«McDonald’s –ի մուտքը Հայաստան նոր որակ կբերի». Էկոնոմիկայի նախարարությունը ողջունում է, սիրահարները` սպասում

«McDonald’s –ի մուտքը Հայաստան նոր որակ կբերի». Էկոնոմիկայի նախարարությունը ողջունում է, սիրահարները` սպասում
«McDonald’s –ի մուտքը Հայաստան նոր որակ կբերի». Էկոնոմիկայի նախարարությունը ողջունում է, սիրահարները` սպասում

Վերջապես համբուրգերների ու չիզբուրգերների սիրահարները հնարավորություն կունենան նաեւ Հայաստանում վայելելու հանրահայտ McDonald’s-ի Բիգ Մակերը, Համբուրգերներն ու մյուս հանրահայտ ուտեստները: Համենայն դեպս նման «հույսեր» արդեն նշմարվում են:
Թեեւ կոնկրետ հայտարարություն դեռեւս չկա, այնուամենայնիվ Երեւանում ամերիկյան արագ սննդի առաջատարի ի հայտ գալու լուրն արդեն իսկ ուրախացրել է շատերին:
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի բաժնի պետ Անահիտ Խեչոյանը «Մեդիալաբին» ասում է, որ McDonald’s-ի մուտքը Հայաստան ողջունելի է» իրենց կողմից:
«Սա կլինի առաջին ֆրանչայզինգային ընկերությունը, հայտնի ամբողջ աշխարհում, որ մուտք կգործի Հայաստան: Այն կբերի մեծ ներդրումներ, բիզնեսի աշխուժացում, աշխատատեղերի ավելացում եւ բացի այդ կբերի նոր ծառայությունների որակ ու աճ Հայաստանում»,-ասում է Խեչոյանը եւ հավելում, որ արագ սննդի գիգանտի մուտքը Հայաստան կնպաստի նաեւ տուրիզմի զարգացմանը՝ գրավելով Հայաստան եկող արտասահմանցիներին:

Ըստ «ՉԻ» հրապարակման՝ McDonald’s ցանցի լիցենզիան գնել է ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի եղբայր, ՌԴ-ում հայտնի գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր Գրուպ» ընկերությունը: Սակայն, տեղեկությունը ոչ հաստատվել, ոչ էլ հերքվել է հնարավոր «սեփականատիրոջ» կողմից:

Փոխարենը օրեցօր ակտիվանում են McDonald’s-ի սիրահարները, ովքեր երկար են սպասել բաղձալի այդ պահին: Իսկ Ֆեյսբուկ սոցիալական ցանցի էջում արդեն շուրջ 900 մարդ է միացել:

«Ցանկանում եք McDonald’s Armenia-ն բացվի…

Եթե այո, ապա Like և Share :)) »,-նշված է էջում, ուր հստակեցված չէ, թե որտեղ կլինի այդքան սպասված վայրը:

«Ես շատ եմ սիրում McDonald’s-ի ուտելիքները, հատկապես համբուրգերները, առաջին անգամ Վրաստանում եմ փորձել: Շատ էի ուզում Երեւանում էլ բացվեր, եթե լինի , շատ ուրախ կլինեմ, ընկերներիս կհավաքեմ կգնանք McDonald’s »,-«Մեդիալաբին» ասում է 15-ամյա Հակոբ Մկրտչյանը:

Չնայած սոցիալական ցանցերում McDonald’s համբուրգեր-չիսբուրգերների սիրահարների ուրախ արձագանքներին, որոշ մարդիկ այնքան էլ բարեկամաբար չեն արտահայտվում:

Հաղորդավար, պրոդյուսեր Արա Ղազարյանը, ով հիմնական բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ժող, ես ուրախ եմ, որ հայ գործարարը Հայաստան է բերում հայտնի Մաքդոնալդս բրենդը, բայց չեմ կարողանում հասկանալ, թե ինչու են շատերը ուրախությունից գլուխները կորցրած իրար աչքալուսանք տալիս…Ես գալիս եմ Հայաստան ու ամեն օր վայելում եմ տեղի օրգանական մթերքները, իսկ դուք ուրախանում եք, որ աշխարհի համար մեկ «ԱՂԲԿԵՐԱԿՈՒՐՆ» է գալիս Հայաստան: Մազալու ազգ ենք… Մեր ընտիր կերակուրը վայելելու փոխարեն երազում ենք ուտել այն ինչից արտասահմանում խելացի մարդիկ խուսափում են»,-գրում է Ղազարյանը:

Լիլիթ Առաքելյան

© Medialab.am