Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան հեռակա բանավեճը, վերլուծաբանները մի քանի գործոններով են բացատրում: Ըստ քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանի, «հակամարտությունն» այս դեպքում իրականում ընթանում է Բարգավաճ Հայաստան -վարչապետ ենթատեքստում:
«Եթե հիշում ենք, Գագիկ Ծառուկյանը մի անգամ ասաց, որ ԲՀԿ-ն ոչ թե ընդդիմություն է, այլ այլընտրանք: Ես այդ խոսքերը հետևյալ իմաստով եմ հասկանում՝ իրենք հանդես են գալիս ոչ թե Սերժ Սարգսյանի դեմ, այլ վարչապետի դեմ»,- «Մեդիալաբին» ասում է Ստեփան Դանիելյանը՝ վերլուծելով վերջին զարգացումները:
Հիշեցնենք, 2013-ի տարավերջին վարչապետ Տիգրան Սարգսյանն ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ուշադրության կենտրոնում հայտնվեցին միմյանց հասցեին հնչեցրած մեղադրանքների շնորհիվ:
Տարեվերջյան ասուլիսում վարչապետ Տիգրան Սարգսյանը քննադատել էր Քոչարյանի պաշտոնավարման տարիներին վարած տնտեսական քաղաքականությունը, ի պատասխան՝ Ռոբերտ Քոչարյանը տնտեսական աճի ձախողման համար մեղադրել էր վարչապետին ու նրա հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցրեց:
«Ամեն ինչ ավելի քան պարզ է ու հասկանալի (բայց ոչ՝ մի քանի հատուկ «շնորհալիների» համար): Եվ սրա մեղավորը նախորդ կառավարությունը չէ, և ոչ էլ հաստատ ինչ-որ այլմոլորակայիններ,-մասնավորապես ասել էր Քոչարյանը:
Այնպես որ պատասխանատվությունից այստեղ հնարավոր չէ խուսափել: Եթե վարչապետը սա չի հասկանում, ուրեմն նա բանականության դեգրադացիա է ապրել: Եթե հասկանալով է ստում ու խուսանավում՝ փորձելով մեղքը գցել Անդրանիկ Մարգարյանի կառավարության և ինձ վրա, ուրեմն դա բարոյականության դեգրադացիա է: Հավանաբար, գործ ունենք բանականության և բարոյական դեգրադացիայի լիարժեք համադրության հետ: Ամեն դեպքում, թերարժեք վարչապետը անթույլատրելի ճոխություն է երկրի համար»:
Այս հեռակա բանավեճին հետևող վերլուծաբաններից ոմանք կանխատեսեցին Քոչարյանի վերադարձը, կարծիք հայտնեցին, թե նման քայլերով ռուսամետ ուժերը Ռոբերտ Քոչարյանի միջոցով փորձում են պաշտոնանկ անել վարչապետին, ով մշտապես աչքի է ընկել հակառուսական քաղաքականությամբ: Իսկ վարչապետն էլ իր հայտարարությամբ փորձում է ցույց տալ, որ ամուր կառչած է իր աթոռին:
Այս տեսակետների հետ համամիտ չէ քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը. նա կարծում է, որ այսօրվա դրությամբ Հայաստանում ամենառուսամետ գործիչը հենց վարչապետ Տիգրան Սարգսյանն է, ով շատ ակտիվ ջանքեր է գործադրում Հայաստանի՝ Մաքսային միությանը անդամակցելու համար:
«Ես կարծում եմ, որ Հայաստանի ռուսամետ հիմնական ուժը հանդիսանում են հենց վարչապետն ու Սերժ Սարգսյանը»,- «Մեդիալաբին» ասում է Ստեփան Դանիելյանը:
Նրա խոսքով՝ նման տեսակետների տարածման նպատակն այն է, որ նույն վարչապետը և նրան պաշտպանող ուժերը, մի կողմից լինելով Մաքսային միությանն անդամագրվելու առաջամարտիկներ, մյուս կողմից փորձում են հանրության այն հատվածի աջակցությունն ստանալ, որոնք հանդես են գալիս Մաքսային միության դեմ:
«Սա շատ մառազմատիկ իրավիճակ է, որին շատերը երևի հավատում են»,- ասում է նա:
Վերլուծաբան, «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը հիշեցնում է, որ Քոչարյան-Սարգսյան «հակամարտությունը» նոր չէ: Նա նշում է, որ դեռեւս 2013 թվականի հունվարին ինտրիգ կար՝ Քոչարյանը կմասնակցի նախագահական ընտրություններին, թե չի մասնակցի:
«Այն ժամանակ իր հարցազրույցում Քոչարյանը Սերժ Սարգսյանին հասկացնում էր, որ իր վերադարձի համար հիմնական գործոններն առկա են, բայց ինքը չի առաջադրվում զուտ էթիկական գործոններից ելնելով: Նաև ասել էր, որ ճիշտ է, Սերժ Սարգսյանի վարչապետը խոսում է տնտեսական աճից, բայց այս վարչապետն ի զորու չի լինելու ապահովել աճի կայունությունն ու շարունականությունը»,- «Մեդիալաբին» ասում է Ստյոպա Սաֆարյանը:
Նրա խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի այս խոսքերի պատասխանը կարելի է համարել Սերժ Սարգսյանի՝ կառավարությանը տրված այն հանձնարարականը, որ եթե կառավարությունն ու վարչապետը տարեկան կտրվածքով չապահովեն 7 տոկոսանոց տնտեսական աճ, պետք է հրաժարական տան:
«Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև այս հեռակա երկխոսությունը ցույց էր տալիս, որ Քոչարյանը հասկացնում է, թե կարող է վերադառնալ, բայց չի վերադառնա, և կառավարությանը պետք է փոխել: Սերժ Սարգսյանն էլ հասկացնում էր, որ եթե կառավարությունը 7 տոկոսնաց աճ չարձանագրի, ապա ինքը կփոխի: 2013 թվականի ընթացքում պայմանավորվածությունները խախտեցին, ստացվեց այն, որ Սերժ Սարգսյանը չկատարեց այն, ինչ սպասում էր Ռոբերտ Քոչարյանը, այն է՝ տարեվերջին կառավարության փոփոխություն»,- նշում է Ստյոպա Սաֆարյանը: Նրա կարծիքով՝ այս խնդիրը Քոչարյանի վերադարձի շուրջ է:
«Կարելի է ենթադրել, որ Քոչարյանը սպասում էր, որ վարչապետին փոխելով՝ Սերժ Սարգսյանը կամ կնշանակի իրեն, կամ իր համար շահեկան որևէ մեկին»,- ասում է Ստյոպա Սաֆարյանը:
Միաժամանակ վերլուծաբանն այս հարցում արտաքին, հատկապես ռուսամետ ուժերի գործոնն է տեսնում:
«Արտաքին գործոնները, կարծում եմ, հաշվի առնված էին ի սկզբանե: Հաշվարկ կար որ, քանի որ Սերժ Սարգսյանը գնում է դեպի Եվրոպա, բնակաբար տարեվերջին ռուսական ճնշում կլինի և դա ավելի կօգնի կառավարությունը ցրելու հարցին: Բայց քանի որ սեպտեմբերի 3-ին անսպասելի շրջադարձ եղավ, և Սերժ Սարգսյանը Մոսկվայում ակնհայտ կարգավորեց այդ խնդիրները, իսկ Տիգրան Սարգսյանի ասուլիսն էլ ցույց տվեց, որ ինքն իրեն բավական պինդ է համարում այդ պաշտոնում, դա բնականաբար չէր կարող չզայրացնել Քոչարյանին»,- ընդգծեց Ստյոպա Սաֆարյանը:
Մարի Ներսեսյան
© Medialab.am