Թուրքիան առաջին երկիրն էր, որ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ 1918 թվականին. Հարութ Սասունյան

Թուրքիան առաջին երկիրն էր, որ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ 1918 թվականին. Հարութ Սասունյան
Թուրքիան առաջին երկիրն էր, որ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ 1918 թվականին. Հարութ Սասունյան

Հայոց ցեղասպանությունը հազվադեպ է քննարկվում Թուրքիայի խորհրդարանում, և ավելի հազվադեպ են դրա ճանաչմանն ուղղված հայտարարությունները:

2016 թ. հունվարի 14-ին, Թուրքիայի խորհրդարանում վերջերս ընտրված երեք հայ պատգամավորներից երկուսը իրենց խորհրդարանական ելույթներում համարձակվեցին բարձրացնել Հայոց ցեղասպանության հարցը:

Թուրքիայի ընդդիմադիր քեմալիստական «Ժողովրդական հանրապետական կուսակցություն» (CHP) ներկայացուցիչ Սելինա Դողանը խորհրդարանում հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ. «Քանի որ այս հարցը վերաբերում է ոչ միայն հայերին, այլ նաև Թուրքիային, հետևաբար այն պետք է բարձրացնել Թուրքիայի խորհրդարնում, և ոչ թե այլ խորհրդարաններում: Հակառակ դեպքում, ամեն տարի ապրիլի 24-ին, մենք շարունակելու ենք արդեն սովորական դարձած հայտարարություններ անել և շտապելու ենք մեր մտքից հանել այս թեման: Ես համոզված եմ, որ մեզանից ոչ մեկը շահագրգռված չէ դրանում: Կցանկանայի ձեզ հիշեցնել, որ 2015 թ. Էրզրումում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Թուրքիայի վարչապետը հստակ հայտարարեց, որ տեղահանությունը հանցագործություն է մարդկության դեմ»:

Այնուհետև ելույթ ունեցավ քրդամետ ընդդիմադիր կուսակցությունը (HDP) ներկայացնող Կարո Փայլանը, որը նույնպես խոսեց Հայոց ցեղասպանության մասին. «Հարյուր տարի առաջ պետական որոշմամբ հայ ժողովուրդն արմատախիլ արվեց և բնաջնջվեց: Իմ ընտանիքը՝ պապս և նրա ընտանիքը, նույնպես տուժեց այս իրադարձություններից: Իմ պապը որբացավ՝ կորցնելով ծնողներին: Ես որբերի և սրի մնացորդների սերնդից եմ և ապրում եմ այս երկրում: Իմ ցեղը ջարդվել է»:

Փայլանի ելույթի ժամանակ խորհրդարանի որոշ պատգամավորներ բղավելով իրենց դժգոհությունն էին արտահայտում:  Ծայրահեղ ընդդիմադիր Ազգայնական շարժում կուսակցության (MHP) անդամ Բաքի Շիմշեքը նախազգուշացրեց. «Մենք Թուրքիայի Ազգային ժողովում ենք: Ո՛չ ոք չի կարող ասել, որ ցեղասպանություն է եղել: Այդպիսի անկրթությունն անընդունելի է»:

Չնայած սա անսովոր քննարկում էր, սակայն առաջին անգամ չէր, որ Հայոց ցեղասպանության մասին հաստատող հայտարարություններ էին հնչում Թուրքիայի խորհրդարանում:  2014 թ. նոյեմբերին, HDP կուսակցության անդամ Սեբահաթ Թունջելն առաջարկեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող մի օրինագիծ: Թունջելը կոչ արեց նախագահ Էրդողանին գալ խորհրդարան՝ Հայոց ցեղասպանությունը և այլ զանգվածային ոճրագործությունները ճանաչելու և ներողություն խնդրելու համար: Ըստ օրինագծի՝ Էրդողանը պետք է հրապարակավ կրկներ իր ներողությունը զանգվածային ոճրագործությունների վայրերից մեկում, և ապրիլի 24-ը պաշտոնապես հռչակեր որպես սգո օր: Բացի այդ, խորհրդարանը պետք է ձևավորեր Ճշմարտություն հանձնաժողով և բացեր պետական արխիվներում պահվող բոլոր փաստաթղթերը, որոնք առնչվում էին այս զանգվածային ոճրագործություններին: Վերջապես, օրինագիծն առաջարկում էր բարոյական և նյութական փոխհատուցում տալ զոհերի ժառանգներին: Զարմանալի չէ, որ Թունջելի օրինագիծը շատ արագ թաքցվեց, որպեսզի այլևս երբեք լույս աշխարհ չգա…

Ինչպես հայտնել էի ավելի քան մեկ տարի առաջ, Թունջելի առաջարկն առաջին անգամ չէր, որ բանաձև էր ներկայացվում Թուրքիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին: 1918 թ. նոյեմբերի 4-ին նորակազմ Օսմանյան թուրքական խորհրդարանը հանգամանորեն քննարկեց երիտթուրքական կառավարության կողմից իրականացված ոճրագործությունները, որից հետո առաջարկություն ներկայացվեց, ուր ասվում էր. «Մեկ միլիոն մարդ, այդ թվում՝ նույնիսկ կանայք և երեխաներ, որոնք այլ մեղք չունեին, բացի հայ ազգին պատկանելուց, կոտորվեցին և բնաջնջվեցին»: Ի պատասխան, ներքին գործերի նախարար Ալի Ֆեթհի Օքյարը հայտարարեց. «Կառավարությունը մտադիր է շտկել մինչև հիմա տեղի ունեցած ամեն մի անարդարություն, և ինչքան միջոցները թույլ կտան, հնարավոր դարձնել աքսորվածների վերադարձը իրենց տները, և ինչքան  հնարավոր է փոխհատուցել նրանց կրած նյութական վնասները»:

Այս առաջարկության արդյունքում ստեղծվեց պատգամավորական քննչական հանձնաժողով՝ հավաքելու համար բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որ նկարագրում էին այն անձանց գործողությունները, որոնք պատասխանատու էին այն ժամանակվա բնութագրմամբ «Հայկական տեղահանություններ և կոտորածներ» կազմակերպելու համար: Ապացույցները փոխանցվեցին Թուրքիայի ռազմական դատարան և մեղավոր ճանաչված անձանց կախեցին կամ դատապարտեցին երկարատև ազատազրկման:

Ի լրումն այս պատգամավորական առաջարկության՝ մենք պետք է հիշենք նաև Թուրքիայի Հանրապետության առաջին նախագահ Քեմալ Աթաթուրքի խոսքերը, որոնք «Լոս Անջելես էքզամիներ» թերթը մեջբերել էր 1926 թ. օգոստոսի 1-ին. «Նախկին Երիտթուրքերի կուսակցության այս վիժվածքները պետք է պատասխան տան մեր միլիոնավոր քրիստոնյա հպատակների կյանքի համար, որոնց զանգվածաբար դաժանորեն քշեցին իրենց տներից և կոտորեցին»:

1918 թ. պատգամավորական առաջարկությունը, թուրքական ռազմական դատարնների դատավճիռները և նախագահ Քեմալ Աթաթուրքի մեղադրական խոսքերը բավարար են Թուրքիան համարելու առաջին երկիրը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը…

Հետևաբար, Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը հետամուտ լինելու փոխարեն, հայերը պետք է հատուցում պահանջեն իրենց բոլոր կորուստների համար, ինչպես 98 տարի առաջ խոստացել էր ներքին գործերի նախարար Ֆեթհի Օքյարը…

Հարութ Սասունյանը «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ, խմբագիրն է