«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական գործիչ Դավիթ Խաժակյանը
– Անցած շաբաթ Նիկոլ Փաշինյանը, որը ներկա էր Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գրքի շնորհանդեսին, միտք էր արտահայտել, թե Հայաստանին «նոր հեղափոխություն է պետք»: Պարո՛ն Խաժակյան, Փաշինյանն այս միտքը հաճախ է կրկնում, դիմելով ընդդիմադիրներին, ո՞րն է այս առաջարկի մեսիջը:
– Եթե ուսումնասիրենք համաշխարհային պատմությունը, թե ե՛րբ են հեղափոխություններ լինում, ապա կտեսնենք, որ դրանք լինում են ձախողումների դեպքում, իսկ նորերը կամ հակահեղափոխությունները՝ դրան նախորդած հեղափոխության ձախողման դեպքում: Օրինակ՝ 2004-ին Ուկրաինայում տեղի ունեցավ նարնջագույն հեղափոխություն, ինչը ձախողվեց, ճիշտ այնպես, ինչպես հիմա ձախողվում է 2018 թվականի հեղափոխությունը, և այնտեղ իշխանության վերադարձավ Յանուկովիչը, որն իհարկե երկիրն ավելի մեծ ցնցումների բերեց: Եթե Փաշինյանը հեղափոխությունից 8 տարի անց արձանագրում է, որ համակարգեր չեն ստեղծվել, ու դա արմատական նոր փոփոխությունների կամ նոր հեղափոխության տեղիք է տալիս, նշանակում է, ինքն անուղղակի ընդունում է իր ձախողումը: Այս արձանագրումից այն կողմ գնահատական սեփական ձախողումների համար դժվար է պատկերացնել:
– Այսինքն՝ երբ Փաշինյանն ասում է՝ եթե իրենց իշխանությունից դժգոհ են, ապա թող ընդդիմությունը կամ ժողովուրդը հեղափոխություն անի, արձանագրում է սեփական ձախողումնե՞րը:
– Կարծում եմ, որ այդտեղ այլ բան է թաքնված. իշխանությունն այս ընտրություններին առնվազն թվային տեսքով մեծամասնություն չստացավ, ինչն էապես պակաս էր հեղափոխությունից հետո արձանագրած իրենց թվից ու 2021-ին արձանագրած արդյունքներից: Երբ դու կորցնում ես մեծամասնության աջակցությունն ու ասում, որ դու լեգիտիմ ես այնքանով, որ մենք հեղափոխությամբ քեզ չենք հեռացնում իշխանությունից, դա ցույց է տալիս, որ քո ընտրական լեգիտիմությունը բավականին ցածր է, ու միակ լեգիտիմությունն այն է, որ քեզ չեն հեռացնում: Փաշինյանն ասում է, որ առաջիկայում սպասվում են զիջումներ Թուրքիային, Ադրբեջանին, վստահաբար՝ տնտեսական անկում, պայմանավորված Ռուսաստանի հետ հարաբերությունների սրմամբ, բայց քանի դեռ դուք ինձ իշխանությունից չեք հեռացրել, դուք համակարծիք եք այս քաղաքականությանը:
– Պարո՛ն Խաժակյան, իսկ ձեր գնահատմամբ՝ կա՞ գործող իշխանությանը հեղափոխությամբ հեռացնելու պոտենցիալը:
– Հեղափոխությունը հասունանում է ժամանակի ու գործողությունների ընթացքում, այդ պահը դեռ չի եկել, դրա համար առնվազն 1-3 տարի կա, բայց եթե իրավիճակն այսպես էլ շարունակվի, երբ ընդդիմադիր մրցակիցներին լռեցնում են քրեական գործերով, ունեզրկելով, ապա այդ պահը վաղ թե ուշ հասունանալու է, այնպես, ինչպես եղավ հարևան Վրաստանում՝ Սաակաշվիլու պարագայում:
Սաակաշվիլուն իշխանությունից հեռացրին ժողովուրդն ու իր ընդդիմախոսները, որովհետև նա իրեն պահում էր ճիշտ նույն կերպ, ինչ Փաշինյանը, ճիշտ նույն կերպ՝ եկեղեցու դեմ արշավներ, մրցակիցների ունեզրկում և այլն: Բայց, կրկնում եմ, որ Փաշինյանը, հեղափոխությամբ իրեն հեռացնելու կոչ անելով, փորձում է ցույց տալ իր լեգիտիմությունը, որ տեսեք՝ քանի որ ինձ չեք հեռացնում իշխանությունից, տեսեք, ես լեգիտիմ եմ, որովհետև չի կարող ասել՝ ես ունեմ ժողովրդի մեծամասնության աջակցությունը, դրա համար եմ լեգիտիմ վարչապետ, չի էլ կարող ասել, թե տիրապետում է փողոցին: Այս բոլոր լեգիտիմության աղբյուրները նա մսխել է:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
















