«Եթե ժողովրդի մեծամասնությունը պահանջի իշխանափոխություն, մենք մեծ սիրով կգնանք դրան». Սասուն Միքայելյան

«Եթե ժողովրդի մեծամասնությունը պահանջի իշխանափոխություն, մենք մեծ սիրով կգնանք դրան». Սասուն Միքայելյան
«Եթե ժողովրդի մեծամասնությունը պահանջի իշխանափոխություն, մենք մեծ սիրով կգնանք դրան». Սասուն Միքայելյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:

– Պարո՛ն Միքայելյան, հաշվի առնելով, որ երկրում սոցիալ-տնտեսական վիճակը վատթարանում է, գների բարձրացում է արձանագրվում, արտագաղթի տեմպերն այս տարի կարո՞ղ են աճել:

– Հարկային օրենսգրքի փոփոխությունը, սեղմված գազի, բենզինի, դիզվառելիքի թանկացումը կարող են բերել շղթայական գնաճի: Այս ապրանքները փոխկապակցված են այլ ապրանքների հետ, որոնք նույնպես կարող են թանկանալ: Եվ արտագաղթն այս տարի ահռելի թափ է առնելու: Մեր նպատակն այն է, որ արտագաղթի դեմն առնենք, և մեր նախաձեռնած ցույցերը հենց դրան էլ ուղղված են: Այս թանկացումները լուրջ խնդիր են, ազգային անվտանգության հարց են: Սրա դեմը պետք է առնել, թե չէ արտագաղթը տեսեք ո՛նց է հզորանալու:

– Այնպիսի տպավորություն է, որ իշխանությունները միտումնավոր են նման քաղաքականություն վարում, որպեսզի մարդիկ երկրից գնան: Դուք նման միտում նկատո՞ւմ եք:

– Իշխանությունն այսքան ժամանակ դեռ մի քայլ չի արել, որը դիտավորություն չի ունեցել: Այսինքն՝ ընդդեմ ժողովրդի են գործում: Իշխանությանը ձեռնտու է հետևյալ իրավիճակը՝ ինչքան շատ մարդիկ երկրից գնան, այնքան իրենց համար լավ: Հիշո՞ւմ եք` նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ասում էր՝ բա ի՞նչ անենք, ընդվզող զանգվածին թողնենք, որ ցույցե՞ր անի: Հիմա կամաց-կամաց այդ քաղաքականությունն իրագործում են: Թե՛ ազգաբնակչության թվաքանակն է նվազում, թե՛ այդ թվում՝ գնում են այն մարդիկ, ովքեր կարող են ըմբոստանալ:

– Ոստիկանության տվյալներով՝ վերջին 5 տարիներին ավելի քան 15 000 մարդ է հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից: Նախ` այս թվերն արժանահավա՞տ են, և ինչո՞ւ են մարդիկ գնում երկրից:

– Դա իրենց տվյալներն է, իսկ ինչքան մարդ կա, որ դուրս է գալիս երկրից, բայց գրանցումից դուրս չի գալիս: Այդ մարդիկ գնացել են ու չեն էլ վերադառնալու: Ի՞նչ 15 հազար, ի՞նչ 20 հազար, ի՞նչ 50 հազար:

– Ինչո՞ւ են գնում, ինչո՞ւ են հրաժարվում ՀՀ քաղաքացիությունից, այլևս հույս չե՞ն կապում երկրի հետ:

– Ինչի՞ հետ հույս կապեն: Այսքան տարիների ընթացքում տեսե՞լ եք, որ մի հատ օրենք բերվի հօգուտ ժողովրդի: Բայց այս իրավիճակը երկար չի շարունակվի, ժողովուրդը սպունգ է, ինչքան սեղմենք` կսեղմվի, բայց որ թողնենք` կբացվի: Վախենում են այս իշխանությունները, բացվելուց են վախենում: Բայց մի օր ժողովուրդը կբացվի:

– Բայց կարծես մարդիկ «բացվելու» ու պայքարելու փոխարեն այլ տարբերակ են ընտրել՝ լուռ հեռանում են երկրից:

– Այո՛, դա շատ վտանգավոր միտում է: Մենք ստրկությունից գնում ենք դեպի ստրկամտություն: Այն վիճակը, երբ մարդուն արդեն տանում են ստրկամտության, շատ վտանգավոր է, ազգային աղետ է:

– Արտագաղթի մասին խոսելիս իշխանությունները նաև որպես պատճառ նշում են այն, որ մարդիկ երկրից գնում են, քանի որ իրենց տղա զավակներին փորձում են ազատել բանակից: Դուք նման միտում նկատո՞ւմ եք:

– Սո՛ւտ է: Այս զորակոչի ժամանակ էլ ինչքան մարդ այնտեղից հետ եկավ, որ գնան բանակ: Իշխանությունները հեքիաթ են պատմում: Ամեն հարցի պետք է հակառակ հարցեր ու պատասխաններ տան, պետք է իրենք արդարանան: Բանակը հզոր է տնտեսությամբ: Եթե տնտեսությունը հզոր լինի, մարդիկ չեն արտագաղթի, կգնան ու կծառայեն: Կան դեպքեր, որ տղա երեխաներին տանում են, բայց դա մեծ թիվ չէ:

– Ո՞րն է ստեղծված իրավիճակում ելքը:

– Երկրում շատ լուրջ պրոբլեմներ կան, գնալով վիճակն ավելի է խորանալու: Մարդկանց համար արդեն հանապազօրյա հացի խնդիր կա: Այսօր մենք դուրս ենք գալիս փողոց, որ դա կանխենք:

– Իսկ փողոց դուրս գալուց հետո հաջորդ քայլը` կգնա՞ք իշխանափոխության:

– Եթե ժողովրդի մեծամասնությունը պահանջի իշխանափոխություն, մենք մեծ սիրով կգնանք դրան: Մենք խորհրդարանական հարթակում ինչ կարողացել ենք` արել ենք:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am