«Քոչարյանը չունի քաղաքական լուրջ հենարան, բայց հայտնի է որպես ինտրիգների, քաղաքական կատակլիզմների հեղինակ». քաղաքագետ

«Քոչարյանը չունի քաղաքական լուրջ հենարան, բայց հայտնի է որպես ինտրիգների, քաղաքական կատակլիզմների հեղինակ». քաղաքագետ
«Քոչարյանը չունի քաղաքական լուրջ հենարան, բայց հայտնի է որպես ինտրիգների, քաղաքական կատակլիզմների հեղինակ». քաղաքագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Արմեն Վարդանյանը։

– Պարո՛ն Վարդանյան, ինչպե՞ս եք գնահատում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հայտարարությունը։ Մինչ այդ էլ Ազգային ժողովի ՀՀԿ-ական փոխնախագահներն էին արձագանքել Նիկոլ Փաշինյանի ելույթին, որ խոսքի ազատության սահմանափակման, ժողովրդավարության նահանջ է նկատվում։ Սրանով ՀՀԿ-ն ինքնապաշտպանական խնդի՞ր է լուծում։

– Այն, որ նոր իշխանության գործունեությունը նախկին իշխանության՝ ՀՀԿ-ի ներկայացուցիչների մանրադիտակի տակ է, և նրանք ամեն կերպ փորձում են սխալներ գտնել այս իշխանության գործելակերպում, վաղուց էր պարզ, դա նորմալ է, այդպես էլ պետք է լիներ։ Հենց այս հանգամանքը հաշվի առնելով՝ ցանկալի է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոխի իր հռետորաբանությունը, ամեն դեպքում ինքն այլևս ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ չէ, և իր որոշ հայտարարություններ կարող են տարբեր կերպ մեկնաբանվել։ Այն, որ նոր Հայաստանում դատավորների մեծ մասը վաղուց չի համապատասխանում նոր իրավիճակին, որևէ մեկի համար գաղտնիք չէ, և այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող, բայց եթե վարչապետը հրապարակավ հորդորում է այդ դատավորներին խելքները գլուխները հավաքել, սա կարող է դիտվել որպես ճնշում դատական իշխանության վրա։ Դրա համար ցանկալի է վարչապետի հռետորաբանության փոփոխությունը։ Եվ եթե նման հայտարարություններ անեին իր կուսակցության մյուս անդամները, միգուցե այսպես սուր չընկալվեր, բայց սա վարչապետ Փաշինյանի ելույթն էր։

– Ընդհանրապես, ծրագրային բաց կա՞ր ելույթում, թե՞ ոչ։

–  Ծրագրային ելույթ չկար, և դա նորմալ էր։ Սա նախընտրական միջոցառում չէր, և ծրագիր ներկայացնելու կարիք չկա, այն, կարելի է ասել, ավելի շուտ ամփոփիչ ելույթ էր, ամփոփում էր կառավարության գործունեության հարյուր օրը որոշ մասով, և որոշ մասով էլ հստակ մեսիջներ էր ուղղում նաև նախկին իշխանության ներկայացուցիչներին, որպեսզի նրանք լավ հասկանան՝ ի՛նչ պետք է անեն և ի՛նչ չպետք է անեն ապագայում։ Եվ սա ինչ-որ չափով երկխոսություն էր իր համակիրների, կողմնակիցների հետ, բայց այն ծրագրային չի կարելի համարել, քանի որ դեռևս նախընտրական միջոցառում չէ, և նա դեռ նախընտրական ծրագիր չի ներկայացնում՝ չնայած Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին ներկայացնելը և նրան ընտրելու կոչ անելը ինչ-որ չափով կարելի է համարել նախընտրական մեսիջ։

– Քոչարյանի՝ քաղաքականություն վերադարձը որքանո՞վ կարող է համախմբել հակահեղափոխական ուժերին։ Նրանք հաջողելու հնարավորություն ունե՞ն։ Ռևանշի վտանգ տեսնո՞ւմ եք, թե՞ ոչ։

– Եթե լինեն ազատ և արդար ընտրություններ, և երկրորդ նախագահը մասնակցի դրանց, ուղղակիորեն նա իշխանություն վերադառնալու հնարավորություն չունի, որովհետև մարդիկ հիշում են նրա իշխանության տարիներին ինչպես էր ճնշվում խոսքի ազատությունը, ինչպես էին մարդու իրավունքները համատարած ոտնահարվում, քաղաքական սպանությունները և այլն։ Բացի այդ, Ռոբերտ Քոչարյանը չունի քաղաքական լուրջ հենարան։ Եվ ազատ, արդար ընտրությունների դեպքում նա որևէ շանս չունի իշխանության գալու։ Բայց նա հայտնի է որպես ինտրիգների, քաղաքական կատակլիզմների հեղինակ, նրա իշխանության գալն էլ նախկինում կարծես թե այդպես եղավ. նա կարողացավ ինտրիգներից, ներիշխանական տարաձայնություններից օգտվելով գալ իշխանության։ Եվ տեսականորեն չի բացառվում նաև այդ տարբերակը։ Պատահական չէ, որ նախկին իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ խոսում են քաղաքացիական պատերազմի, հակաժողովրդավարական երևույթների մասին։ Տեսականորեն միայն այդ կերպ նա կարող է գալ, իսկ գործնականում նա իշխանություն վերադառնալու շանսեր ուղղակի չունի։

– Եթե ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն որոշեն աջակցել Քոչարյանին, ի՞նչ խնդիրների առաջ է կանգնելու Նիկոլ Փաշինյանը։ Հնարավո՞ր է՝ նրանք մեկ տարի հետո անվստահություն հայտնեն Փաշինյանին և իրենց վարչապետին առաջարկեն։

– Տեսականորեն սա էլ է տարբերակ, որովհետև Հայաստանում դեռևս որևէ կուսակցության չի հաջողել խորհրդարանական ընտրություններից հետո ունենալ բացարձակ իշխանություն, և որևէ կուսակցություն 50+1 չի հավաքել, և ակնհայտ է, որ հաջորդ ընտրություններից հետո էլ ձևավորվելու է կոալիցիոն կառավարություն։ Այս առումով ցանկալի է, որ Նիկոլ Փաշինյանն ունենա պոտենցիալ դաշնակիցներ նաև այլ կուսակցությունների մեջ, որպեսզի ընտրություններից հետո այլ ուժեր չմիավորվեն, կոալիցիա չկազմեն և Ռոբերտ Քոչարյանին բերեն որպես վարչապետ։ Լավ կլինի, որ վարչապետ Փաշինյանը «Ելքի» մյուս կուսակցությունների հետ շարունակի աշխատել, նաև այլ ուժերի, որպեսզի այդ հակահեղափոխական ուժերը չկարողանան ընտրություններից հետո այնքան ձայն ունենալ ԱԺ-ում, որ միավորվելով կոալիցա կազմեն և բերեն իրենց ցանկալի թեկնածուին։

Մանե Հարությունյան

MediaLab.am