«Ամեն ինչ մեր ձեռքերում է». հաշմանդամություն ունեցող պատգամավորի թեկնածուն փոփոխություններ է խոստանում իր նման խնդիրներ ունեցող մարդկանց

«Ամեն ինչ մեր ձեռքերում է». հաշմանդամություն ունեցող պատգամավորի թեկնածուն փոփոխություններ է խոստանում իր նման խնդիրներ ունեցող մարդկանց
«Ամեն ինչ մեր ձեռքերում է». հաշմանդամություն ունեցող պատգամավորի թեկնածուն փոփոխություններ է խոստանում իր նման խնդիրներ ունեցող մարդկանց

Հաշմանդամություն ունեցող Արման Մուշեղյանը, թեև մշտապես բախվում է խոչընդոտների Հայաստանում օրենսդրության անկատարության ու տարրական պայմանների բացակայության պատճառով, երբևէ չի օգտագործել այն բազմաթիվ հնարավորությունները, որ ունեցել է, ու չի մեկնել իր երկրից:

«Ինձ համար տանը, հարազատներիս ու ընկերներիս շրջապատում գտնվելն ավելի թանկ է: Իսկ մատչելի միջավայր ու արժանապատիվ կյանք կաշխատենք ստեղծել նաև մեր երկրում»,- համոզված է 33-ամյա Մուշեղյանը, ով որոշել է իր ձեռքով հաշմանդամանպաստ դարձնել երկրի օրենսդրությունը:

Առաջին քայլը, որ տեղաշարժվելու խնդիրներ ունեցող պատգամավորի թեկնածուն իրականացնելու է ընտրվելու դեպքում, խորհրդարանի շենքում հաշմանդամության ունեցող մարդկանց ազատ տեղաշարժն ապահովող պայմաններ ստեղծելն է:

33-ամյա Արման Մուշեղյանի կյանքն ու նպատակները վերաարժևորվեցին ինը տարի առաջ, երբ ավտովթարի հետևանքով տեղաշարժվելու խնդիր ձեռք բերեց: Մինչ այդ նա չէր առնչվել հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ և պատկերացում անգամ չուներ՝ ինչ խնդիրներ կարող են նրանք ունենալ: Պատահարն ու դրա հետևանքով առաջ եկած խնդիրները ցույց տվեցին, որ հասարակությունն ու շրջակա միջավայրը փոփոխման լուրջ կարիք ունեն:

«Աշխարհն առանց արգելքների» հասարակական կազմակերպության նախագահը «Ժառանգություն» խմբակցության ցուցակում 10-րդ համարն է, ընտրվելու դեպքում Ազգային ժողովում հաշմանդամություն ունեցող միակ պատգամավորը կդառնա:

«Բոլորը կարևորում են այդ խնդիրները, բայց ոչ հաշմանդամ մարդը ենթագիտակցորեն ու էությամբ չի զգում ու չի գիտակցում դրանց լրջությունը ու չի փնտրում լուծման տարբերակներ: Օրինակ` մենք մշակեցինք օրենք, որից շատ կարևոր կետեր հանվեցին նույն ԱԺ-ում, ինչպես, օրինակ` պարտադիր աշխատատեղեր ապահովելու հարցը, ու օրենքը դարձավ հասարակությունը հաշմանդամության խնդիր ունեցող մարդկանցից պաշտպանելու գործիք, այն դեպքում, որ պետք է հակառակը լիներ»,- «Մեդիալաբին» ասում է նա:

Մուշեղյանն իր «Ոչինչ մեզ համար առանց մեզ» կարգախոսով հաշմանդամություն ունեցող մարդկանցից հասարակական ու քաղաքական կյանքում ակտիվություն է ակնկալում, որով և կարող են լուծել իրենց խնդիրները:

Այս տարի մի քանի կուսակցություններ են դիմել նրան թեկնածություն առաջադրելու առաջարկությամբ, «Ժառանգության» առաջարկն ընդունել է, քանի որ կուսակցության անդամ դառնալու պայման չի եղել:

Քաղաքականությունն ու հասարակական ակտիվությունը հրապուրում էին Մուշեղյանին դեռ 13 տարի առաջ, երբ Աբովյան քաղաքում առաջադրվել էր որպես ավագանու թեկնածու:

Ինչպես այն ժամանակ, հիմա էլ նրա կողքին ընտանիքն է, արդեն համալրված, հավելյալ ուժ ու վստահություն են տալիս որդին ու կինը՝ Անի Քոչարը` երիտասարդական «Ես» ամսագրի խմբագիրը:

Մուշեղյանի ընտանիքի անդամները համոզված են՝ հաշմանդամության խնդիրներ ունեցող մարդիկ այժմ գտնվում են կալանավորի կարգավիճակում, նրանք ճնշված են թե´ հոգեպես, թե´ ֆիզիկապես, այնպիսի տպավորություն է, թե արտաքին աշխարհում ամեն ինչ այնպես է դասավորած, որ նրանք տեղաշարժվելու խնդիր ունենան:

«Մեզնից հետո շատ երիտասարդ զույգեր ամուսնացան, մարդիկ, ովքեր իրենց հաշմանդամության խնդիրներ ունեցող երեխաներին խուսափում էին շրջապատին ներկայացնել, փոխեցին իրենց վերաբերմունքը: Մենք ուզում ենք, որ այդ գործընթացը անընդհատ շարունակվի, ու փոխվեն մարդկանց վերաբերմունքն ու աշխարհայացքը»,- ասում է Քոչարը:

Նախընտրական թոհուբոհում Մուշեղյանի ընտանիքը միասին լինելու քիչ ժամանակ է ունենում, բայց ըմբռնումով են վերաբերվում այդ ժամանակավոր խնդրին: Չգրված այս օրենքից դուրս է միայն նրանց տղան:

«Բայց եթե ուզում եմ գալ ու տեսնել որդուս, ինձ ոչ մի բան չի կարող խանգարել, քանի որ նրանից կարևոր բան չկա»,- ասում է Մուշեղյանը՝ համբուրելով որդու ճակատը:

Ինքն էլ, կինն էլ հպարտանում են, որ իրենց որդին ծնվել է հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանության միջազգային օրը՝ դեկտեմբերի 3-ին՝ կարծես ասելու համար, որ ինքը դեռ շատ բան կփոխի այս աշխարհում առողջական խնդիրներ ունեցող մարդկանց համար:

«Ատամնահատիկի ժամանակ մեր տղան որոշել է նախագահ դառնալ»,- ժպտալով պատմում են ծնողները՝ ասելով, որ զուգադիպությունները կարծես հետևում են իրենց ընտանիքին:

Մուշեղյանն ասում է՝ իրենց ընտանիքը կայացել է, քանի որ երկուսն էլ ինքնավստահ էին ու քաջ գիտակցում էին, թե ինչ են ուզում իրենց կյանքից. «Մենք երբևէ չենք վիճել, մերը երկխոսություն է, փորձում ենք հիմնավորել մեր կարծիքը, ու դա մշտապես երկուսիս էլ հաջողվում է»:

Կինը՝ Անին, հավելում է՝ ամուսինը ոչ միայն գործի մեջ է դիվանագետ, այլև ընտանիքում.

«Ես շատ ճակատային մարդ եմ, իսկ նա կարող է այնպես խոսել, որ կամուրջները չայրի: Բացի այդ, ես շատ զգացմունքային եմ, նա` հանդարտ ու շատ է ինձ օգնում իր խորհուրդներով: Միևնույն ժամանակ մենք շատ նման ենք, երբեմն ինքն ասում է, որ ես իր աղջիկ տարբերակն եմ»:

Քաղաքական ու հասարակական ակտիվությանը զուգահեռ Մուշեղյանը նաև ֆիզիկական ակտիվ կյանք է վարում ու ամեն օր մարզվում է: Տարիներ շարունակ մասնակցել է հաշմանդամություն ունեցող մարդկանց մարզական մրցաշարերի, զբաղեցրել մրցանակային տեղեր:

Կարինե Իոնեսյան

Լուսանկարները` Փիրուզա Խալափյանի

© Medialab.am