«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է սահմանադրական և միջազգային իրավունքի մասնագետ Արտաշես Խալաթյանը
– Պարո՛ն Խալաթյան, օրակարգային հարց է դարձել Սահմանադրության փոփոխությունը, իշխանությունը խոսում է այդ փոփոխության անհրաժեշտության մասին, ընդդիմությունն էլ դեմ է դրան: Անհրաժե՞շտ է մեզ Սահմանադրության փոփոխություն, ու ո՞ր դրույթներն են ձեր գնահատմամբ առաջնային, որ պետք է փոխվեն:
– Անհրաժեշտ է ընդունել նոր Սահմանադրություն՝ վերջ տալու 1995-ից սկսված այն վեճին, թե արդյոք Սահմանադրությունն ու դրա հաջորդ երկու խմբագրությունը համապատասխանո՞ւմ են ժողովրդի կամքին, թե՞ կեղծիքներով են ընդունվել: Այս առումով Սահմանադրության փոփոխությունը, հատկապես 2018-ից հետո սկիզբ առած ժողովրդավարական փոփոխություններից հետո անհրաժեշտություն է, ավելին՝ ուշացած քայլ է, սա պետք է արվեր հեղափոխությունից անմիջապես հետո կամ անհապաղ, բայց օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով չարվեց, ու լավ է ուշ քան երբեք սկզբունքով պետք է դա անել հիմա:
Սահմանադրության փոփոխության երկրորդ նպատակը պետք է լինի այն իրավաբանական խութերի վերացումը, որոնք կան 2015-ի փոփոխված տեքստում: Բացի բուն իրավաբանական մի շարք առկա տեխնիկական ու մեխանիկական խութերից, կան բովանդակային մի շարք խնդիրներ, որոնք Սահմանադրության նախագծի այն ժամանակվա հեղինակները կա՛մ անտեսել են, կա՛մ պարզապես բաց են թողել: Այս Սահմանադրությունը չունի քաղաքական կամ սահմանադրական ճգնաժամերը հանգուցալուծելու լեգիտիմ ու արդյունավետ կառուցակարգեր, օրինակ՝ խորհրդարանի արձակման մեխանիզմներ՝ նախագահի կողմից կլինի, թե ինքնալուծարման եղանակով:
Այս Սահմանադրությամբ նախագահի լիազորությունները խիստ սահմանափակ են՝ անգամ խորհրդարանական կառավարման պայմաններում, նախագահն ունի չափազանց ձևական կարգավիճակ, զրկված է վերքաղաքական կամ վերկուսակցական արբիտրի դերակատարում ունենալու հնարավորությունից ու քաղաքական ճգնաժամերը, պետական մարմինների միջև առկա վեճերն արդյունավետորեն հանգուցալուծելու հնարավորությունից: Նախագահի լիազորություններն ու կարգավիճակը պետք է ընդլայնվեն նոր Սահմանադրությամբ:
Հաջորդ խութը վարչապետի լիազորություններն են. այո՛, մենք որքան էլ որդեգրել ենք ուժեղ վարչապետ ու խորհրդարանական կառավարման ձևը, այսինքն՝ գերմանական մոդելը, այդուհանդերձ, տեսնում ենք, որ քաղաքական պրակտիկան զարգանում է մի այնպիսի ուղղությամբ, երբ փաստացի վարչապետն իր ինստիտուցիոնալ դերակատարմամբ փոխարինել է կիսանախագահական հանրապետության նախագահին, միայն այն տարբերությամբ, որ անմիջականորեն ժողովրդի կողմից չի ընտրվում: Վարչապետն իրենով ստորադասել է կառավարությանը որպես կոլեգիալ մարմին, ինչը խաթարում է խորհրդարանական կառավարման էությունը:
Կարևոր է կառավարության՝ որպես կոլեգիալ մարմնի դերակատարման ամրապնդումը, որոնցից մեկը պետք է լինի Ազգային անվտանգության ծառայության՝ վարչապետի ենթակայությունից հանելը: Այս դեպքում ԱԱԾ տնօրենը կունենա պատասխանատվություն ինչպես կառավարության, այնպես էլ խորհրդարանի առաջ ուղղակիորեն:
Պետք է նաև ինստիտուցիոնալ լուծումներ գտնել նախարարների անհատական քաղաքական պատասխանատվությունն ամրապնդելու ու լիազորություններն ընդլայնելու համար, ինչը թույլ կտա հավասարակշռել վարչապետի այսօրվա գերընդգրկուն լիազորություններն ու կարգավիճակը: Պետք է նաև խորհրդարանի լիազորություններն ընդլայնել, մասնավորապես, վերահսկողական, քննիչ հանձնաժողովների ինստիտուտն իրավամբ լավարկումների կարիք ունի, որ կարողանա կատարել իր բուն գործառույթը, որ չկրի ձևական բնույթ:
Կա նաև դատական իշխանության լավարկման անհրաժեշտություն, ես կարծում եմ, որ Սահմանադրությամբ, թեկուզև անցումային դրույթներով, բոլոր դատավորները պետք է ձեռք բերեն պաշտոնակատարի կարգավիճակ, որը տեղի ունենա ինչ-որ ժամանակահատվածում, որը Սահմանադրությամբ պետք է ամրագրվի: Պետք է նրանց մասնագիտական արհեստավարժության ու բարեվարքության համալիր ստուգում անցկացվի, այդ թվում նաև՝ կրիմինալ շրջանակների հետ առնչության համատեքստում: Միայն այդ համալիր ստուգումն անցած դատավորները կվերանշանակվեն իրենց պաշտոններին:
Կարևոր է դատական իշխանության՝ ժողովրդի առջև պատասխանատվության որոշակի մեխանիզմների մշակումը, որպեսզի դատավորների համայնքը չվերածվի փակ կաստայի, որը կարող է այդպիսով մարտահրավեր նետել պետությանը:
– Իսկ անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք սահմանափակելու միևնույն անձի՝ վարչապետի պաշտոնում պաշտոնավարման ժամկետների թիվը՝ հաշվի առնելով այն մտահոգությունները, որ երկարատև պաշտոնավարումը կարող է բացասաբար անդրադառնալ ժողովրդավարական գործընթացների վրա։
– Այո՛, շատ լավ հիշեցրիք, որովհետև ես կարծում եմ, որ ևս մեկ շատ կարևոր դրույթ կա, որ պետք է ամրագրվի՝ դա Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի կրճատումն է, հաշվի առնելով, որ խորհրդարանը միակ առաջնային մանդատ ունեցող ինստիտուտն է, որը ձևավորվում է ժողովրդի կողմից, հնգամյա ժամկետը երկար է ու կարող է ավտորիտարիզմի ու միապետության սաղմեր գցել, ինչը բացասաբար կազդի ժողովրդավարության վրա:
Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը պետք է սահմանել չորս տարի, ինչը կավելացնի ժողովրդի անմիջական մասնակցության չափաբաժինը պետական իշխանության բարձրագույն մարմինների համակարգի ձևավորման վրա, ու երկրորդ՝ այն թույլ չի տա պետական իշխանությանը ճահճանալ, ու կուսակցության ու պետական ապարատի սերտաճման միտումները կմեղմվեն: Սա հետևանքային առումով նաև որոշակի փոփոխություններ կմտցնի միևնույն քաղաքական ուժի կամ դաշինքի պարբերաբար իրար հետևից մեծամասնություն ստանալու հնարավորությունների վրա ու նաև կսահմանափակի միևնույն անձի՝ անընդմեջ վարչապետ ընտրվելու իրավունքը:
– Պարո՛ն Խալաթյան, եթե ձեր նշած այս փոփոխությունները չլինեն նոր Սահմանադրության տեքստում, ապա որքանո՞վ կարող ենք այս փոփոխությունն արդյունավետ համարել:
– Նախ պետք է հաշվի առնել, որ դեռևս փաստ չէ, որ այդ նախագիծը կյանքի կկոչվի ու կստանա ժողովրդի քվեն, բայց եթե ապրիորի պատկերացնենք, որ ստացել է ժողովրդի քվեն, ապա կարձանագրենք, որ կլուծվի Սահմանադրության լեգիտիմության հարցը, բայց, ցավոք սրտի, բովանդակային լավարկում չի ունենա, իսկ սա այնքանով վտանգավոր կլինի, որ բաց կթողնվի հետագա լավարկումների հարցը:
Ես կարծում եմ, որ Սահմանադրության ընդունումից հետո պետք է զերծ մնալ պարբերաբար փոփոխություններ կատարելուց, իսկ սրա համար անհրաժեշտ է մասնագիտական հանրույթի համախմբմամբ այնպիսի կատարյալ Սահմանադրության տեքստի մշակում, որը թույլ կտա օբյեկտիվորեն զերծ մնալ Սահմանադրության անվերջ փորձարկումներից: Շատ լավ կլիներ, որ բացի լեգիտիմության վերականգնման նպատակից լուծվեր նաև կոնկրետ սահմանադրական կանոնակարգերի լավարկման հարցը:
Այս իմաստով խնդրահարույց եմ համարում արդարադատության նախարարության կողմից փաստացի փակ ռեժիմով Սահմանադրության տեքստի մշակման գործընթացը: Հաշվի առնենք, որ գոյություն ունի վարչապետի որոշմամբ սահմանված Սահմանադրական բարեփոխումների խորհուրդ, պետք է նաև ձևավորվեր կոմպետենտ մասնագետներից կազմված համապատասխան հանձնաժողով, կազմավորվեց, բայց այդ մարդիկ հրաժարական տվեցին, դուրս եկան, ու այդ հանձնաժողովն այլևս չհամալրվեց, ու փաստացի այդ տեքստի մշակումն իր վրա վերցրեց արդարադատության նախարարությունը:
Ըստ էության, կարող ենք փաստագրել, որ անհայտ է, թե ով է Սահմանադրության նախագծի հեղինակը, սա խնդրահարույց է: Գոնե սա պետք է փոխհատուցվի շահագրգիռ և լայն մասնագիտական քննարկումներով, հակառակ պարագայում մեծ է հավանականությունը, որ կարող ենք ունենալ խոտան տեքստ: Հապշտապ Սահմանադրություն ընդունելը ես չեմ խրախուսում, պարտադիր չէ, որ հաջորդ տարի այն ընդունվի, բայց պետք է հնարավորինս կատարյալ տեքստ լինի, որովհետև այն Մայր օրենքն է:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















