Վարչապետ Տիգրան Սարգսյանը հունվարի 13-ին զանգվածային լրատվամիջոցների համար կազմակերպված ամանորյա ընդունելության ժամանակ ժամացույցներով է պարգևատրել մի շարք խմբագիրների ու լրագրողների, այդ թվում՝ տողերիս հեղինակին: Իհարկե, շնորհակալ եմ իմ մասնագիտական գործունեությունը գնահատելու համար, սակայն կարծում եմ, որ բարձրաստիճան պաշտոնյաները լրագրողներին պարգևատրելու փոխարեն ավելի լավ կանեն, եթե նրանց նյութերում բարձրացրած խնդիրներին արձագանքեն ու լուծումներ տան դրանց:
Չեմ կարող նման պարգև ընդունել կառավարությունից այն դեպքում, երբ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիների թիվը նվազելու փոխարեն ավելանում է, քաղաքացիների անվստահությունը գործող իշխանության ու կառավարության նկատմամբ օրեցօր մեծանում է, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մի մասն ընկճված են ու գործազուրկ, ստիպված բռնում են արտագաղթի ճամփան:
Կառավարության անդամները կառավարության նիստերի օրերին մշտապես խույս են տալիս կառավարության շենքի մոտ բողոքող քաղաքացիներից, գրեթե վազքով նստելով իրենց թանկարժեք ավտոմեքենաներն ու հեռանալով՝ անպատասխան թողնելով անարդարությունից բողոքող քաղացիների հարցերը: Ավելին, կառավարության նիստերի օրերին, երբ սովորաբար տեղի են ունենում բողոքի ակցիաները, վարչապետը երբեք դուրս չի եկել կառավարության շենքից ու չի զրուցել բողոքող քաղաքացիների հետ, որքան էլ մարդիկ դա պահանջել են, նման հանձանարարականներ չի տվել նաև կառավարության անդամներին:
Կառավարության նիստին շտապող ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակաբյանը ցուցարարներին «ոչխար» ու «էշ» է անվանում, իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստերին չի հանդիմանում նման արարք թույլ տված պաշտոնյային: Իրացման գոտիների բնակիչները, որոնց հետ մասնավորապես նախորդ տարի մի քանի անգամ հանդիպել է վարչապետն ու ոմանց խոստացել, որ տարվա ընթացքում կլուծվի նրանց բնակարանային խնդիրը, հայտարարում են, որ մինչև օրս խաբված են. 2013 թվականն անցել է, սակայն մարդիկ շարունակում են անօթևան մնալ:
Հուսահատված են Հայաստանի այն քաղաքացիները, ովքեր գազի ու էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հետևանքով այս ձմռանը ստիպված են ավելի շատ կոմունալ վճարներ վճարել, սակայն մարդկանց աշխատավարձը չեն բարձրացել: Իսկ կառավարությունն այդ ընթացքում ՀՀ քաղաքացիներից գաղտնի գազային քաղաքականություն է վարում, էներգետիկայի և բնական պաշարների նախարարն ամբողջ մեկ տարի խաբում է լրագրողներին ու ՀՀ քաղաքացիներին, չի պատժվում իր արարքների համար, իսկ վերջում հայտարարում, որ պարտքի դիմաց ստիպված ենք Հայաստանի քաղաքացիներին պատկանող գյուքը հանձնել Ռուսաստանին:
Ճիշտ չեմ համարում պարգև ընդունել մի կառավարությունից, որը բարձրաստիճան պաշտոնյաների եւ պատգամավորների աշխատավարձը մի քանի անգամ բարձրացնելու և մեկ միլիոնից ավելի դարձնելու որոշում է կայացնում, իսկ «սովորական» քաղաքացիների ու թոշակառուների դեպքում չնչին բարձրացում է տեղի ունենում, գործազրկության 18 հազար դրամ նպաստից զրկվում են գործազուրկները:
Վերոնշյալ և մի շարք այլ խնդիրներ հաշվի առնելով, որոնք նախորդ տարի ակտիվորեն լուսաբանել եմ և հետագայում էլ իմ ուշադրության կենտրոնում եմ պահելու, ես հրաժարվում եմ ՀՀ վարչապետի պարգևից:
Ռոզա Հովհաննիսյան, Lragir.am-ի և Medialab.am-ի լրագրող