմուծելն ու վաճառելը:

Սակայն որևէ գործնական քայլ կամ վերահսկողություն կամ փոփոխություն կառավարությունը դեռևս չի նախատեսել:

Լիլիթ Առաքելյան

Լուսանկարը` Կարապետ Սահակյանի

© Medialab.am