Օգնեք մեզ պատիժը կրել այլ երկրում. 70 ցմահ դատապարտյալների դիմումը` ՄԻՊ-ին

Օգնեք մեզ պատիժը կրել այլ երկրում. 70 ցմահ դատապարտյալների դիմումը`  ՄԻՊ-ին
Օգնեք մեզ պատիժը կրել այլ երկրում. 70 ցմահ դատապարտյալների դիմումը` ՄԻՊ-ին

Ցմահ դատապարտյալ, 18 տարի բանտում գտնվող Արթուր Մկրտչյանը՝ 70 ցմահականների անունից, դիմել է Հայաստանի ՄԻՊ Կարեն Անդրեասյանին՝ խնդրանքով՝ օգնել տեղափոխվել ՄԱԿ-ի անդամ այնպիսի պետությունների բանտեր, որտեղ չեն խախտվում մարդու իրավունքներն ու գործում են դատապարտյալների ուղղման ու հասարակություն վերադառնալու մեխանիզմները:
Դիմումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև
 

Հարգելի պարոն Անդրեսայան

Ձեզ է դիմում անօրենաբար մահապատժի դատապարտված Արթուր Համբարձումի Մկրտչյանը՝ յոթ տասնյակից ավելի ներկայումս ցմահ բանտարկություն կրող, իսկ փաստացի ցմահ ազատազրկման միջոցով մահապատժի դատապարտված անձանց անունից /ՀՀ-ում ներկայումս կա 104 ցմահ դատապարտյալ/:

Պարոն Անդրեսյան, քանի որ մեզ արգելված էհեռահաղորդակցության միջոցներից օգտվել, միևնույն ժամանակ զրկված ենք հաղորդակցումից հասարակական կազմակերպությունների, տեղեկատվալկան ու լրատվական կենտրոնների հետ, հետևաբար չենք տիրապետում միջազգային իրավական նորմերին ու տեղեկություն չունենք, թե որ երկրներում են փաստացի առաջնային դասվում մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, օրենքի գերակայությունը, իսկ դատական համակարգն ու արդարադատությունը լիարժեքորեն կատարում են իրենց գործառույթները, ուստի խնդրում ենք Ձեզ՝ ցուցաբերել Ձեր անմիջական օգնությունն ու աջակցել մեզ հետևյալ խնդիրներում:

     1. Ընտրել ՄԱԿ-ի անդամ այն պետությունները, որտեղ, ի տարբերություն Հայաստանի,

ա. Ցմահ ազատազրկումը դե յուրե և դե ֆակտո չի կիրառվում որպես մահապատժի իրականացման միջոց.

բ. Օրենքի տառին և ոգուն համահունչ, անշեղորեն գործում են դատական և դատավճիռների բողոքարկման ու վերանայման համակարգերը.

գ. Միջազգային ու տեղական իրավապաշտպան կառույցները մշտական մոնիթորինգ անցկացնելով՝ չեն արձանագրում անմարդկային վերաբերմունքի, մարդու իրավունքների համատարած խախտման և խոշտանգումների արձանագրումը ցմահ ազատազրկվածների հանդեպ:

2. Օգնել մեզ միջազգային իրավական չափանիշների համաձայն դիմում-խնդրագիր ձևակերպել՝ ուղղված տվյալ պետությունների դեսպանատներին և այդ երկրների կառավարություններից խնդրել ապաստան տրամադրել մեզ իրենց երկրի բանտերում՝ ապրելու և ազատություն վաստակելու իրավունք ստանալու, ինչպես նաև արդարություն և արդարադատություն գտնելու հավատով:

Մեծարգո պարոն Անդրեասյան, վստահեցնում եմ Ձեզ, որ ցմահ ազատազրկման դատապարտվածների պարագային, երբ գոյություն չունի դատապարտյալի ուղղման և ազատ արձակման ոչ մեխանիզմներ, ոչ էլ քաաղքական կամք, ապա դատապարտյալը կորցնում է իր ապրելու ձգտումն ու կյանքի իմաստը: Ապրելու ձգտումը պայմանավորված է մարդու նպատակների, երազանքների ու իղձերի իրականացման համար պայքարով, սրանով իսկ իմաստավորելով իր մարդկային կյանքը:

Մինչդեռ մեզանից փաստորեն խլված է ոչ միայն ազատությունը մինչ ի մահ, այլ նաև ի վերուստ տրված ձգտումը դեպի կյանքն ու նրա իմաստավորումը: Հետևաբար դիմում ենք Ձեզ օժանդակելու և զորակցելու մեր այս վերջին ճիգերին:

Խորին հարգանքներով՝

Արթուր Մկրտչյան   

 

Հ.Գ. Ցմահ դատապարտյալների հարցերով զբաղվող քաղաքացիական նախաձեռնությունը ՄԻՊ գրասենյակից տեղեկացավ, որ դիմումը մուտքագրվել է օգոստոսի 27-ին, որ օրենքով սահմանված կարգով ցմահ դատապարտյալի դիմումին պատասխան կտրվի:

Նախաձեռնությանը զանգահարած /ցմահ դատապարտյալներն ունեն ամսեկան 2-3 անգամյա 15 րոպեանոց զանգի իրավունք/ ցմահ դատապարտյալը միևնույն ժամանակ նշեց, որ օրերս մահացել է այս տարվա մեջ 3-րդ ցմահ դատապարտյալը՝ 19 տարի պատիժը կրող Ավետիք Հովհաննիսյանը: <Նա երկար ժամանակ տառապում էր ծանր հիվանդությամբ: Միայն վերջին օրը տեղափոխեցին հիվանդանոց, որտեղ էլ մահացավ: Նման բան չէր եղել, որ տարին կիսված արդեն երեք մահ լիներ>,-նշեց Արթուր Մկրտչյանը՝ ավելացնելով, որ չեն գործում պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ու ռեժիմների փոփոխման, խրախուսանքների տրամադրման համակարգերը: <Ցմահականների մեջ կան այնպիսիները, ովքեր հատել են պատժի կրման 20 տարին, սակայն ոչ ազատում են, ոչ ռեժիմ փոխում, ոչ վերականգնողական ծրագրեր անում>:

Իսկ ինչպե՞ս են կատարվում զանգերը. <Տաքսաֆոնի քարտերը բերում են մեր հարազատները: Րոպեն 80-90 դրամ է գալիս, նույնիսկ օլիգարխները այդ գումարներով չեն խոսում: Իսկ այն դատապարտյալներն, ովքեր գումար չունեն, չեն կարողանում օգտվել հարազատներին զանգելու իրենց իրավունքից: Եթե հաշվի առնենք, որ մենք գումար չենք վաստակում, ապա կարելի է պատկերացնել սոցիալական ինչպիսի վիճակ է այդ առումով>,-պատմում էր Արթուրը:

 Ցմահ դատապարտյալների հարցերով զբաղվող քաղաքացիական նախաձեռնություն

© Medialab.am