Ուորլիքի հայտարարությունն` ընդդեմ ռուսական ազդեցության. Վերլուծաբանները չեն բացառում պատերազմի վերսկսման հնարավորությունը

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը  կարող է հանգեցնել պատերազմի վերսկսման վտանգին: «Մեդիալաբի» հետ զրույցում անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Ուորլիքի հրապարակած վեց կետերին,  կարծիք  է հայտնում վերլուծաբան Երվանդ Բոզոյանը:

«ԱՄՆ ֆորմալ իմաստով հայտարարում է, որ քանի որ ստատուս- քվոն շահավետ է Ռուսաստանին եւ մենք Ռուսաստանի հետ խնդիր ունենք Ուկրաինայում, ապա մեզ շահավետ չէ, որ Ռուսաստանինն շահավետ լինի, դրա  համար մենք փորձում ենք լուծել խնդիրը, եթե անգամ դա կբերի պատերազմի: ԱՄՆ-ը որոշում է կայացրել  , որ այս տարածաշրջանը նույնպես պետք է պայթի, այնպես, ինչպես պայթեց Սիրիան կամ  Ուկրաինան»,- «Մեդիալաբին» ասում է նա:

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքը Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամում. «Լեռնային Ղարաբաղ. Կարգավորման ուղիներ» ելույթում առաջարկել է Հայաստանի եւ Ադրբեջանին փոխզիջումների ճանապարհով խաղաղության բանակցություններ սկսել` շեշտելով, որ իր ուղերձը ներկայացնում է ԱՄՆ կառավարության պաշտոնական քաղաքականությունը:

Նշենք, որ ամերիկացի համանախագահը խոսում է մինչեւ հանրաքվեի անցկացումը ԼՂՀ-ին միջանկյալ կարգավիճակ տալու, Ղարաբաղի շուրջ այսպես ասած գրավյալ տարածքներից հայկական զորքերի դուրս բերման, փախստականների վերադարձի մասին: Այս ուղերձում նշված կետերն, ըստ էության , կրկնում են 2007-ին ընդունված Մադրիդյան սկզբունքները, բայց քաղաքագետ Երվանդ Բոզոյանի խոսքով, ի տարբերություն այդ սկզբունքների , որոնք  բանակցությունների հետագա ընթացքի համար որպես հիմք պետք է ծառայեին, այս ուղերձում,ԱՄՆ-ը փաստորեն, անընդունելի է համարում ստատուս-քվոն:

«Մադրիդյան սկզբունքերն ու դրան հաջորդելիք ճանապարհային քարտեզ ձեւավորելը թեեւ իրատեսական չեն, բայց սկզբունքները լավն են այն իմաստով, որ միջազգային հանրությունը փիլիսոփայորեն մեսիջ է ուղարկում կողմերին, թե ինչպիսին պետք է լինի ԼՂ ապագան:

Այս ֆորմատը կարեւոր է այն առումով, որ պահպանելով ստատուս քվոն, պահպանվում է խաղաղությունը եւ չլեգիտիմացնել պատերազմ սկսելու նկրտումները, բայց երբ ԱՄՆ հայտարարում է, որ ժամանակն է խնդրին լուծում տալ եւ որ իրենք արդեն մերժում են ստատուս- քվոյի գաղափարը,  նշանակում է, որ ԱՄՆ ուզում է խնդրը լուծել հաշվի առնելով ուկրաինական իրադարձությունները: Եթե դու ուզում ես կոնկրետ խնդիրը լուծել, նշանաում է դու հրահրում ես պատերազմ, լուծման այլ բանաձեւ չկա»,-ասում է Երվանդ Բոզոյանը՝ հավելելով, որ  եթե  հայկական կողմը զորքերը դուրս բերի եւ  փախստականները վերադառնան, Ադրբեջանի հաջորդ քայլը լինելու է  հարձակումը ԼՂՀ վրա:

«Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նույնպես կարծում է, որ Ուորլիքի հայտարարությունը պայմանավորված է Ռուսաստան-Արեւմուտք ահարաբերությունների լարվածությամբ:

Սերգեյ Մինասյանի խոսքով, տեսնելով Ռուսաստանի դիրքերի ուժեղացումն Ուկրաինայում, ԱՄՆ-ը փորձում է իր դիրքերն ուժեղացնել այս ճակատում ՝ ցուցաբերելով նախաձեռնողականություն: Սերգեյ Մինասյանի խոսքով, ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի մեկնաբանությունը, թե Ուորլիքի հայտարարությունը պայմանավորված է հրադադարի պայմանագրի քսանամյակով, որը լրանու է մայիսի 24-ին, Ամերիկացի համանախագահի հայտարարության  պատճառներից միայն մեկն է, բայց ոչ հիմնականը:

«Կա նաեւ չբարձրաձայնվող պատճառ՝ ուկրաինական ճգնաժամն ու Ռուսաստան-Արեւմուտք հարաբերությունների վատացումը»,-«Մեդիալաբին » ասում է Սերգեյ Մինասյանը:

Քաղաքագետն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ առաջին անգամն է, երբր ԱՄՆ-ը որպես համանախագահող երկրներից մեկը միանձնյա առաջարկություն է փորձում շրջանառության մեջ դնել:

Ըստ քաղաքագետի, պարզ չէ, արդյոք սա կդառնա քննարկման առարկա:

«Պարզ չէ, որովհետեւ այն մյուս երկու համանախագահների հետ համաձայնեցված չէ եւ  առնվազն հասկանալի է, որ համանախագահող մյուս երկրներից որեւէ մեկը ամերիկյան կողմի այս միանձնյա նախաձեռնությունը կարղ է օգտագործել որպես լեգիտիմ հնարավորություն  իր սեփական նախաձեռնությունները բերելու, որոնք կարող են  խնդրի տակ դնել ՄՍ ֆորմատը: Դժվար է ասել, Վաշինգտոնում այս մասին մտածել են , թե ոչ»,-ասում է Սերգեյ Մինասյանը:

Կովկաս ինստիտուտի փոխտնօրենը եւս համոզված է, որ Մադրիդյան սկզբունքները, որոնք Ուորլիքի հայտարարության մեջ  այսպես ասած, բացված են ու մեկնաբանված, այս պահի դրությամբ իրագործելի չեն, որովհետեւ կան կետեր, որոնց շուրջ ոչ հիմա, ոչ էլ ապագայում կողմերը համաձայնության գալ չեն կարող: Օրինակ, փախստականների վերադարձի մասին կետն, ըստ Մինասյանի, եթե բացենք, նշանակում է, որ նրանք պետք է վերադառնան ոչ միայն Աղդամ, այլեւ Շահումյան, Սումգայիթ կամ Բաքու, ինչը դժվար է իրագործել:

«Ամերիկացի համանախագահի եւ այս եւ համանախագահների այլ հայտարարություններում , նաեւ Մադրիդյան սկզբունքներում,  մշտապես նշվում է, որ  բոլոր դրույթները անբաժանելի են եւ այն փաստը, որ խոսվում է քսանամյակի մասին, վկայում է, որ շատ դժվար է այս փուլում կոմպրոմիսային լուծում գտնել: Բայց սրա հետ մեկտեղ ԱՄՆ շեշտում է, որ կողմերն ընդհանուր առմամբ հմաձայնություն տվել են այդ սկզբունքներին, իսկ դրանցից առաջինը այն է, որ փաստացի Ադրբեջանը իր համաձայնությունը տվել է, որ ԼՂՀ-ն առնվազն  ԼՂՀ ինքնավար մարզի եւ Լաչինի կազմով  պետք է  փաստացի անկախ լինի Ադրբեջանից»,-«Մեդիալաբին» ասում է Սերգեյ Մինասյանը:

Ինչ վերաբերվում է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի օրենսդիր մարմնի կողմից ԼՂՀ անկախության ճանաչմանը, ըստ քաղաքագետների, Ուորլիքի հայտարարության հետ այն պայմանավորված չէ: Երվանդ Բոզոյանը նշում է, որ այս փաստը միայն հոգեբանական եւ հուզական ազդեցություն կարող  է ունենալ Հայաստանի վրա,իսկ ԱՄՆ-ը կօգտագործի այդ համընկնում:

«Նահանգների մակարդակով կայացված որոշումները սիրողական են մ որոնք կատարվում են լոբբիստական աշխատանքների շնորհիվ եւ ԱՄՆ պետական շահի հետ որեւէ առնչություն չունի»,-ասում է նա:

Իսկ Սերգեյ Մինասյանը ԼՂՀ ճանաչումը կարեւորում է քարոզչական տեսանկյունց շեշտելով, որ ԼՂՀ համար կարեւոր է ցույց է տալ,  որ ԱՄՆ հասարակության մի մասն ըմբռնումով է մոտենում անկախության գործընթացին:

Նշենք, որ մայիսի ութի երեկոյան լիագումար նիստում Կալիֆորնիայի օրնեսդիր մարմինն ընդունել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչող բանաձև: Փաստաթուղթն ընդունվել է բացարձակ մեծամասնությամբ` 70 կողմ, 1 դեմ ձայնով:

Էմմա Քալաշյան

© Medialab.am