Ինչո՞ւ է Ալիեւը խուսափում պատերազմի դաշտից սեփական դիակները դուրս հանելուց. ադրբեջանագետ պատգամավորը պարզաբանում է

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը

– Տիկի՛ն Հայրապետյան, Ադրբեջանը արդեն երկրորդ անգամ հրաժարվեց պահպանել հրադադարի ռեժիմն ու առաջնագծից հավաքել իր դիակները։ Արդյոք սա փաստո՞ւմ է, որ Ադրբեջանի իշխանությունները խուսափում են սեփական հանրությանը ներկայացնել զոհերի իրական թիվը։ Ի՞նչ խնդիրեր դա կարող է առաջացնել Ադրբեջանի ներսում։

– Այսօր էլ Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել և նշել, որ այս պահին ինչ տեղեկատվություն տրամադրվում է, համարվում է, որ այդքանը բավարար է, և կարիք չկա, որպեսզի հանրությունը հավելյալ տեղեկատվություն ստանա։ Հետո նա փորձել է մեր բանակի հետ կապված տարբեր որակումներ տալ և խոսքի վերջում հավելել, որ ադրբեջանական բանակը, իրենց պնդմամբ, ցանկացած տարածքի համար մեծ կորուստներ է տալիս։

Այսինքն՝ նա խոստովանել է, որ կորուստների թիվն ըստ էության մեծ է, նա հասարակությանն արդեն տրամադրում է։ Բայց ես վստահ եմ, որ դիակները տանելը ու պատերազմի իրական պատկերը ցույց տալն առաջացնելու են համապատասխան ռեակցիա, որից Ալիևը խուսափում է։ Այսօր պատերազմի արդեն 24-րդ օրն է, և այդ երկրում ընդհանրապես որևէ տեղեկություն չունեն իրենց զոհերի մասին։ 

Ալիևը վախենում է, որ մարդիկ կհասկանան, թե ինչ է իրականում կատարվում։ Այսօր Ադրբեջանում ամբողջությամբ տեղեկատվական բլոկադա է, և վերահսկվում է ցանկացած խոսք։ Եվ այդ իրավիճակում նրանք չեն ցանկանում, որ հավելյալ հարցեր ու քննարկումներ առաջանան։

Եթե անդրադառնանք Ադրբեջանի ներսում տիրող իրավիճակին, ի՞նչ է կատարվում այնտեղ։ Տեղեկություններ կան, որ արդեն ադրբեջանական հասարակության շրջանում դժգոհություններ են հասունանում, հատկապես ազգային փոքրամասնությունների շրջանում դժգոհության մասին կա տեղեկություն։

– Ես կասեմ հետևյալը՝ ամենայն մանրամասնությամբ հետևում եմ, բայց այսպիսի իրավիճակ չէր եղել, որ այսքան սահմանափակում լիներ, և հնարավոր չլիներ իրական տեղեկություն ստանալ։ Անկեղծ ասած՝ իրավիճակն այսպես չէր անգամ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ։

Հիմա տեղեկատվական բլոկադա է այնտեղ, հնարավոր չէ իրական պատկերը հասկանալ, թե ինչ է կատարվում։ Հատ ու կենտ տեղեկություններ են մեզ հասնում, շատ քիչ։ Կան տեղեկություններ, որ գյուղեր են փակվում, գրում են, որ համավարակով պայմանավորված՝ որոշել են կարանտին հայտարարել, մետրոն չի աշխատում և այլն։ Այսինքն՝ իրականում դժվար է հստակ պատկերացնել, թե ինչ է կատարվում։

– Տեղեկություններ կան, որ Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերում խուճապ է, մարդիկ լքում են բնակավայրերը։

– Նման տեսանյութեր տարածվել էին, Գյանջայից մարդիկ մեքենաներով դուրս են գալիս։ Բայց դրանք շատ քիչ տեղեկություններ են, դրանց հիման վրա հնարավոր չէ լիարժեք ասել՝ կա՞ այն անհրաժեշտ խուճապը, որը մենք ակնկալում ենք, թե՞ դեռևս ոչ։ Մարդիկ այսօր չունեն պատերազմի իրական պատկերը։

– Ալիևն այս պատերազմով ի՞նչ խնդիր է ուզում լուծել։

– Ադրբեջանի իշխանություններն այս պատերազմին պատրաստվել էին 94 թվականի մայիսի 13-ից, երբ կնքել էին հրադադար կամ զինադադար։ Իրենց երկրի այն ժամանակվա ղեկավարը՝ Հեյդար Ալիևը, գալով իշխանության հայտարարել էր՝ սա Ղարաբաղյան առաջին պատերազմն է։ Դրանով նա հանրությանը տրամադրեց երկրորդ պատերազմին, որի ականատեսն ենք մենք այսօր։ Այսինքն՝ Ալիևն այս պատերազմին պատրաստվել էր տարիներ շարունակ, ոչ թե մեկ գիշերվա մեջ էր որոշել։

Ես նկատի ունեմ՝ իր իշխանության դիրքի վրա ինչպե՞ս կարող է ազդել պատերազմը։

– Այդ ամենը կախված է պատերազմի ելքից, առայժմ դժվար է ասել։ Ես վստահ եմ մեր հաղթանակին։ Մեր հաղթանակը Ադրբեջանում հաստատ բերելու է ներքաղաքական ցնցումներ։ Ամեն ինչ կախված է պատերազմի ելքից՝ և՛ Ադրբեջանի ներքաղաքական կյանքը, և՛ Հայաստանի ու Արցախի հետագա ճակատագիրը, և՛ աշխարհաքաղաքական դասավորվածությունը։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am