«00:15 մի հատ ականանետային արկ են գցել գյուղի վարչական տարածք՝ վարելահողի մեջ, դրանից հետո ոչ մի բան չի եղել: Ամեն ինչ նորմալ է, գյուղը մարդկային ու նյութական վնասներ չի կրել, ժողովուրդն իր առօրյա կյանքին է»,- «Մեդիալաբին» ասաց Խրամորթ գյուղի ղեկավար Զորիկ Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ մարտի 8-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Խրամորթ գյուղի հատվածում հակառակորդը հերթական անգամ խախտել է հրադադարը՝ 60 մմ տրամաչափի ականանետից 3 հատ ական արձակելով գյուղի ուղղությամբ:
Գյուղի ղեկավարը մյուս երկու ականի ընկնելու վայրի մասին տեղեկություն չուներ, նրա խոսքով՝ գյուղում այս պահին հանգիստ վիճակ է, ամեն բան նորմալ է:
«Ներկա դրությամբ ոչ մի բան չկա, ադրբեջանական ձայնագրություններն էլ այլևս չեն հնչում: Ռուս խաղաղապահները երեկվա դեպքի մասին տեղեկացված են, ամեն ինչ գիտեն, ամեն բան իր հունով գնում է»,- ասում է Զորիկ Աբրահամյանը:
Խրամորթի ղեկավարի համար զարմանալի ու անսպասելի չեն ադրբեջանական կողմի այս սադրանքները, ըստ նրա, թշնամու նպատակն ակնհայտ է՝ անել հնարավորը, որպեսզի գյուղը դատարկվի:
«Թշնամին ամեն ինչ անում է, որպեսզի մեր ժողովուրդը հիասթափվի, հոգնի ամենօրյա դարձած այս վիճակից ու գյուղը լքի, բայց նման բան չի լինի: Մենք Խրամորթից դուրս չենք գա, ամեն գնով պահելու ենք»,- «Մեդիալաբին» ասաց Զորիկ Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ մարտի 6-ի առավոտյան թշնամին կրկին կրակոցներ էր արձակել Խրամորթ գյուղի ուղղությամբ:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am