«1.500.000 Հայ Արմատ». Խաչատուր Սուքիասյանի առաջարկը` ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ

«1.500.000 Հայ Արմատ». Խաչատուր Սուքիասյանի առաջարկը` ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ
«1.500.000 Հայ Արմատ». Խաչատուր Սուքիասյանի առաջարկը` ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, այսօր գործարար, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Սիլ կոնցեռնի» նախագահ Խաչատուր Սուքիասյանն հանդես է եկել յուրահատուկ առաջարկով: Սուքիասյանի առաջարկն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ: 

«Շուտով Հայ ազգն ու աշխարհի շատ երկրներ ու քաղաքացիներ նշելու են 20-րդ դարի՝ մարդկության դեմ կատարված ամենամեծ ոճրագործություներից մեկի` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը:

20-րդ դարում ցանկացած նման արհավիրքից հետո մեր ազգը միշտ դրսևորել է իր կենսունակությունը, ապրելու մեծ ցանկությունը` կյանք տալով նոր, ավելի առողջ սերունդների, որոնք կարողացել են ոչ միայն վերացնել դրանց հետևանքները, այլև՝ ապահովել ազգի դիմացկունությունը: Մեր պապերը չեն սահմանափակվել հայտարարություններով կամ բողոքով, այլ դրսևորել են ապրելու եւ գործելու մեծ ցանկություն: Այդպես է եղել Առաջին և Երկրորդ աշխարհամարտերից հետո, երբ Ցեղասպանությունից և պատերազմներում մեծ կորուստներից հետո ընտանիքներում ծնվել են բազմաթիվ մանուկներ, այդպես էր նաև 1988 թվականի երկրաշարժից հետո: Ընդ որում, նոր սերնդին, նոր մանուկին կյանք էին տալիս ոչ միայն մարդկային կորուստներ ունեցած ընտանիքները, այլեւ նրանք, ովքեր հավատացել են մեր վաղվա օրվան, տեսել են մեր ազգի վերածննդի ամենակարևոր նախապայմանը: Եվ այդ ամենն արել են սոցիալ-տնտեսական ավելի ծանր պայմաններում, քան այսօրվա իրավիճակն է։

Ուստի, Հայոց ցեղասպանության նախօրեին ՀՀ կառավարությունը, հասարակական-քաղաքական կազմակերպությունները, Սփյուռքում գործող մեր կառույցները պետք է հնչեցնեն համազգային կոչ` «Ամեն ընտանիքում մեկ նոր զավակ, մեկ նոր մանուկ»: Այդ մանուկն է, որ 2-3 տասնամյակ հետո շարունակելու է մեր կորսված սերունդների գործը, վառ է պահելու նրանց հիշատակը, հետապնդելու է ազգային և պետական շահերը: Մեր մեծերը հաճախ են ասում, որ «ես կենդանի եմ այնքան, որքան ապրում է ինձ հիշող սերունդս»: Հետևելով այս խոսքին` վերոնշյալ կարգախոսը դառնում է արդիական ու Հայաստանի Հանրապետության կենսագործունեության կարևոր նախապայման:

Այս կապակցությամբ առաջարկում եմ ՀՀ իշխանություններին, Հայ Առաքելական Եկեղեցու բոլոր թեմերին,  գործարարներին, լրատվամիջոցներին, ՀԿ-ներին լծվել  Ցեղասպանության 100-ամյակին նվիրված մի նախագծի, որի նպատակը կլինի Հայերի թվի կրկնապատկումը: Ի հիշատակ մեր զոհերի, անվանելով այս  նախագիծը «1.500.000 Հայ Արմատ»՝ կոչ անել ամեն հայ ընտանիքին՝ 2014-2016 թվականներին ունենալ առնվազն ևս մեկ երեխա:

Միևնույն ժամանակ, ծրագրի շրջանակներում ձեռնամուխ լինել միջոցառումների շարքի, որոնք կխրախուսեն ծնելիությունը: Այդ նույն ծրագրի շրջանակում կարգադրել ՀՀ բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններին՝ արագ և հեշտացված կարգով քաղաքացիություն շնորհել Սփյուռքում այս տարիներին ծնված հայ մանուկներին: Հայաստանում ծնված երեխաների համար ՀՀ բանկերում անվճար, ավտոմատ կերպով բացել անվանական հաշվեհամարներ, որոնց վրա դրվող 18 տարվա անձեռնմխելիության պայմանով գումարները կարող են ապագա սերունդներին զգալի աջակցություն լինել և կապել հայրենիքի հետ: Ինչպես նաև հանդես գալ այլ նմանատիպ նախաձեռնություններով:

Վստահ ենք, որ միայն այսօրինակ նախագծերը կարող են լավագույն պատասխանը լինել այն մարտահրավերներին, որոնց առաջ այսօր կանգնած է Հայաստանի Հանրապետությունը»:

© Medialab.am