Քաղաքական կոնկրետ շրջանակներից հնչում են դավաճանական հայտարարություններ, թե՝ եթե Փաշինյանը հրաժարական տա, պատերազմը կդադարի. Միսկարյան

«Մեդիալաբի» հարցազրույցը «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Գարեգին Միսկարյանի հետ

– Պարո՛ն Միսկարյան, վարչապետն այսօր հայտարարեց առաջագծում դավաճանական պահվածքի մասին։ Նա ասաց, որ ահազանգ է ստացել, թե ինչ-որ մարդիկ դիրքերում հայտարարել են՝ «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերևա, դիրքերը պահելը իմաստ չունի»։ Ավելին, զինվորներին համոզել են, նույնիսկ հրամայելով ստիպել են որոշ մարտական դիրքեր թողնել թշնամուն։ Նման բան, ըստ ձեզ, հնարավո՞ր է, վստահություն ներշնչո՞ւմ է այս հայտարարությունը։

– Այո՛, իհարկե վստահություն ներշնչում է, անձամբ ես բազմիցս եմ լսել նմանատիպ խոսակցություններ հենց Երևանում։ Խոսակցություններ այն մասին, որ այս ամեն ինչը կազմակերպված է, որ եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, պատերազմը երեք օրից կդադարի։ Ու նմանատիպ անհեթեթ մտքեր, որոնք, կարծում եմ, այս պատերազմական իրավիճակում շատ վտանգավոր են, և, միանշանակ, պետք է քննություն իրականացվի ու պարզաբանվի, թե որտեղի՛ց են նման լուրեր տարածվում։ 

– Ունե՞ք վարկածներ, թե որտեղի՛ց են նման լուրեր տարածվում։

– Ես ունեմ ենթադրություններ, բայց դրանց մասին չէի ուզի հիմա խոսել։

– Դրանք քաղաքական շրջանակների՞ց են, թե՞ անհատներից, խմբերից։

– Ինձ թվում է՝ քաղաքական շրջանակներից, որովհետև մենք տեսել ենք, որ եթե հակառակորդի կողմից ինչ-որ նման հայտարարություն է լինում է, ապա հանրությունը արագ հակադարձում է, ու շատ արագ խլացվում են նման դրսևորումները։ Սակայն այս դեպքում դրանք անվերապահ շրջանառվում են, և ես հիմքեր ունեմ մտածելու, որ դրանք ներսից են կառավարվում։ 

– Վարչապետի այս հայտարարությունից րոպեներ անց պաշտոնական հաղորդագրությամբ տեղեկացանք, որ ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը ազատվել է պաշտոնից։ Կապ տեսնո՞ւմ եք։

– Այո՛, իհարկե։ Ես կարծում եմ, որ ԱԱԾ-ի կողմից իրավիճակի պատշաճ վերահսկողություն չի եղել։ Փաշինյանի հայտարարությունն ու Քյարամյանի պաշտոնանկությունը փոխկապակցված են։ Եթե նա պատշաճ կատարեր իր առջև դրված խնդիրը, գուցե մենք այսօր նման ապատեղեկատվություն տարածողների բանակ չունենայինք։

– Արդեն որոշակի խմբեր հայտարարում են, թե վարչապետը մանիպուլյացիա է տարածում, փորձում է կոծկել անհաջողությունները։ Ինչպե՞ս եք մեկնաբանում նման հայտարարությունները։

– Ես կարծում եմ, որ այն մարդիկ, որոնք նման հայտարարություններ են անում, անհանգստանալու լուրջ հիմքեր ունեն վարչապետի հայտարարությունից և հիմա փորձում են ապահովագրել իրենց, ընդամենը։ Այսինքն՝ ինչ-որ կերպ փոխկապակցված են այդ կենտրոնների հետ, որոնք նման տեղեկություններ են տարածում Հայաստանում։ 

– Պարո՛ն Միսկարյան, մի քանի օր առաջ բոլորը ոգևորված էին ստեղծված համերաշխության մթնոլորտով, բոլորը հիացմունքով էին արտահայտվում միասնականության մասին։  Խախտվե՞ց այդ մթնոլորտը։ 

– Բացարձակ չի խախտվել։ Ես վստահ եմ, որ մենք էլի միասնական ենք։ Այստեղ խնդիրը ոչ թե այն է, որ լուծվում է այսօրվա հարց, այլ խնդիրն այն է, որ լուծվում է վաղվա և հետագա տարիների հարցը։ Պետական դավաճանության մասին չբարձրաձայնել ու չքննել այդ գործերը, որպեսզի չխաթարվի միասնությունը, կարծում եմ՝ խոհեմ չէ։ Միանշանակ միասնությունը կա, ու առաջնագծում գտնվող զինվորների կողմից էլ կան արձագանքներ, որ իրենք անվերապահորեն աջակցում են ՀՀ Կառավարությանը և պատրաստ են հանուն այն հաղթանակի, որը հռչակել է վարչապետը, պայքարել ու կռվել մինչև վերջ։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am