Ապօրինի գույքի բռնագանձման մասին մի քանի տասնյակ հայցադիմումներ, բայց՝ ոչ մի բռնագանձում. ինչո՞ւ է հապաղում «թալանի վերադարձը»

2022 թվականի ընթացքում սկսվել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման 77 ուսումնասիրություններ: 2021-ին դրանք 65-ն են եղել: Պատասխանելով «Մեդիալաբի» գրավոր հարցմանը՝ ՀՀ գլխավոր դատախազությունից ներկայացրել են, որ ինչպես նոր, այնպես էլ 2020-2021 թթ. սկսված ուսումնասիրությունների շրջանակներում ձեռք են բերվում տվյալներ, և կատարվում են վերլուծություններ:

«Քանի որ նշվածը շարունակական գործընթաց է՝ միմյանց հետ փոխկապակցված քայլերի հաջորդականությամբ, հնարավոր չէ տարանջատել, թե ենթադրյալ ապօրինի գույքերը երբ են բացահայտվել:

Ավելին, Դատախազությունը վիճակագրությունը վարում է ոչ թե «բացահայտված» դեպքերի, այլ արդեն դատարան ներկայացված հայցապահանջների մասով:

2022 թվականի ընթացքում դատարան են ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույք բռնագանձման 21 հայցադիմումներ, 2021-ին՝ դրանք եղել են 3-ը»,- տեղեկացրել են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ հունվարի 5-ին «Մեդիալաբին» ուղարկված գրավոր պատասխանում:

Նկատենք, որ հունվարի 11-ին արդեն Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 24-րդ հայցադիմումն է Հակակոռուպցիոն դատարանը ընդունել վարույթ:

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ապօրինի գույքի բռնագանձում կարող է կատարվել արտադատական կարգով՝ հաշտության համաձայնության առկայության դեպքում կամ դատական կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա:

Գլխավոր դատախազությունից փորձել էինք հասկանալ՝ երկու տարուց ավելի գործող օրենքի պայմաններում արդյոք կատարվե՞լ են բռնագանձումներ: Հարցին ի պատասխան տեղեկացրել են. «Առ այս պահը որևէ վարույթով կնքված հաշտություն առկա չէ, իսկ դատական գործերը գտնվում են դեռևս սկզբնական փուլերում, ինչը պայմանավորված է մասնագիտացված նոր դատարանի ստեղծմամբ: Մասնավորապես, 2022 թվականի ամռանը ձևավորվել է Հակակոռուպցիոն դատարանը, որից հետո Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող գործերը փոխանցվել են Հակակոռուպցիոն դատարան, և, համապատասխան դատավարական ժամկետների պահպանմամբ, առաջին դատական նիստերը սկսվել են հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներից: Այսպիսով՝ վերոնշյալ օբյեկտիվ պատճառներով պայմանավորված՝ այս պահի դրությամբ դեռ որևէ բռնագանձում տեղի չի ունեցել»:

2020-ին ընդունված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքը փաստորեն շարունակում է աշխատել, երբ դրա սահմանադրականության հարցը բարձրացվել է Սահմանադրական դատարանում: 2021-ին Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններն էին դիմել ՍԴ: Իշխանությունը նրանց մեղադրում էր, որ սեփական հարստությունը պահպանելու փորձ է ՍԴ դիմելը, քանզի այս օրենքի թիրախում են հայտնվել ընդդիմադիր խմբակցությունների այնպիսի պատգամավորներ, ինչպիսիք են Սեյրան Օհանյանը, Տարոն Մարգարյանը:

Օրենքի նախագծի, ինչպես նաև հետագայում դրանում փոփոխությունների քննարկումների ժամանակ իշխանական պատգամավորները այս գործիքը համարում էին «թալանչիների ու հանցավոր խմբակների թալանը վերադարձնելու» միջոց, բայց երկու տարի անց որևէ գույք չի հաստատվել, որ «թալանված է» ու չի վերադարձվել պետությանը:

Ինչևէ, արձագանքելով ՍԴ-ին, Վենետիկի հանձնաժողովը ողջունել էր ապօրինի գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրման փորձը Հայաստանում, բայց ՍԴ-ի ուշադրությունը հրավիրել էր մի շարք խնդիրների վրա, ինչպիսին են՝ ապացույցների ձեռքբերման հնարավորությունը, գույքի ձեռքբերման ժամկետների ողջամտությունը և այլն:

«Սահմանադրական դատարանը, կարծում եմ, իր համապատասխան որոշման մեջ բոլոր հարցերին անդրադարձ կանի, ու պատկերն ավելի կամբողջանա: ՍԴ-ն իր որոշմամբ կարող է հուշել դատարաններին ու դատախազությանը՝ ի՛նչ խնդիրներից արժի խուսափել: Բայց մինչ այդ, կարծում եմ՝ դատարանները կսպասեն, մինչև ՍԴ-ն վերջնական որոշում կայացնի, որպեսզի շրջապտույտ տեղի չունենա, այսինքն՝ չլինեն դատական այնպիսի որոշումներ, որ ՍԴ որոշման հիման վրա ստիպված լինեն վերանայել դրանք»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը:

Գլխավոր դատախազությունը բռնագանձում չկատարելու փաստը պայմանավորում է Հակակոռուպցիոն դատարանի ամբողջական ձևավորված չլինելու հանգամանքով: Սակայն փորձագետն ասում է՝ դատական համակարգում հակակոռուպցիոն մասնագիտացված ճյուղը գրեթե ամբողջությամբ ձևավորված է, Վերաքննիչ քրեական դատարանում նշանակումներն արված են: «Զուտ կազմակերպական առումով ես չեմ տեսնում խոչընդոտ ո՛չ Հակակոռուպցիոն դատարանում, ո՛չ էլ Դատախազությունում գործերի քննության առումով: Բայց այլ է խնդիրը Սահմանադրական դատարանի հետ կապված, քանի որ ՍԴ-ն պետք է օրենքի վերաբերյալ որոշում կայացնի»,- ասում է Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ ապօրինի գույքի բռնագանձման գործընթացը շատ արագ պետք է կազմակերպվեր՝ անդրադառնալով միայն ակնհայտ ապօրինի հարստացման այնպիսի դեպքերին, որոնք վիճարկման տեսանկյունից խիստ կասկածելի կլինեին:

«Եթե նայում ենք այս ինստիտուտը գործի դնող պետություններին, տեսնում ենք՝ դրանք շատ քիչ թվով գույք են կարողացել վերադարձնել: Պետք էր խուսափել այնպիսի դեպքերից, որոնք կողմերին կգցեին իրավական անընդհատ շրջապտույտի մեջ: Ի վերջո, ապօրինի գույքի բռնագանձման ինստիտուտի նպատակը հասարակության խմբերի հաշտեցումն է, չպետք է առաջացնել այնպիսի իրավիճակ, որ առաջանան խոր հակասություններ: Կրկնում եմ՝ պետք էր ակնառու դեպքերի վրա կենտրոնանալ, որ հասարակությունը նաև համակարգի նկատմամբ վստահություն ունենար, տեսներ՝ համակարգն աշխատում է, և ոչ թե հռետորաբանություն անել»,- ընդգծում է Մարտիրոսյանը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am