Մտքի խաղեր. սեպտեմբերի 1-ից դպրոցներում շախմատը կներդրվի որպես պարտադիր առարկա` «ապագա կերտելու համար»

Մտքի խաղեր. սեպտեմբերի 1-ից դպրոցներում շախմատը կներդրվի որպես պարտադիր առարկա` «ապագա կերտելու համար»
Մտքի խաղեր. սեպտեմբերի 1-ից դպրոցներում շախմատը կներդրվի որպես պարտադիր առարկա` «ապագա կերտելու համար»

 
Մինչ Հայաստանը հպարտությունից ցնծում է հուլիսի 15-26-ը Չինաստանի Նինբո քաղաքում անցկացված շախմատի աշխարհի թիմային առաջնությունում չեմպիոնի պատվավոր կոչումը վաստակելու առթիվ, դպրոցներում գրեթե մեկ ամսից մեկնարկելիք դասերին արդեն իսկ պատրաստվում են դիմավորել շախմատային սև ու սպիտակով` հայերի համար այդքան սիրելի և տարածված խաղը արդեն որպես պարտադիր առարկա դասասենյակներ տանելու նոր ծրագրով:

 

Սեպտեմբերի 1-ից Հայաստանի 1400 դպրոցների 2-րդ դասարանցիները` 6,5 տարեկան ուսումնական ծրագրի շրջանակներում, շաբաթական երկու դասաժամ ծանրաբեռնվածությամբ շախմատ կուսումնասիրեն: Արդեն իսկ մեկնարկել է դպրոցները համապատասխան գույքով ապահովելու, ուսուցիչների վերապատրաստման գործընթացը: Եկող տարիներին շախմատը պարտադիր կլինի նաև 3-րդ և 4-րդ դասարանցիների համար, որը, ըստ մասնագետների, կզարգացնի երեխաների միտքը:

Ծրագիրն իրականացնելու համար կառավարությունը մոտ 177 մլն դրամ (մոտ 485.000 դոլար) է հատկացրել, ինչպես նաև հավելյալ գումար` շախմատի սեղան և աթոռ ձեռք բերելու համար` կրթության որակը բարձրացնելու դերում «առանցքային» որակելով ծրագիրը:

«Հայաստանում չկա մի ծնող, որ չուզենա իր երեխան շախմատ խաղալ իմանա: Թոռնիկս էլ վեց տարեկան է, բայց հետաքրքրված է շախմատով, շախմատը հայերիս համար է,- «Մեդիալաբին» ասում է ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը: – Ուստի քննարկումների արդյունքում մենք որոշեցինք ներդնել շախմատը` որպես պարտադիր առարկա»:

Փոքր Հայաստանի համար, թվում է, թե մեծ հաջողությունները կապվում են հենց շախմատի հետ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը օլիմպիադաների եռակի մրցանակակիր է, իսկ 2006-ին և 2008-ին նվաճել է չեմպիոնի կոչումը:

Իսկ երեկ Հայաստանի հավաքականը, 9 տուրերում առավելության հասնելով Իսրայելի, Եգիպտոսի, Չինաստանի, Հնդկաստանի, Հունգարիայի նկատմամբ, ոչ-ոքի խաղալով ԱՄՆ-ի Ռուսաստանի, Ադրբեջանի և Ուկրաինայի հավաքականների հետ, նվաճել է շախմատի աշխարհի առաջնության չեմպիոնի տիտղոսը: Այս տիտղոսին նախկինում արժանացել են ԽՍՀՄ-ը, Ռուսաստանը, Ուկրաինան և ԱՄՆ-ը։

«Իրականում մենք աշխարհի լավագույն երկրներից մեկն ենք»,- ասում է շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը:

Թվում է` շախմատը Հայաստանում հետաքրքրում է բոլորին` հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների, երկրի բարձրաստիճան պաշտոնյաների, երիտասարդների և տարեցների:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, որը նաև Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահն է, անցյալ տարի ուկրաինական «Պրոֆիլ» ամսագրին տված հարցազրույցում, անդրադառնալով շախմատին, նշել է, որ թեև Հայաստանը շատ փոքր տարածքով երկիր է և առանձնահատուկ բնական ռեսուրսներ չունի, և նաև դրա համար պարտավոր էին ուշադրություն դարձնել այնպիսի կարևոր ներուժին, ինչպիսին ինտելեկտն է ու շախմատը:

«Շախմատը մարդու մեջ դաստիարակում է նպատակամղվածություն, կարգապահություն և համակարգվածություն: Դա շատ կարևոր է: Ես հպարտանում եմ մեր շախմատիստներով և հպարտ եմ, որ Հայաստանի նախագահ դառնալուց դեռ շատ առաջ եղել եմ շախմատի ֆեդերացիայի նախագահ,- ասել է Սարգսյանը: – Մենք կարծում ենք, որ մեր ամենամեծ ռեսուրսը մեր ինտելեկտուալ ներուժն է: Եվ ոչ միայն Հայաստանի քաղաքացիների ինտելեկտուալ ներուժը, այլ` ամբողջ հայ ժողովրդի»:

Նարինե Հովհաննիսյանն ասում է, որ շախմատի հանդեպ մեր սերն անբացատրելի մեծ է, իսկ դասերի միջոցով երեխաներին սեղանի շուրջ բերելը միայն դրական ազդեցություն կունենա, քանի որ երեխաներն ավելի հավաքված կլինեն, կզարգանան նրանց մտավոր ունակությունները, վերլուծական միտքը:

«Շախմատը դպրոց բերելը ամենալավագույն ճանապարհն է ապագան կերտելու,-ասում է գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը: – Մենք հաշվի ենք առել, որ հենց այդ տարիքն է լավագույնը երեխաների համար շախմատում առաջին քայլերն անելու համար»:

Սակայն Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը, որի կրթահամալիրի դպրոցներում դեռևս 1993 թվականից շախմատ է ուսուցանվում, այդքան էլ լավ միտք չի համարում շախմատը պարտադիր առարկա դարձնելը:

Նա ասում է, որ ընդունելի չէ այն, որ շախմատն ուսուցանվելու է ֆիզկուլտուրայի որոշ ժամերի փոխարեն, երբ մենք ունենք «մարմնակրթության լուրջ խնդիր»:

«Ի՞նչ է, դպրոցում շախմատիստնե՞ր են պատրաստելու: Մի՞թե շախմատը կարելի է դիտարկել որպես հրաշագործ միջոց: Ոչ,- «Մեդիալաբին» ասում է Բլեյանը: -Անհասկանալի է` ինչո՞ւ է շախմատը որպես առանձին պարտադիր առարկա մտցվում, երբ կարելի էր մաթեմատիկային, տրամաբանական խաղերին զուգահեռ գնալ, ի վերջո, ով ուզի` կզբաղվի, ով էլ ոչ` ինչ ուզում ես արա: Փոխարենը կարելի էր մի լավ շախմատային կայք ստեղծել, որ երեխաները խաղային»:

Սակայն այս տեսակետը չի կիսում Վանաձորի շախմատի մասնագիտացված դպրոցի տնօրեն Արշակ Ռամազյանը: Նա ասում է, որ կառավարությունը ճիշտ որոշում է ընդունել, քանի որ շախմատի հանդեպ հետաքրքրությունը աստիճանաբար մեծանում է: Որպես ապացույց խոսում է իր դպրոցի 300-ից ավելի 5-17 տարեկան սաների` տեղական և միջազգային մրցաշարերում ունեցած հաջողությունների մասին:

«Միանշանակ ճիշտ որոշում է դպրոցական ծրագրում շախմատը ընդգրկելը, քանի որ դրանով երեխաների մակարդակը կտրուկ աճելու է, շախմատի շնորհիվ կզարգանան երեխաների տրամաբանությունը, հիշողությունը, երևակայությունն ու կամքը, մտածելու կարողությունը,- ասում է նա: – Երեխան ավելի պատասխանատու և ուշիմ կդառնա, իսկ սիրելի մարզաձևը` ավելի տարածված»:

© Medialab.am