«Հայաստանում լրատվամիջոցների հիմնական խնդիրը գոյության ապահովման անկախ աղբյուրներ ունենալն է». Բորիս Նավասարդյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը

– Պարո՛ն Նավասարդյան, այսօր Մամուլի ազատության համաշխարհային օրն է, ու այդ համատեքստում կխնդրեմ գնահատեք հայաստանյան մամուլի վիճակն այսօր թե՛ ազատության, թե՛ մասնագիտական որակի առումով։

 – Եթե լրատվամիջոցը կարողանում է իր գոյության ապահովման անկախ աղբյուրներ ունենալ, ապա բավականին ազատ գործելու հնարավորություններ ունի, ու խնդիրը հենց դա է, որ կարողանա այդպիսի աղբյուրներ գտնել։ Սա մեծ խնդիր է, ու քանի որ լրատվական դաշտի մեծ մասը չի գտնում անկախ աղբյուրներ, գտնվում է տարբեր ու ոչ միշտ դրական ազդեցությունների տակ, և դա, բնականաբար, կաշկանդում է և՛ արտահայտվելու ազատության առումով, և՛ նաև լսարանին, հանրությանը օգտակար լինելու առումով, որովհետև եթե միակողմանի կաշկանդված տեղեկություններ ես տարածում, չես նպաստում առողջ հանրային կարծիքի ձևավորմանը։

Հիմնական խնդիրը դա է, ու դրա լուծմանը պետք է ուղղված լինեն թե՛ պետական ջանքերը, թե՛ օրենսդրական այս կամ այն նախաձեռնությունները։ Հատկապես Հայաստանի պայմաններում, որտեղ գործելու տարածքը բավականին փոքր է, հնարավոր չէ լուծել բոլոր մարտահրավերները, և այստեղ հստակ, հետևողական ու կառուցողական պետական քաղաքականություն է պետք։

Ցավոք, անկախ Հայաստանի ամբողջ պատմության ընթացքում այդպիսի քաղաքականություն երբեք չի մշակվել և չի իրականացվել, հակառակը, այն քայլերը, որոնք արվում էին, միայն շարունակում էին լրատվամիջոցներին ավելի ու ավելի ազդեցիկ շրջանակների հսկողության տակ դնել։ Հայաստանի պարագայում հնարավոր չէ միայն լիբերտարյան ազատություններով ազատ ու անկախ մամուլ ձևավորվի, միակ լուծումը իմ նշած այդ կառուցողական պետական քաղաքականությունն է։

– ԶԼՄ-ների գերակշիռ մասը Հայաստանում իր գոյությունը կարողանո՞ւմ է ապահովել անկախ աղբյուրների միջոցով։

– Չեմ ուզում որևէ անուն տալ, որպեսզի տհաճություններ չպատճառեմ՝ հատկապես այս օրով, բայց որ կան առանձին օրինակներ, որ կարողանում են այնպիսի տարբեր աղբյուրներ գտնել, որոնք անկախ գործելու և սեփական խմբագրական քաղաքականությունն ազատորեն իրականացնելու հնարավորություն են տալիս, բայց նրանց կշիռը, ցավոք, բավական փոքր է ամբողջ դաշտում։

– Պարո՛ն Նավասարդյան, իսկ ոչ անկախ աղբյուրներից ֆինանսավորվող լրատվամիջոցներին որքանո՞վ է հաջողվում բարձր մակարդակով պահպանել լրագրության որակը։

– Դա կարող է հաջողվել միայն այն պարագայում, երբ երկրում կա ընդհանուր առողջ քաղաքական մթնոլորտ, և հիմնական քաղաքական ուժերը, ունենալով հակասություններ, այնուամենայնիվ, կարողանում են կառուցողական գործունեություն ծավալել ու առողջ բանավեճի միջոցով շահել հանրության այս կամ այն մասի համակրանքը։

Բայց այսօր Հայաստանում մենք չունենք այդ վիճակը․ քաղաքական դաշտից միայն բացասական, այսպես կոչված, փյունիկներ են տարածվում նաև լրատվամիջոցների վրա։ Այն հիմնական դժգոհությունները, որոնք կան լրատվամիջոցների նկատմամբ և՛ բառապաշարի օգտագործման, և՛ ագրեսիվության առումով, գալիս են այդ ազդեցություն ունեցող քաղաքական ուժերից։

Ու գնահատելով բազմակարծությունը, որը կա մեր լրատվամիջոցներում, այնուամենայնիվ, չի կարելի ասել, որ այդ բազմակարծությունը նպաստում է հասարակության կողմից խնդիրների ու դրանց լուծումների վերաբերյալ ճիշտ պատկերացումներ ստեղծելուն։

– Ձեր գնահատմամբ՝ դասական առումով որակյալ լրագրություն կա՞ Հայաստանում:

– Որակյալ լրագրության առանձին դրսևորումներ կան, ու դա նրա շնորհիվ է, որ մենք ունենք դաշտում աշխատող բավականին շատ տաղանդավոր գործընկերներ, ու բավականին շատ էին և՛ նախորդ տարիներին, և՛ այժմ այն միջազգային ծրագրերը, որոնք նպաստում են պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացմանը, ու մեր այն գործընկերները, որոնք ցանկացել են սովորել, ցանկացել են առաջադիմել, իրոք բավականին լավ որակի արտադրանք են տալիս, բայց, նորից եմ ասում՝ ընդհանուր դաշտում դրա կշիռը, ցավոք, բավականին փոքր է։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am