Ի վերջո, իշխող ուժը երկնային արքայություն չէ, որից որևէ մեկը դժգոհ չլինի․ «Իմ քայլի» պատգամավոր

«Մեդիալաբի» հարցազրույցը Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանի հետ

– Պարո՛ն Մանուկյան, վերջին շրջանում տիրապետող են լուրերը, թե «Իմ քայլը» խմբակցությունում կան տարաձայնություններ, ավելին, խոսվում է որոշ պատգամավորների՝ մանդատը վայր դնելու մասին։ Կասեք՝ ի՞նչ է կատարվում ձեր խմբակցությունում։

– Եթե խմբակցությունում տարաձայնություններ չլինեին, խիստ մտահոգիչ կլիներ։ Բայց պետք է ասեմ, որ այդ տարաձայնությունները չեն սպառնում «Իմ քայլը» խմբակցությանը։

Ընդհանրապես, ես խմբակցությունում տարաձայնությունները անհրաժեշտ եմ համարում, և եթե դրանք չլինեին, ես կմտածեի՝ էս ի՞նչ անտարաձայն ժողովուրդ են, ամեն ինչին համաձայն են, ոչ մի առարկություն չունեն, ոչ մի միտք չունեն և այլն, և այլն։ Ես, ճիշտն ասած, հենց տարաձայնություններ եմ տեսնում մեր թիմի ներսում՝ անչափ ուրախանում եմ, հասկանում եմ, որ մենք առողջ քաղաքական ուժ ենք։

– Բայց այդ նույն տարաձայնությունների պատճառով, օրինակ՝ Արսեն Ջուլֆալակյանը հրաժարվեց պատգամավորական մանդատից։

– Դե, ճիշտն ասած, ինձ համար դա երբեք խնդիր չէ, ոնց ասեմ՝ խնդիրը նրա համար է, որ լուծես։ Եթե խնդիրներ առաջանալու դեպքում պետք է թողնես, գնաս․․․ ես դա լավ չեմ ընկալում, դա իմ սրտով չէ։

– Օրինակ՝ դուք ո՞ր պահին մանդատը վայր կդնեիք։

– Օհ, այնպիսի հարց եք տալիս, որին պատասխանելու համար պետք է երևակայեմ։ Չեմ ուզում երևակայել։ Բայց չեմ կարծում, որ նման պահ կարող է լինել։ 

– Երեք ընդդիմադիր ուժեր հոկտեմբերի 8-ին հանրահավաք են անցկացնելու։ Նրանք ասում են, որ ժողովուրդը դժգոհ է, և այդ դժգոհությունը բարձրաձայնելու են հրապարակի հարթակից։

– Ես բնական եմ համարում, որ կան դժգոհություններ, ի վերջո, իշխող ուժը երկնային արքայություն չէ, որից որևէ մեկը դժգոհ չլինի, հասկանո՞ւմ եք։ Դժգոհություններ չկան երկնային արքայությունում, իսկ իրական կյանքում դժգոհություններ միշտ կլինեն։ Եթե այդ դժգոհությունները հասնեն կրիտիկական ինչ-որ պահի, ապա հետևություններ կանենք։ Եվ նույնիսկ փոքր դժգոհությունները առիթ են հետևություններ անելու։ Ինչ եք կարծում՝ կա՞ էդպիսի երկիր կամ հասարակություն, որտեղ դժգոհ մարդ չլինի, էլի եմ ասում՝ երկնային արքայությունում դժգոհություն չկա։ Կյանքն իր բնականոն ընթացքի մեջ գոհ ու դժգոհ դիսկուրս է պարունակում։ Եվ եթե չկան գոհեր ու դժգոհներ, ուրեմն ինչ-որ բան ինչ-որ տեղ սխալ է։

– Նաև Կառավարության ղեկավարի հրաժարականի հարց են առաջ քաշում։ 

– Ինչ ասեմ, թող հիմնավորեն էդ պահանջը, ժողովուրդն էլ կտեսնի՝ հիմնավո՞ր են, թե՞ անհիմն։ Ես նման վարքագծում հիմնականում տեսնում եմ ոչ թե քաղաքական քայլ, այլ քրեական գործերից խուսափում։ Քրեական գործերը քաղաքական տեքստերով պատսպարելու շատ տարածված երևույթ է հատկապես Հայաստանում

– Դուք՝ որպես իշխանության ներկայացուցիչ, գո՞հ եք ձեր ընդդիմությունից, նրանց գոյությունը ուժեղացնո՞ւմ է ձեզ։

– Տեսեք՝ ես հիմա շատ ինտենսիվ աշխատում եմ կինեմատոգրաֆիայի մասին օրենքի վրա ու աշխատում եմ Աննա Կոստանյանի հետ։ Նա «Լուսավոր Հայաստանի» պատգամավորներից է ու ընդդիմություն է։

Շատ օգտակար աշխատանք է, շատ բեղուն ու արդյունավետ աշխատանք եմ համարում դա։ Նա իր կարծիքն է ասում, ես՝ իմ։ Դա շատ լավ օրինակ է մյուսների համար։ Հիմա, ես գո՞հ եմ, թե՞ դժգոհ։

Իհարկե, կինոյի օրենքի մասով գոհ եմ, ինչ-որ բաներից կարող է դժգոհ լինեմ։ Սա բնական ընթացք է։ Էլի եմ կրկնում՝ չի լինի մի հասարակություն, որտեղ չլինեն դժգոհություններ, հակառակ դեպքում՝ ինչ-որ բան սխալ է։

– Նույն դժգոհությունների հիման վրա կան պնդումներ, որ իշխող ուժը կորցրել է իր վստահությունը։

– Վստահությունը կորցնել-չկորցնելու չափիչը հերթական ընտրություններն են, և դրա արդյունքները ցույց կտան, թե այդ պնդումներն ինչքանով են համապատասխանում իրականությանը։ 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am