Սպասումներ. մինչև հունիսի 30-ը հանրահավաքի անցկացումը հավանական է միայն ֆորս մաժորի դեպքում

Թեև ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հաջորդ հանրահավաքը նախատեսված է հունիսի 30-ին, սակայն ընդդիմադիրները չեն բացառում, որ ֆորս մաժորային իրավիճակում հնարավոր է հանրահավաք լինի նաև մինչև այդ:
«Մինչև հունիսի 30-ը Կոնգրեսը կարող է հանրահավաք անցկացնել, եթե Ֆորս մաժորային իրավիճակ լինի երկրում»,- «Մեդիալաբի» հետ զրույցում փոխանցեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի մամլո խոսնակ Արման Մուսինյանը:

Արման Մուսինյանի խոսքով` ֆորս մաժոր ասելով ինքը նկատի ունի «ներքաղաքական դաշտում այնպիսի արտակարգ իրադարձություն, որը կարող է փոխել քաղաքական իրավիճակը երկրում»:

Այդուհանդերձ, Կոնգրեսի մամլո խոսնակը հավելեց, որ «այս պահի դրությամբ Հայ ազգային կոնգրեսն ունի մեկ որոշում` հանրահավաք անցկացնել հունիսի 30-ին»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ նախատեսված ժամկետից շուտ հանրահավաք անցկացնելու հավանականության մասին խոսել էր Կոնգրեսի մաս կազմող ՀՀՇ կուսակցության վարչության նախագահ Արամ Մանուկյանը:

Մանուկյանն ասել էր, թե «հնարավոր է՝ Հայ ազգային կոնգրեսը հանրահավաք հրավիրի նաև մինչև հունիսի 30-ը, եթե մինչ այդ իշխանություններն արձագանքեն երկխոսության առաջարկին»։

«Ոչինչ էլ չի փոխվել, որ մենք այդ օրը հանրահավաք ենք նշանակել։ Մենք այդ հանրահավաքը նշանակել ենք՝ համաձայն մեր խոստման, դիմել ենք քաղաքապետարան, որն էլ իրազեկումն ընդունել է ի գիտություն»,- ասել էր ՀՀՇ ղեկավարը։

Հիշեցնենք, որ ՀԱԿ-ի առաջնորդ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մայիսի 31-ին հանրահավաքում` արձանագրելով, որ իշխանությունները փաստացի կատարել են ընդդիմության երեք պահանջները (քաղբանտարկյալների ազատ արձակում, Ազատության հրապարակի վերաբացում և մարտի 1-ի սպանությունները քննելու պաշտոնական հավաստիացում), նշել էր, որ ընդդիմությունը պատրաստ է երկխոսության իշխանությունների հետ:

Մի քանի օր անց Կոնգրեսը նաև հրապարակել էր իշխանությունների հետ երկխոսության համար ստեղծված հինգ հոգանոց պատվիրակության կազմը` հայտարարելով, թե երկխոսության իր օրակարգը միայն արտահերթ ընտրությունների շուրջ կարող է լինել:

«Կոնգրեսի օրակարգը հայտնի է` արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացում։ Բայց դա չի նշանակում, թե մենք չպետք է հաշվի առնենք նաև իշխանության ներկայացրած օրակարգն ու հակաառաջարկները, այլապես կխախտվի կողմերի իրավահավասարությունը»,- հայտարարել էր Լևոն Տեր-Պետրոսյանը:

Իշխանությունները` ի դեմս ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, թեև անմիջապես արձագանքել և ողջունել է երկխոսություն սկսելու ընդդիմության առաջարկը, սակայն հետագայում հայտարարել է, թե իշխանությունները երկխոսության համար պատվիրակություն չեն ձևավորելու և չեն բանակցելու արտահերթ ընտրությունների շուրջ:

Այդ մասին հետագայում արդեն հայտարարություններ են արել ինչպես իշխող ՀՀԿ անդամ պատգամավորներ Գալուստ Սահակյանը, Էդուարդ Շարմազանովը, այնպես էլ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը:

«Արտահերթ ընտրությունների շուրջ բանակցելու ՀԱԿ առաջարկը անընդունելի և ինքնանպատակ է»,- հայտարարել էր Կարապետյանը:

Ի պատասխան այս հայտարարությունների` ընդդիմության առաջնորդը հայտարարել էր, թե «որոշումների կայացման (decision making) գործում զրոյական դերակատարություն ունեցող անձանց կարծիքը տվյալ պարագայում որևէ նշանակություն չունի»:

«Հետևաբար, քանի դեռ իր տեսակետը չի արտահայտել Սերժ Սարգսյանը, անիմաստ է այդ մասին որևէ բան ասել: Միայն պետք է նկատի ունենալ, որ երկխոսությունը ոչ այնքան Կոնգրեսին, որքան իշխանությանն է անհրաժեշտ: Երկխոսության չկայացման դեպքում Կոնգրեսը ոչինչ չի կորցնի, այլ գուցեև քաղաքական տեսակետից շահի: Կորցնողը լինելու է առաջին հերթին իշխանությունը: Իսկ մեծ հաշվով` մենք բոլորս, այսինքն` երկիրն ու ժողովուրդը»,- ասել էր Լևոն Տեր-Պետրոսյանը` հավելելով. «ուզում են` թող երկխոսեն, չեն ուզում՝ մեղքը իրենց վիզը»:

Ընդդիմության այս հայտարարությանը իշխանություններն առայսօր որևէ պաշտոնական պատասխան չեն տվել:

Քրիստինե Խանումյան

© Medialab.am