«Մենք վաղուց արդեն խայտառակված ու վարկաբեկված ենք». Զարուհի Փոստանջյան

«Մենք վաղուց արդեն խայտառակված ու վարկաբեկված ենք». Զարուհի Փոստանջյան

Ազգային ժողովի Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը պարզաբանեց, թե ինչու է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում Սերժ Սարգսյանին խաղատանը 70 մլն եվրո գումար պարտվելու վերաբերյալ հարց ուղղել:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի լիագումար նիստում Սերժ Սարգսյանի ելույթից հետո Զարուհի Փոստանջյանը նրան հարցրել էր.

«Դուք վերջերս եղել եք Եվրոպայում` կազինոյում, քանի որ դուք հանրությանը հայտնի եք որպես խաղամոլ, և այնտեղ կորցրել եք 70 միլիոն եվրո: Ո՞վ է վճարել Ձեր տեղը այդ կորցրած գումարի համար»:

Ի պատասխան Սերժ Սարգսյանն ասել էր. «Դա ձեր հերթական երևակայության արդյունքն է: Ես երբեք չեմ եղել Եվրոպայի որևէ կազինոյում, ես չեմ խաղում կազինոներում, ես, ցավոք սրտի, հնարավորություն չունեմ տնօրինելու 70 միլիոն եվրո: Եթե այդպիսի հնարավորություն ունենայի, մի մասը ձեզ կնվիրեի, որպեսզի գոե կյանքից գոհ լինեք»:

Զարուհի Փոստանջյանն այսօր լրագրողներին ասաց, որ իր հարցը հայ ժողովրդի 80 տոկոսի անունից է հնչեցրել այդ հարցը:

Նրա խոսքով՝ հարցն ուներ հետևյալ նախաբանն ու ենթատեքստը՝ Սերժ Սարգսյանը չի կարող ներկայացնել հայ ժողովրդի կամքը մի պարզ պատճառով՝ նա նախագահի աթոռին հայտնվել է կեղծված ընտրությունների արդյունքում, կազմակերպված հանցագործության միջոցով, ներկայացնում է կրիմինալ խմբավորում:

Փոստանջյանը նշեց, որ նախքան իր հարցը հնչեցնելն էր Սերժ Սարգսյանը խայտառակված, և ինքը չէ, որ պետք է նրան խայտառակեր:

«Մենք վաղուց արդեն խայտառակված ու վարկաբեկված ենք, մենք այսօր նսեմացված վիճակում ենք գտնվում: Անկախանալուց հետո Հայաստանից 1.5 մլն մարդ է հեռացել: Սա  հենց այս խայտառակ անձի միջոցով է, որ այս հանգրվանին ենք հասել»,- ասաց  նա:

Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ խայառակությունն այն է, երբ Հայաստանի ժողովրդրի 35 տոկոսն աղքատ է, մարդիկ արտագաղթում են, խայտառակությունն այն է, երբ Սերժ Սարգսյանը հայտարարում է, թե սահմանամերձ գյուղերը պետք է վերանան:

Փոստանջյանի խոսքով՝ ինքը նաև եվրոպացի պաշտոնյաներին է որպես մեսիջ ուղղել իր հարցը, հասկացրել նրանց, որ նման անձի են հովանավորել, աչք են փակել կեղծված ընտրությունների վրա ու հայտարարել, թե նախագահի ընտրությունները առաջընթաց են արձանագրում:

Հիշեցնենք, որ Զարուհի Փոստանջյանի հարցը բուռն քննարկումների առիթ հանդիսացավ Հայաստանում: Ընդդիմադիր ուժերն ու առանձին գործիչներ շատապեցին հայտարարել, որ ավելի կարևոր հարցեր կարելի էր երկրի ղեկավարին ուղղել ԵԽԽՎ-ում:

«Բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ունեին հացեր տալու այդ հնարավորությունը, կարող էին գրանցվել և ավելի կարևոր հարց ուղղել, եթե ավելի կարևոր հարցեր ունեին»,- իր հասցեին հնչեցվող մեղադրանքներին այսպես պատասխանեց Փոստանջյանը:

Նա ասաց, որ համամիտ չէ այն տեսակետների հետ, որ ոմանք Սերժ Սարգսյանին պետականության հետ են ասոցացնում և ասում, որ իր հարցով ինքը վտանգել է Հայաստանի պետականությունը:

Զարուհի Փոստանջյանը նշեց, որ խղճում է այդպես մտածող անձանց:

Հիշեցնենք, որ Փոստանջյանի հարցից հետո Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որոշել է նրան հանել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմից: Զարուհի Փոստանջյանը նշեց, որ իր կարծիքով՝ դա Սերժ Սարգսյանի ցանկությունն  է: Նա նշեց, որ դիմել է ԵԽԽՎ կանոնակարգ հանձնաժողով, հարցը քննարկվել է ԵԽԽՎ բյուրոյում:

«Երբ Հովիկ Աբրահամյանի կողմից կլինի պաշտոնական քայլ, այդ ժամանակ ԵԽ կողմից պաշտոնական արձագանք կլինի»,- ասաց նա:

© Medialab.am