«Ադրբեջանը համարում է, որ ռազմաճակատի որոշ հատվածներում հաջողություններ ունի, բայց դա խաբուսիկ է լինելու նրա համար». Արցախի ԱԺ պատգամավոր

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցության քարտուղար Վահրամ Բալայանը

– ՌԴ ԱԳ նախարար Լավրովն այսօր, ըստ էության, անդրադարձել է Լավրովի պլանին և հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայմանը՝ հրադադարը պահպանելու համար։ Ինչպե՞ս եք գնահատում նրա այս հայտարարությունը։ 

– Այսօր հակամարտությունն այն աստիճանի է հասել, որ միջնորդ երկրների մասնակցությունն անհրաժեշտ է, տվյալ պարագայում՝ ավելի շատ Ռուսաստանին, որովհետև այն տարածաշրջանային երկիր է և ունի ոչ միայն պատմական հիշողություն, այլ նաև ներկա իրողությունների խորապատկերին որոշակի շահեր, որոշակի մոտեցումներ։ 

Այս տեսանկյունից, իհարկե, Ռուսաստանի մասնակցությունը, վստահ եմ, շոշափելի ձևով կազդի գործընթացների վրա, ուղղակի խնդիրն այն է, թե ի՛նչ ձևաչափով է այդ ամենը լինելու։ Դա կլինի խաղաղապահ ուժերի մասնակցությա՞մբ, թե՞ ընդհանրապես Հայաստան-Ռուսաստան միջպետական համաձայնագրերի հիման վրա, համենայնդեպս, որևէ մոտեցում լինելու է, և առաջիկայում դա տեսանելի է լինելու։ 

Թե՛ Լավրովի հայտարարությունները, թե՛ Ռուսաստանի պաշտոնական շրջանակների, ինչու չէ, նաև տեղեկատվական ամբողջ դաշտը ունի որոշակի մտահոգություններ ոչ միայն այստեղ խորացող հակամարտության, այլև ընդհանրապես դրան հաջորդող զարգացումների հետ կապված։ 

Որովհետև Թուրքիան իր քիթը խոթեց, միջազգային տեռորիստական կազմակերպությունների զինյալներ եկան, և, բնականաբար, Ռուսաստանը չի հանդուրժի, որ իր հարավային սահմանների մոտ լինեն նման օջախներ, որոնք կարող են վտանգ սպառնալ Ռուսաստանին, ինչու ոչ՝ ապագայի կտրվածքով՝ նաև նրա պետականությանը։ Այնպես որ, այս տեսանկյունից սպասելի է Լավրովի հայտարարությունը։ Ես կարծում եմ, որ այդ հայտարարություններին կոնկրետ քայլեր կհաջորդեն։ 

– Դուք որևէ պահի հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայմանը դեմ չե՞ք։

– Դա քննարկելիք հարց է այն առումով, որ, կարծում եմ՝ իրավասու մարմինները և այն պաշտոնյաները, որոնք իրավասու են խոսելու համապատասխան տեղեկատվության տիրապետելու պարագայում, համապատասխան որոշում կընդունեն։ Իսկ թե դա ի՛նչ ձևով կլինի, շատ էական չէ։ Ավելի էական է, որ Ռուսաստանն իր մասնակցությունը, համենայնդեպս, կբերի։ 

– Ըստ էության, այս վերջին օրերի ընթացքում հակառակորդը որևէ կերպ հումանիտար հրադադարի չգնաց և նույնկերպ շարունակում է ագրեսիան, թեև Շոյգուն էլ միջամտեց։ Ինչո՞վ եք սա պայմանավորում։

– Այստեղ ակնհայտորեն երևում է Թուրքիայի ձեռագիրը։ Թուրքիայից հնչեցին հայտարարություններ, թե Ադրբեջանն ինչպես որոշի, իրենք պատրաստ են աջակցելու։ Բայց իրականում այդ ամբողջ պրոյեկտը ծրագրվում է Անկարայում։ 

Սեպտեմբերի 27-ից սկսած ռազմական գործողությունները, անգամ ոչ մասնագետի աչքով, տեսանելի է, որ Ադրբեջանը հնարավորություններ չունի նման ձևով պատերազմ վարելու։ 

Խոսքը թե՛ մարդկային, թե՛ տեխնիկական ռեսուրսների մասին է։ Խնդիրն այն է, որ Թուրքիան, բնականաբար, ինչ-որ տեղ այսօրվա իր նախագահի հետ միասին ձգտելու է կյանքի կոչել պանթուրքական ծրագրերը։ Ադրբեջանը դրա համար այսօր չի նստում բանակցությունների, որովհետև Անկարայից իրեն անընդհատ հորդորում են, ոգևորում են արյան միջոցով այս հարցը լուծել։ 

Ընդհանուր առմամբ պետք է իսկապես հայության ողջ ուժերի համախմբում լինի, նաև մեր դաշնակիցների հետ գործնական քննարկումներ լինեն, և ես համոզված եմ, որ այդ գաղափարը կնյութականանա։ Պետք է փորձենք լավ աշխատել, մասնավորապես, ես նկատի ունեմ դիվանագիտության ասպարեզում։ Ռազմի դաշտում, իհարկե, հասկանալի է, մարտական գործողությունները ծավալվում են, բայց մյուս կողմից՝ դիվանագիտության ոլորտում անընդհատ նորություններ ու մոտեցումներ են պետք։

– Այսօր նշվեց, որ ռազմի դաշտում իրավիճակը մտահոգիչ է, քանի որ թշնամին որոշակի ուղղություններով խորացել է։ Այս պայմաններում դիվանագիտության ոլորտում կարո՞ղ ենք հաջողություն գրանցել։

– Իհարկե դա մտահոգիչ է, բայց ռազմական գործողությունների ընթացքում լինում են նաև նահանջներ։ 1992-1994 թվականների պատերազմի ժամանակ էլ մենք ստիպված նահանջներ ենք ունեցել, Արցախի կեսը թշնամու տիրապետության տակ էր, բայց մեզ հաջողվեց ուժերը հավաքել և խելոք մարտավարությամբ հաջողություն ապահովել մարտի դաշտում։ 

Այն ժամանակ էլ դիվանագիտության ոլորտում ևս մեծ աշխատանք է կատարվել, այսինքն՝ մեկը մյուսին լրացնող աշխատանք է։ Անկախ նրանից, թե այսօր ռազմաճակատում ինչ վիճակ է տիրում, իհարկե, Ադրբեջանը համարում է, որ ռազմաճակատի որոշ հատվածներում հաջողություններ ունի, բայց ես կարծում եմ, որ դա ինչ-որ տեղ խաբուսիկ է լինելու նրա համար, որովհետև, ի վերջո, մեր բանակը կա, գործում է, հակառակորդը իր հակահարված կստանա, և ուժերի վերադասավորման պարագայում մենք ռազմաճակատում առաջընթաց կարձանագրենք։

Մանե Հարությունյան

MediaLab.am