«Հայաստանում մենք լիդեր ունեինք, բայց Բելառուսում այդ լիդերը չկա, տնային տնտեսուհի է, որը երկրից հեռացել է». Քաղաքագետ

«Մեդիալաբի» հարցազրույցը քաղաքագետ Գարիկ Քեռյանի հետ

– Պարո՛ն Քեռյան, Բելառուսում արդեն չորրորդ օրն է՝ հետընտրական հուզումներ են, բողոքի ցույցեր, ակցիաներ։ Ըստ ձեզ՝ ինչո՞վ է սա պայմանավորված։

– Բելառուսը՝ որպես հետխորհրդային պետություն, յուրօրինակ է թե՛ իր քաղաքական օրակարգով, թե՛ իր սոցիալ-տնտեսական կացությամբ, թե՛ իր ինտեգրացիոն վեկտորների գերակայությամբ։ 

Ամեն ինչ չէ, որ միանշանակ է, և այն, ինչ տեղի է ունենում Բելառուսում, հասկանալու համար պետք է ընդհանուր խորությամբ նայել այս պետության իրավիճակը բոլոր կողմերից։ 

Նախ նշեմ, որ եթե մենք հարցին նայում ենք արևմտյան քաղաքագետների, վերլուծաբանների չափանիշների տեսանկյունից, իհարկե Բելառուսը ժողովրդավար պետություն չէ, որովհետև ընտրությունները մեծ մասամբ անցնում են գործադիր իշխանության լուրջ ճնշմամբ։ Իրողություն, որը մեզ շատ ծանոթ է՝ նույնը կա Ռուսաստանում, Ղազախստանում, շատ խիստ ձևով դա արտահայտված է Թուրքմենստանում, Ադրբեջանում։ 

Այնտեղ, որտեղ գործադիր իշխանությունը վեր է կանգնած իշխանության մյուս ճյուղերից, կարողանում է առաջին ջութակի դեր կատարել ընտրությունների ժամանակ, իսկ ավտորիտար վարչակարգի գլուխ կանգնած մարդը կարողանում է պարբերաբար ապահովել իր վերընտրվելը։ 

Իհարկե ժողովրդավարության տեսանկյունից եթե նայենք, Բելառուսը բավականին ցածր վարկանիշ ունի և ավտորիտար երկիր է։ Բայց միաժամանակ պետք է ասել, որ Լուկաշենկոն, այդքանով հանդերձ, ապահովել է պետության բնույթը որպես սոցիալական պետության։ 

Այստեղ դեռ արմատացած է խորհրդային ժամանակներից եկող խոր հարգանքը բնակչության կարիքների նկատմամբ և պահպանվում է։ 

Այստեղ պահպանվում են անվճար բժշկությունը, կրթությունը։ Կարող ենք համոզված ասել, որ ժողովրդավար չեն Բելառուսի իշխանությունները, բայց նաև կրիմինալիզացված չեն, օլիգարխիկ տարրեր չկան։

– Այդ դեպքում ինչո՞ւ են նման հուզումներ, նման բողոքի ալիք այդ երկրում։

– Իսկապես այդ հարցն առաջանում է։ Այդ հուզումները ունեն պատճառներ․ անկախ ամեն ինչից, պետությունը հաջողված է, թե հաջողված չէ, միշտ ընտրազանգվածի մոտ որոշ ժամանակ հետո առաջ է գալիս հոգնածության սինդրոմ, որը իր դերակատարումն ունի այս պարագայում։ 

Օրինակ բերեմ՝ Մարգարետ Թետչերի ժամանակ Մեծ Բրիտանիան հաղթահարեց բոլոր տնտեսական դժվարությունները, և նրա կառավարման տասնամյակը, որը կոչվում է թետչերիզմի ժամանակաշրջան, բրիտանական առաջընթացի ամենացցուն տարիներն էին։ Բայց արի ու տես, նրա կառավարման վերջին տարիներին կուսակցությունը որոշեց փոխել իր լիդերին, քանի որ նրա իմիջի կտրուկ անկում էր նկատվում։ 

Այսինքն՝ բրիտանացի ընտրողները ինչ-որ փուլում հոգնել էին նույն քաղաքական ոճից, նույն վարքագծից։ Նրանց մոտ առաջացել էր նորը և փոփոխությունը տեսնելու ձգտումը։ Նույնն է Լուկաշենկոյի պարագայում՝ ի վերջո, նա 1994 թվականից կառավարում է։ 

Բավականին երկար ժամանակահատված է, որպեսզի մենք այդ սինդրոմը նկատենք։ Երկրորդ և ամենակարևոր պատճառը այն է, որ հետխորհրդային ժամանակաշրջանում Բելառուսում ի հայտ է եկել հետխորհրդային սերունդը։ 

Դա այն երիտասարդությունն է, որը խորհրդային ժամանակներում չի ապրել։ Բելառուսը Եվրոպային բավականին մոտ երկիր է, շատ հեշտությամբ նրանք գնում են եվրոպական երկրներ և արդյունքում որդեգրում են արևմտյան ազատության սզկբունքները՝ կենցաղային, մշակութային առումներով։ 

Այս ամենը շատ է ազդել նրանց վրա, և նրանք երկար- բարակ չեն մտածում ու պահանջում են փոփոխություններ։ Այսօր Բելառուսում բնակչության մի զգալի հատված պարզապես չի ցանկանում ապրել ոչ ժողովրդավարական վարչակարգում, ավտորիտարիզմի պայմաններում՝ առանց խորանալու, թե արդյոք դա իրենց ազգային շահի համար լա՞վ է, թե՞ վատ։ 

Ես կողջունեի բելառուսական ընդդիմության գործողությունները, եթե տեսնեի, որ այն ունի իր լիդերին, որը կարող է փոխարինել Լուկաշենկոյին ու նրա թիմին և ապահովել երկրի կայուն զարգացումը։ 

Բայց ես դա չեմ տեսնում։ Ինչպե՞ս կարող է տնային տնտեսուհին, որը խոհանոցում ձվածեղ անելու փորձ ունի, կառավարել Բելառուսի նման 10 միլիոնանոց պետությունը՝ հսկայական տնտեսական պոտենցիալով, Ռուսաստանի և Եվրոպայի միջև գտնվող շատ կարևոր կոմունիկացիաներով երկիրը։

– Դուք նկատի ունեք մրցակից թեկնածուի՞ն՝ Սվետլանա Տիխանովսկայայի՞ն։

– Այո՛, մրցակից թեկնածուին։ 

– Դուք այդպես թերագնահատո՞ւմ եք կանանց։

– Ո՛չ, եթե ունենայինք Մարգարետ Թետչերի կամ Անգելա Մերկելի նման գործիչ, չէի թերագնահատի։

– Ըստ բելառուսական աղբյուրների՝ նրան մեկուսացրին՝ ճնշում կիրառելով։

– Ամեն դեպքում, եթե նա անցներ իշխանության գլուխ, Բելառուսի համար կլիներ վատագույն սցենար։ Անհնար է պատկերացնել, թե ինչ կենսագրությամբ, ինչ կապերով մարդիկ կլցվեն կառավարության մեջ։ 

Բելառուսական պետությունը ոչ թե ավտորիտարից կդառնա ժողովրդավար պետություն, այլ պարզապես կվերածվի ձախողված պետության։ Չնայած չեմ կարծում, թե այդպիսի պլան լինի։ Կարծում եմ՝ Ռուսաստանը, որ այսօր աշխարհի կարևորագույն կենտրոններից մեկն է, չի զիջի Բելառուսի հարցում, և ինչքան էլ Պուտինը և Լուկաշենկոն ունեն չհամաձայնեցված կետեր իրենց գործողություններում, խնդիրներ, այնուամենայնիվ գունավոր հեղափոխությունը շատ կործանարար կլինի հենց Ռուսաստանի համար։ 

Եթե Բելառուսում գունավոր հեղափոխություն տեղի ունենա, Ռուսաստանի պատուհանը դեպի Եվրոպա փակվում է։ Այն, ինչ կատարվում է Բելառուսում, ջահել-ջուհուլի անկարգությունների կամ տնային տնտեսուհու ցանկությունների կամ Լուկաշենկոյի խնդիրը չէ, այստեղ բախվում են Արևմուտքի և Ռուսաստանի շահերը։

– Այդ երկրում բողոքի ակցիաներին միանում են տարբեր մասնագիտական շերտեր՝ բժիշկներ, նաև՝ ուժայիններ, տարբեր գործարաններում գործադուլներ են հայտարարվել։ Ի՞նչ եք կարծում՝ Լուկաշենկոն կհեռանա։

– Մի քիչ դժվար է Հայաստանից կանխատեսումներ անել։ Բայց ավելի շատ կարծում եմ, որ Լուկաշենկոն կմնա։ Եթե նայում ենք լրատվամիջոցների հաղորդած տեղեկություններին, հիմնականում ակտիվ են Մինսկը և մի քանի այլ շրջաններ։ 

Ընդհանուր առմամբ, գավառական, մարզային բնակչությունը այդքան ակտիվ չէ։ Միայն Մինսկով չի որոշվում, բավական է Մինսկում բողոքը խեղդել, և ամեն ինչ կավարտվի։ 

Օրինակ՝ Հայաստանում 2018-ին իրավիճակն այլ էր․ ոտքի էին կանգնել ոչ միայն մայրաքաղաք Երևանը, այլ նաև բոլոր մարզերը։ Հայաստանում մենք լիդեր ունեինք, բայց Բելառուսում այդ լիդերը չկա։ 

Ո՞վ է այդ լիդերը՝ տնային տնտեսուհի՞ն, որը երկրից հեռացել է, Լիտվայում է։ Բացի այդ, նա քաղաքական դեմք չէ, ի՞նչ ծրագրեր ունի, ի՞նչ պլատֆորմով է հանդես գալիս։

Այնպես որ, եթե Լուկաշենկոն հրաժարական տվեց, շատ հեղհեղուկ վիճակ է ստեղծվելու։ Միակ ճիշտ քայլը երկիրը ստեղծված վիճակից դուրս բերելու համար, իմ կարծիքով, պետք է չեղյալ հայտարարվեն ընտրությունների արդյունքները, կազմել ազգային համաձայնության կառավարություն և մեկ տարի հետո անցկացնել նոր ընտրություններ։ 

Բայց, իհարկե, Լուկաշենկոն այն ընկույզը չէ, որին կարելի է կոտրել կամ որին կարելի է համոզել։ Նա բավականին ուժեղ անհատ է, ուժեղ դիկտատոր է, ուժային կառույցները ենթարկվում են իրեն, իսկ պատմությունը ցույց է տալիս՝ որտեղ ուժային կառույցները՝ բանակը, ոստիկանությունը, ենթարկվում են իշխանություններին, այնտեղ հեղափոխությունն անհնար է։ 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am