«Իհարկե կան քայքայիչ տարրեր, մի մասը կարծես նույն լեզվով է խոսում, ինչ ադրբեջանական վերնախավը, և կարծես սնուցում է թշնամու նպատակները». Աղասի Թադևոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը

– Պարո՛ն Թադևոսյան, այս օրերին մենք տեսնում ենք, թե մարդիկ ինչպիսի համախմբածություն են ցուցաբերում՝ և՛ ռազմաճակատ գնալու, և՛ թիկունքում բազմապիսի նախաձեռնություններով հանդես գալու առումով։ Ի՞նչն է մարդկանց միավորում և միասնական դարձնում։ 

Առաջին հերթին այս պահին միավորում է սեփական, ազգային անվտանգության խնդիրը, որովհետև մարդիկ տեսնում են լուրջ վտանգ՝ կապված թե՛ անձնական, թե՛ ազգային անվտանգության հետ։ Բնականաբար, այս պայքարը դիտվում է գոյամարտ, որովհետև հենց ադրբեջանցիները և նրանց հետ պատերազմող Թուրքիան չեն թաքցնում, որ այդ տարածքներն իրենց պետք են առանց հայերի:

Մենք բոլորս հասկանում ենք, որ այդ էթնիկ զտումները լինելու են և ունենալու են անմարդկային դրսևորումներ՝ իմանալով նաև թուրքերի և ադրբեջանցիների մեջ սերմանված ատելությունը: Եվ այս վտանգի դեմ, կրիտիկական, ծայրահեղ իրավիճակներում մեր հասարակությունը միշտ է միավորվում, դրանք մեզ համար համախմբման հուժկու խթան են դառնում։ Սա է հիմնական պատճառը:

Մյուսը կապվում է մեր ինքնության վտանգի հետ։ Մեր ինքնության համար շատ կարևոր հայրենիքի, այն հողի, որը համարվում է մեր ձևավորման տարածքը և մեր էթնիկության և ազգային ինքնության սկիզբը, մարդիկ այստեղ տեսնում են այդ հողից իրենց դուրս հանելու վտանգը, և դա կապվում է նորագույն պատմության մեջ թուրքերի հետ:

Մենք ունենք 1915 ցեղասպանության պատմությունը և հիշողությունը, որը կապվում է հենց մարդկանց ազգային հիմքի վրա սպանելու և իրենց տարածքներից, իրենց ծննդավայրից, հայրենիքից տեղահանելու և իրենց հողերը վերցնելու պատմական տխուր նախադեպի հետ։

Մյուս գործոնը հաղթելու միջոցով սեփական պաշտպանությունն ու անվտանգությունը կազմակերպելն է։ Դա մեծ համախմբվածություն է պահանջում, մենք տեսնում ենք և՛ թիկունքում, և՛ ֆինանսական հանգանակությունների ինտենսիվության տեմպերը, որը ցույց է տալիս, որ մարդիկ որքան համախմբած են մի նպատակի շուրջ, այն է՝ հաղթել ագրեսորին, որը ուզում է մեզնից խլել մեր կյանքը և հողը:

– Այս օրերին սոցիալական ցանցերում հաճախ ենք տեսնում «Սասնա ծռեր» էպոսից մեջբերումներ։ Ազգային էպոսին անդրադարձը այս օրերին ինչո՞վ կբացատրեք։

– Սա էպիկական պահ է ազգի համար, և նման էպիկական պահերին մարդիկ նաև դիմում են իրենց բանահյուսական ավանդույթներին, իսկ էպոսը ամենահերոսականն է, որն ունի հաղթական ավարտ թշնամու դեմ։

Մեր հասարակությունն այս օրերին հոգեբանական ապրումների մեջ է, որոնք կոլեկտիվ բնույթ ունեն, իսկ կոլեկտիվ բնույթի ապրումները մարդիկ կապում են նաև հենց կոլեկտիվ հիշողությամբ ձևավորված էպիկական ստեղծագործության հետ, իսկ մեր բանահյուսության մեջ ամենահայտնին հենց «Սասունցի Դավիթ» էպոսն է։

Այնտեղ նույնպես թշնամին փորձում է հարձակվել, և էպոսի հերոսները, որոնք ներկայացնում են ազգային հավաքական կերպարը, դիմադրություն են ցույց տալիս և հաղթանակում՝ այսօրվա լեզվով ասած՝ ագրեսորների, զավթիչների նկատմամբ հաղթանակ տանում:

Մի գրառում էլ եմ նկատել, որը կապված էր Դավիթ Տոնոյանի հետ. նրա անունը Դավիթ է, և նշել էին՝ նախնիները Սասունից են: Չգիտեմ՝ որքանով է համապատասխանում իրականությանը, բայց մարդիկ փորձել էին կապել իրար, որ այսօր մեր պաշտպանության նախարարը, որը հաղթական կերպով կազմակերպել է բանակը հակառակորդին դիմագրավելու և տանում է դեպի հաղթանակ, մարդիկ էլի կապում էին էպիկական մեր հերոսի՝ Սասուցի Դավթի հետ:

– Շատ է քննարկվում և կարևորվում այն գաղափարը, որ համախմբված պետք է լինել միշտ՝ նաև պատերազմի ավարտից հետո։ Հնարավո՞ր է արդյոք տեսնել նույն համախմբվածությունը՝ արտաքին վտանգի դեմ պայքարելուց զատ։

– Մարդիկ միշտ համախմբվում են նպատակների շուրջ, և եթե այդ նպատակները խոր գաղափարական հիմնավորվածություն ունեն և մարդկանց համոզում են, ապա այդ համախմբվածությունը տեղի կունենա։ 

Այս իրավիճակում և նման վտանգավոր ռեգիոնում, որտեղ մեր հանդեպ ցեղասպանական նկրտումներ ունեցող երկու պետություն կա՝ Ադրբեջանն ու Թուրքիան, որոնք դեռևս չեն հրաժարվել թշնամական տրամադրվածությունից, հասարակությանը կարելի է համախմբել հզոր պետություն, հզոր ռազմարդյունաբերություն, հզոր գիտություն ստեղծելու համար, որը կդառնա պաշտպանական, անվտանգային համակարգ և զարգացած հզոր տնտեսություն ձևավորելու հիմքը։

Մենք հիմա ընդհանուր խնդիր ենք լուծում, ունենք նպատակ, դրա համար համերաշխ ու համախմբված ենք, և եթե պահպանվեն այդպիսի նպատակադրումները և դրանք հիմնավորող, համոզիչ դարձնող գաղափարները, ապա ես համոզված եմ, որ հասարակության հիմնական հատվածը նորից այդպես համախմբված ձևով կշարունակի գործել։

Իհարկե կլինեն քայքայիչ տարրեր, հիմա էլ կան, մի մասը կարծես թե նույն լեզվով է խոսում, ինչ ադրբեջանական վերնախավը, և կարծես սնուցում է թշնամու նպատակները:

Այդպիսի բաներ միշտ էլ լինում են, հասարակությունն իր ներսում ունենալով տարբեր ոճերի, տարբեր մտածողությունների, ապրելակերպի բազմազանություն, միևնույն ժամանակ կարող է միավորվել, համախմբվել նպատակների, գաղափարների ու խնդիրների շուրջ: 

Ամենակարևորը, որ մենք շարունակենք Հայաստանն ապակոռումպացնել, կոռուպցիան մեր անվտանգության թշնամին է: Մենք տեսնում ենք, թե այս երկու տարում կոռուպցիայի հաղթահարման ընթացքը ինչ դրական ազդեցություն է ունեցել մեր բանակի և մեր պաշտպանության, անվտանգության աստիճանը բարձրացնելու վրա:

Հակակոռուպցիոն երևույթները շարունակվում են, և ես վստահ եմ, որ կշարունակվեն, այս պատերազմը մեզ ավելի առողջացման ուղիով կմղի, և պետության, հասարակության զարգացման և ռեգիոնում անվտանգ կյանք ունենալու նպատակի շուրջ այդ համախմբվածությունը կշարունակվի և կամրապնդվի։

Արփինե Արզումանյան

MediaLab.am