-Պարո՛ն Սաֆրաստյան, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 1-ին Անկարայում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է աջակցել թե՛ Ադրբեջան-Վրաստան-Հայաստան և թե՛ Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան ձևաչափով եռակողմ համագործակցություններին: Թուրքիան այս քայլով ինչի՞ է ձգտում հասնել, իրական նպատակը ո՞րն է Էրդողանի:
–Էրդողանի հայտարարությունը երկու մասից է բաղկացած՝ առաջինը, որ իրենք աջակցելու են Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան համագործակցությանը: Մոտավորապես 13-14 տարի առաջ Թուրքիայի նախաձեռնությամբ ու հովանավորությամբ ստեղծվեց այդ եռյակ միությունը, որը սկզբից միայն տնտեսական էր, հետո դարձավ քաղաքական, հիմա էլ ձեռք է բերում ռազմական բնույթ:
Այսինքն՝ Թուրքիան նաև Վրաստանին է ներքաշում ռազմական այդ միության մեջ և փորձում է դրանով իսկ թուլացնել Ռուսաստանի դիրքերը մեր տարածաշրջանում և մեկուսացնել Հայաստանը, որովհետև վերջինս չի մտնում դրա մեջ:
Սա թուրքական նախաձեռնություն է, որը տարիներ շարունակ փորձում են իրականացնել:
Հայտարարության երկրորդ մասը, որ Թուրքիան համաձայն է աջակցել Ադրբեջան-Վրաստան-Հայաստան համագործակցությանը մեր տարածաշրջանում, իմ գնահատմամբ, նշանակում է, որ Թուրքիան հարավ-կովկասյան տարածաշրջանում պատրաստվում է իր ծավալապաշտական քաղաքականության իրականացման հաջորդ փուլին:
Այսինքն՝ առաջին ծրագիրը, եթե միտված էր Ռուսաստանի ազդեցության թուլացմանը տարածաշրջանում և Հայաստանի մեկուսացմանը, ապա երկրորդ փուլը պետք է լինի նրանց ստրատեգիական նպատակը՝ ամբողջ տարածաշրջանը իրենց ազդեցության տակ վերցնել, այսինքն՝ ընդհանրապես Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից և իրենց այդ ծրագրի մեջ ներքաշել Հայաստանին:
Ադրբեջան-Վրաստան-Հայաստան համագործակցությանն աջակցելու հետ կապված մեկ խնդիր ևս կա՝ Թուրքիան Հայաստանի հանդեպ վարում է բացահայտ թշնամական քաղաքականություն և ոչ մի ցանկություն չունի այն փոխել: Սա նշանակում է, որ Թուրքիան հանդես է գալիս բացահայտ թշնամի մեր նկատմամբ, էլ չեմ խոսում Ադրբեջանի մասին:
Այս պայմաններում խոսել Հայաստանի և Ադրբեջանի համագործակցության մասին՝ այն էլ Թուրքիայի հովանավորությամբ, իմաստ չունի: Իհարկե, հետագայում, երբ նրանք հրաժարվեն իրենց այդ ագրեսիվ քաղաքականությունից՝ նման համագործակցություն հնարավոր կլինի, որոնց նախանշանները դեռևս չկան:
–Նշեցիք, որ առաջին ծրագրով Թուրքիան փորձում է տարածաշրջանում Ռուսաստանի դերը նվազեցնել: Կարո՞ղ ենք ասել, որ Իրանը ևս այդ ցանկում է:
-Անտարակույս: Թուրքիան և Իրանը պատմական հակառակորդներ են՝ սուննիականության և շիականության շրջանակներում աշխարհաքաղաքական հակառակորդներ են եղել մեր տարածաշրջանում, ավելի լայն առումով՝ Մերձավոր Արևելքում:
Հիմա էլ այդ երկու երկրների հարաբերությունները մեկ ավելի լարվում են, մեկ լարվածությունը թուլանում է, որոշակի համագործակցություն կա, բայց իհարկե, Թուրքիան ամեն ինչ անում է և կանի, որ թուլացնի Իրանի դիրքերը մեր տարածաշրջանում: Դա ակնհայտ է:
– Պարո՛ն Սաֆրաստյան, Էրդողանը Վրաստանը դիտարկում է որպես տարածաշրջանային համագործակցության բանալի, բայց Վրաստանը համաձա՞յն է դառնալ այդ «բանալին»:
-Վրաստանն արդեն գնացել է Թուրքիայի հետ համագործակցության: Տնտեսական, ֆինանսական առումով՝ Վրաստանը Թուրքիայից շատ մեծ կախվածություն ունի: Թուրքիան այնտեղ մեծ ներդրումներ ունի և, փաստորեն, մենք տեսնում ենք, որ այդ տնտեսական կախվածությունը Թուրքիայից աստիճանաբար վերաճում է նաև քաղաքական կախվածության, որի վառ ապացույցը Բաթումին է, որտեղ տասնյակ հազարավոր վրացիներ ընդունում են թուրքական քաղաքացիություն:
Կա նաև այն հանգամանքը, որ Վրաստանը ձգտում է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, իսկ առանց Թուրքիայի համաձայնության, Վրաստանը չի կարող ՆԱՏՕ-ի անդամ դառնալ: Այսինքն՝ Վրաստանը շահագրգռված է Թուրքիայի հետ ունենալ ոչ միայն լավ հարաբերություններ, այլև՝ Թուրքիայի այդ ծրագրերի մաս կազմել:
Ըստ էության, մեր տարածաշրջանում Թուրքիայի ծավալապաշտական ծրագրերը հիմնվում են հենց Վրաստանի վրա: Պատահական չէ, որ Վրաստանով է անցնում Բաքու-Ջեյհան նավթամուղը, Բաքու-Էրզրում գազատարը, Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգիծը: Այս առումով՝ համաձայն եմ Էրդողանի հետ, որ մեր տարածաշրջանում իր ծրագրերն իրականացնելու համար, այո՛, Վրաստանը բանալու նշանակություն ունի Թուրքիայի համար:
– Պարո՛ն Սաֆրաստյան, կարո՞ղ ենք արձանագրել, որ այս կերպ Թուրքիան փորձում է Վրաստանին հետ պահել Հայաստան-Իրան-Վրաստան եռակողմ համագործակցության ծրագրից:
-Այդ ծրագիրը կա և դա իրականացվում է: Իրանը դրանում շահագրգռված է: Կարծում եմ, որ Վրաստանը ևս և չի հրաժարվի այդ ծրագրից, որովհետև դա իրեն օգուտ է բերելու:
Թուրքիայի համար դա առանձնապես նշանակություն չունի, որովհետև Թուրքիան Վրաստանն օգտագործում է իր նպատակների համար և Վրաստանի կախվածությունը մեծ է Թուրքիայից, այնպես որ Վրաստանը չի կարող Թուրքիայից ոչ մի տեղ փախչել:
-Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան եռակողմ համագործակցությունը ընդհանուր տարածաշրջանի և մասնավորապես, Հայաստանի համար, ի՞նչ վտանգներ է պարունակում:
-Վտանգն ակնհայտ է՝ տեսնում ենք, որ արդեն գոյություն ունի թուրք-ադրբեջանական տանդեմ, և Թուրքիան ձգտում է, որ այդ տանդեմին միանա նաև Վրաստանը: Բայց պետք է հաշվի առնել, որ Վրաստանի նպատակը ոչ թե Թուրքիայի հետ մերձենալն է, այլ՝ դեպի Արևմուտք գնալը: Արևմտյան ինտեգրումն է այդ երկրի նպատակը:
Ուղղակի Թուքիայի հետ համագործակցում է ուզած-չուզած՝ ի տարբերություն Ադրբեջանի, որն այլընտրանք չունի և պետք է ծառայի Թուրքիայի շահերին: Իսկ Վրաստանի քաղաքականությունն այս առումով ավելի ճկուն է. նա փորձում է իր հիմնական նպատակին հասնելու համար օգտվել նաև Թուրքիայի հետ համագործակցությունից, բայց դրա համար ծանր գին է վճարում՝ թուրքական ազդեցությունը նկատի ունեմ այն բոլոր առումներով, որոնց մասին արդեն խոսեցի:
Այսինքն՝ Վրաստանի նպատակը Թուրքիային սերտաճելը չէ, ինչպես Ադրբեջանի պարագայում է:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab