«Վահե Գրիգորյանին համառորեն տարան ՍԴ, իսկ հետո նրա համար ստեղծեցին անընդունելի միջավայր». Ժաննա Ալեքսանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը

– Նախօրեին ՍԴ նախագահի միակ թեկնածու Երվանդ Խունդկարյանի ընտրությունը տապալվել է, քանի որ նա անհրաժեշտ թվով ձայներ չի ստացել, հետևաբար նոր ընտրություններ պետք է տեղի ունենան 10-30 օր անց: Ինչպե՞ս եք գնահատում նման զարգացումը, սա լա՞վ էր, թե՞ վատ, արդյոք ավելի փակուղային չի՞ դառնում իրավիճակը:

– Դա միանշանակ լավ է, Սահմանադրական դատարանի դատավորը պետք է մաքուր կենսագրությամբ մեկը լինի, որը անցնի և դառնա նախագահ: Նա պետք է օրինակ լինի մյուս դատարանների համար:

ՍԴ-ն բարձր դատարան է: Ես ուղղակի զարմանում էի, որ նա չէր հրաժարվում: Ես այդ իրողությունների ֆոնին գնահատում եմ Վահրամ Ավետիսյանին, որը տեսնելով իր հանդեպ բացասական վերաբերմունքը՝ հրաժարվեց, իսկ Խունդկարյանը իրեն ուղղված բոլոր հարցերի դեպքում արդարանում էր, այն դեպքում, երբ քաղաքական պատվերներ են կատարվել:

«Ա1+»-ը փակելու հարցը նա կապում է դատական սխալի հետ, բայց դա քաղաքական պատվեր էր, և ինքը մասնակցել է Ռոբերտ Քոչարյանի այդ քաղաքական պատվերի կատարմանը:

Կարծում եմ՝ իշխանությունները, որոնք, ըստ հավաստի տեղեկությունների, պայմանավորվածություն ունեին Խունդկարյանի հետ, և Ալեն Սիմոնյանն ասաց, որ նույնիսկ մեկ դեպք չգիտի, որ Խունդկարյանը այլ մոտեցում է ցուցաբերել, չգիտի, որ նա կոռումպացված դատավոր է և ինչ դատական ակտեր է կայացրել:

Ես հույս ունեմ, որ խելքները գլուխները կհավաքեն և նորմալ թեկնածու կառաջադրեն: Ես մեծ հույս ունեմ, որ կան այդպիսի թեկնածուներ: Նիկոլ Փաշինյանն ասում էր, թե քաղհասարակության ներկայացուցիչներն ուզում էին, որ իրենց կամակատարները գան:

Բայց որտեղի՞ց պետք է գար կամակատարը, ի՞նչ կամակատար: Կամ էլ՝ միայն ձե՞ր կամակատարները պետք է տեղ գրավեն դատարաններում:

Մենք պայքարում ենք, որ մաքուր կենսագրությամբ մարդիկ գան, որ փոխվի դատական համակարգը, մեր երկիր փոխվի: Իշխանությունը, փաստորեն, խոչընդոտում է այդ պրոցեսը, քանի որ ոչ միայն չի փոխում, այլև թեկնածուներ էր ընդունել, որոնց տեղը ՍԴ-ում չէ: 

– Այդուհանդերձ, Խունդկարյանի չընտրվելը ավելի չբարդացրե՞ց իրավիճակը:


– Սա հստակ ցույց է տալիս, որ այլ թեկնածուներ պետք է առաջադրվեն, պետք է հրաժարվել նախկին իշխանություններին ծառայած դատավորներին ՍԴ բերելու մտքից:

– Շա՞տ կան այդպիսիք: Իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ այդպիսի անբիծ կենսագրությամբ մարդիկ չկան, որոնք առնչություն չեն ունեցել նախկին իշխանությունների հետ: 

– Դե հո իշխանության ասելով չէ, թեկնածուներ կան: Մինչև վարչապետի նման հայտարարությունը մարդիկ ունեին իրենց թեկնածուները, որ կարող էին առաջարկել, բայց վարչապետը հայտարարեց, որ ուզում են իրենց կամակատարներին առաջ բերել:

Այսինքն՝ ի՞նչ կամակատարներ են, ովքե՞ր էին ուզում նրանց առաջ բերել, մի հատ այդ մարդկանց հասցեներն ու հեռախոսները տվեք:

Խայտառակ խոսակցություն էր դա: Հիմա, իհարկե, թեկնածուներ կան, և այն թեկնածուները, որոնց իրենք են ներկայացրել, բացարձակապես համարժեք չէին պահանջվող չափանիշներին: Որ լավ փնտրեն՝ կգտնեն, բայց իրենք չեն ուզում, փնտրելու կարիք էլ չկա: 

– Կարո՞ղ ենք արձանագրել, որ մեկ տարվա ընթացքում այդպես էլ հնարավոր չեղավ լուծել ՍԴ-ի խնդիրը: 

– Իշխանության համար դժվար էր, դժվարությամբ էր լուծում հարցը, դիմադրություն կար իհարկե: Բայց, կարծում եմ՝ իշխանությունը սխալներ է թույլ տվել այդ ճանապարհին: Նա պետք է աշխատի բացարձակապես օրենքի, իրավունքի շրջանակներում:

Այնքան էլ հարթ չէր ՍԴ անդամներին հեռացնելը, բայց բերեցին մասնագիտական առումով ավելի վատ թեկնածուներ: Ուզում եմ ասել, որ ավելի վատ թեկնածուներ, կամակատարներ չարժեր բերել:

Իսկ Երվանդ Խունդկարյանը հայտնի է որպես կամակատար, կարիք չկար այդպիսի մեկին բերելու: Ես կարծում եմ, որ շատ երիտասարդ կադրեր կան, որ դրսում կրթվել են, վերադարձել:

Տեսեք՝ Վահե Գրիգորյանին համառորեն տարան ՍԴ, իսկ հետո նրա համար ստեղծեցին անընդունելի միջավայր: Վահե Գրիգորյանը հենց այն մասնագետներից է, որը իրավունքի սկզբունքին են հակված, և ես չեմ կարծում, որ Վահե Գրիգորյանի նման մասնագետներ էլ չկան:

Բայց նրանք Վահե Գրիգորյանից հետո ՍԴ բերեցին կոռումպացված ինչ-որ կերպար, որին ուզում էին նախագահ դարձնել: Վահե Գրիգորյանի պես մարդիկ կան և դատավորների մեջ էլ կան, որոնք ինքնուրույն են, անբասիր կենսագրություն ունեն:

Ես հիմա անուններ չեմ տա, որովհետև վարչապետը կասի՝ կամակատարներ են: Բայց ես վստահ եմ, որ հնարավոր է այդպիսի մարդկանց գտնել: Ես ուրախ եմ, որ ՍԴ նախագահի հարցն այսպիսի լուծում ստացավ: Խունդկարյանը պետք է հասկանա, որ ինքն այլևս չի կարող նախագահ դառնալ: 

– Ստացվում է այնպես, որ թեև ըստ մամուլի տեղեկությունների` իշխանությունը հենց Խունդկարյանին էր տեսնում ՍԴ նախագահի պաշտոնում, բայց այս օրերի դիմադրությունը փոխե՞ց իրերի դասավորությունը:

– Նախ՝ ինձ համար անսպասելի էր, որ Հրայր Թովմասյանը դուրս կգա և չի մասնակցի քվեարկությանը: Այս օրերին ավելի պարզ էր երևում, որ միանշանակ չէ, որ նա չի դառնա ՍԴ նախագահ:

Ո՞ւմ ձայներով պետք է դառնար: Մթնոլորտն էլ է շատ կարևոր, դա կարող է ազդեցություն ունենալ դատավորների վրա որոշում կայացնելիս: Այնքան գրվեց, խոսվեց, որ դա չէր կարող չփոխանցվել դատավորներին: Եվ փաստացի տեղի ունեցավ այն, որ Խունդկարյանը չդարձավ ՍԴ նախագահ՝ լինելով միակ թեկնածուն: 

Մանե Հարությունյան

MediaLab.am