Դատաիրավական համակարգում բարեփոխումների չիրականացումը հանգեցրել է նրան, որ Հայաստանի իրավական համակարգն ու դատարաններն ուղղակի ի վիճակի չեն քննելու «Մարտի 1»-ի գործը։
«Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ անդրադառնալով դատաիրավական համակարգի աշխատանքի վերաբերյալ դժգոհություններին։
«Երկրում արդարադատության իրականացումը՝ որպես գործընթաց, խաթարված է։ Այդ գործընթացի համար պատասխանատու համակարգերը կոլապսի մեջ են։ Բացի դրանից, այդ համակարգերում որոշ շրջանակներ անում են այն, ինչ ուզում են»,- ասում է Մեհրաբյանը։
Հիշեցնենք, որ «Մարտի 1»-ի զոհերի իրավահաջորդներն ու նրանց ներկայացուցիչներն օրերս հայտարարեցին, որ այլևս չեն մասնակցելու այս գործով դատական գործընթացին։
Նրանք հայտարարեցին, որ հեղափոխությունից հետո իշխանությունն անկարող է իրականացնել բովանդակային և հետևողական իրավական քաղաքականություն։
Այդ անկարողությունը դրսևորվում է իրավական համակարգի խորքային, համակարգված և հետևողական բարեփոխման իրական ծրագրի և դրա իրագործման բացակայությամբ, կադրային անբովանդակ քաղաքականությամբ և այլն։
«Այժմ, երբ նախաքննությունն ըստ էության դադարեցված է, իսկ դատաքննությունը վերածվել է թանկարժեք ժամավաճառության և ֆարսի, դատարանի բակում և դատական նիստերի դահլիճում տիրում են կամայականությունն ու թողտվությունը, որն ուղղված է Սահմանադրությամբ հռչակված արժեքների և իրավունքների դեմ և արժանանում է բարձր հանդուրժողականության, իսկ նախագահող դատավորն իր իշխանությունը կարողանում է իրականացնել միայն տուժողների իրավահաջորդների նկատմամբ, մենք դադարեցնում ենք մեր ֆիզիկական մասնակցությունը այդ անբովանդակ միջոցառմանը»,- հայտարարել էին փաստաբաններն ու մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները։
Ռուբեն Մեհրաբյանն ասում է, որ այսօր չի արվում հետևյալը՝ դատախազությունում, դատական համակարգում բարեփոխումներ չեն իրականացվում։ «Եվ դա այդ համակարգերը մատնում է անգործության և բերում է մի իրողության, որ «Մարտի 1»-ի գործն ըստ էության այսօր դատաքննության փուլում, իսկ որոշ դրվագներով էլ՝ նաև նախաքննության փուլում, ուղղակի այդ համակարգերն ի զորու չեն քննելու»,- «Մեդիալաբին» ասում է քաղաքագետը։
Նրա խոսքով՝ տպավորություն է, որ իշխանության մեջ գտնվող անձինք պարզապես չեն գիտակցում, թե ինչ պետք է արվի։ «Իշխանությունները չեն գիտակցում այն վտանգը, որը կարող է իրականանալ, եթե անհրաժեշտ քայլերը չարվեն։ Եվ այդ իմաստով, այո, մեր իշխանությունը, ցավոք սրտի, կտրված է իրականությունից և կրակի հետ է խաղում»,- հավելում է Մեհրաբյանը։
Այն դիտարկմանը, որ իշխանություններն ասում են, թե դատական համակարգում չեն կարող գնալ ցավոտ ու կտրուկ լուծումների, քաղաքագետը պատասխանում է. «Եթե ցավոտ է լինելու, ուրեմն թող մի քիչ էլ ցավա։
Ի՞նչ է նշանակում՝ ցավոտ կլինի, ցավազրկեք։ Բայց եթե կտրուկ քայլեր չարվեն, այն ժամանակ մենք կարող ենք գործ ունենալ իրավիճակի դեգրադացիայի հետ։
Երկրորդ՝ մենք տեսնելու ենք, որ հանցագործներն ուղղակի թրև են գալու ազատության մեջ և հռհռան բոլորիս վրա։ Հետևաբար, պետք են կտրուկ, նպատակային, իմաստավորված, համակարգային քայլեր»։
Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ այս իրավիճակում, երբ քայլեր չեն արվում, գլխավոր վտանգն այն է, որ Հայաստանում ուղղակի վտանգի տակ է դրվում ընդհանրապես բարեփոխումների գործընթացը։
«Իսկ եթե մենք չենք ունենում ժողովրդավարական պետությանը հարիր և վայել դատական համակարգ, մեզ մոտ չի լինելու ոչ տնտեսական հեղափոխություն, չի լինելու անշրջելի ժողովրդավարություն, չեն լինելու լայնածավալ ռեզերվներ, չի լինելու զարգացում»,- ասում է Ռուբեն Մեհրաբյանը։
Ռոզա Հովհաննիսյան
MediaLab.am