Տարիներ առաջ ավելի հասուն էին, «քան այսօրվա գավառական տգետները». մասնագետները` «Նիմֆոմանուհու» շուրջ

Տարիներ առաջ ավելի հասուն էին, «քան այսօրվա գավառական տգետները».  մասնագետները` «Նիմֆոմանուհու» շուրջ
Տարիներ առաջ ավելի հասուն էին, «քան այսօրվա գավառական տգետները». մասնագետները` «Նիմֆոմանուհու» շուրջ

Երեկ հայտնի դարձավ, որ «Սինեմա Սթար Դալմա Գարդեն» կինոթատրոնը որոշել է հրաժարվել նախապես հայտարարված Լարս ֆոն Թրիերի «Նիմֆոմանուհի» ֆիլմի ցուցադրությունից, որի պրեմիերան նախանշված էր այսօր` փետրվարի 13-ին` համաշխարհային ցուցադրությանը զուգընթաց: 

«Սինեմա Սթար Դալմա Գարդեն»-ը հայտարարել էր, որ ֆիլմի ցուցադրությունը հետաձգելու որոշման համար հիմք են հանդիսացել մի շարք քաղաքացիների և հասարակական խմբերի բազմաթիվ առարկությունները, որոնք կասկած են հայտնել Հայաստանում մեծ էկրանով ֆիլմի ցուցադրության նպատակահարմարության վերաբերյալ:

Արվեստագետներից շատերի համարի անհասկանալի է այս ֆիլմի շուրջ ստեղծված արհեստական աղմուկը:

Թատերագետ Լևոն Մութաֆյանը ասում է, որ դիտել է ֆիլմը, այն նորմալ է համարում և կարծում է, որ հայ հանրությանը, մանավանդ վիրտուալ դաշտում գտնվողներին, աղմուկ ու սկանդալներ են պետք, ինչպես ասում են, թեմաներ են պետք՝ ինքնարտահայտվելու, գուցեև պարապությունը լցնելու համար:

«Եվ հաստատ հենց նման մարդկանց ջանքերով է, որ սկսվել է յուրատեսակ արշավ «Նիմֆոմանուհին» ֆիլմի շուրջ՝ շատ հաճախ երևան հանելով ոմանց գավառային մտածումներն ու «պլինտուսային» ճաշակները»,- «Մեդիալաբին» ասում է Լևոն Մութաֆյանը:

Թատերագետի խոսքով՝ արվեստի ստեղծագործության շուրջ պետք է բանավիճել գեղարվեստականության դիրքերից, ինչպես ասում են՝ հայեցակարգերի դիրքերից:

«Եվ դա, իմ համոզմամբ, միակ ճիշտ մոտեցումն է: Իսկ ահա ոմանք, կեղծ բարոյականության և նույնքան կեղծ արժեհամակարգերի դիրքերից, նաև առանց ծանոթ լինելու ֆիլմին, մերժողական կեցվածք են ընդունել և քննադատում են այն, ինչին ծանոթ չեն: Այո, այդ ֆիլմում կան «բաց» տեսարաններ, կա պոռնոգրաֆիայի տարր, բայց առավելապես տիրապետողը էրոտիզմն է, ինչը նոր չէ համաշխարհային արվեստում: Ֆիլմի թերությունը նրա գեղարվեստական վճիռների անկատարությունն է, դերասանական ոչ բարձրորակ խաղը: Այ, սրանց մասին կուզենայի խոսել, ոչ թե այսպես կոչված «բաց» տեսարանների, որոնք այս ֆիլմում ինքնանպատակ չեն: Ի վերջո, կարելի է խոսել ցանկացած թեմայի մասին էկրանից և հագեցնել այն որոշ էրոտիկ տեսարաններով, որոնք ունեն հոգեբանական հիմնավորման նպատակայնություն»,- ասում է Մութաֆյանը:

Նրա խոսքով՝ գավառամտության ժամանակը վաղուց անցել է, և պետք չէ տուրք տալ կեղծ բարեպաշտությանը:

Կինոռեժիոր Տիգրան Խզմալյանը թեև չի դիտել ֆիլմը, սակայն նրա համար անընդունելի են արգելքները:

Նրա խոսքով՝ որևե ֆիլմի արգելքը նշանակում է, որ իրականում արգելողները ոչ թե ֆիլմն են արգելում, այլ հենց այն մարդկանց, ում իբրև թե «պաշտպանում են» այդ ֆիլմից, գրքից, գաղափարից:

«Այսինքն՝ արգելողներն արհամարհում ու մերժում են ուրիշների մտավոր ունակությունները, հոգևոր հասունությունը, քաղաքացիական պատասխանատվությունը: Արգելելու իշխանություն ունեցողները չեն վստահում ազգին, ժողովրդին, հասարակությանը: Ճիշտ այնպես, ինչպես չեն վստահում, օրինակ, ընտրությունների ժամանակ, ահա ինչու են կեղծում ընտրությունները, կաշառքով, ուժով, լցոններով: Այսինքն՝ նրանք արգելում են մեր ընտրությունը` թե քաղաքական, թե գեղագիտական: Եւ սա է իրական պոռնոգրաֆիան, այլ ոչ թե Լարս ֆոն Թրերի «Նիմֆոմանուհին»»,- «Մեդիալաբին» ասում է Տիգրան Խզմալյանը:

Նա հիշեցնում է, թե ինչպես էր 1989 թվականին «Ռոսիա» կինոթատրոնում լցված դահլիճում ցուցադրվում ճապոնացի Նագասի Օշիմայի «Զգացմունքների կայսրություն» անչափ անզուսպ կինոնկարը՝ նշելով, որ այն տարիների հայ հասարակությունն ու նրա վերնախավը շատ ավելի հասուն ու հանդուրժող էին, «քան այսօրվա գավառական տգետները»:

«Ինչպիսի անկում ու հետընթաց… Ես ինքս «արգելված» ֆիլմերի հեղինակ եմ, թեև նկարահանում եմ մեր պատմության ու մշակույթի մասին, սակայն դա էլ է վտանգավոր ու արգելված իշխող տականքների համար, ինչպես ամեն մի ազատություն` մտքի, հոգու կամ մարմնի: Չկա այլ ելք բացի ազատագրումից»,- ասում է Խզմալյանը: 

© Medialab.am