«Հակառակորդի նպատակն է՝ ամեն գնով գրավել Շուշին, քանի որ Շուշիով դրված է նաև Ալիևի հետագա պաշտոնավարման հարցը». ռազմական փորձագետ

Լուսանկարը՝ «SputnikArmenia»

Հակառակորդը նպատակ է դրել ամեն գնով գրավել Շուշին, և ամեն ինչ անում են, որպեսզի նոյեմբերի 9-ին Շուշիում ամրացնեն իրենց դրոշը։ «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։

«Ակնհայտ է, որ հակառակորդը փորձում է գրավել Շուշին, որովհետև Շուշին կարևոր նշանակություն ունի թե՛ հայերի, թե՛ հենց իրենց համար՝ թե՛ հոգեբանորեն, թե՛ ընդհանրապես ռազմավարական նշանակության տեսանկյունից։ Բացի դա, նոյեմբերի 9-ը իրենց դրոշի օրն է, և ամեն կերպ ամեն ինչ անում են, որ այդ օրը կարողանան Շուշիում ամրացնել իրենց դրոշը»,- ասում է փորձագետը։

Կարեն Հովհաննիսյանի խոսքով՝ կարծես թե Շուշիով դրված է նաև Ալիևի հետագա պաշտոնավարման հարցը։ «Այլևս հնարավոր չէ սեփական հասարակությանը կերակրել գոյություն չունեցող գյուղերի «ազատագրման» լուրերով։ Դրա համար այս պահին թիվ մեկ խնդիրը Շուշիի գրավումն է՝ ամեն գնով, ամեն մեթոդով»,- ասում է նա։

Մասնագետի խոսքով՝ հասարակությունը չպետք է այս պայմաններում խառնվի ռազմական ղեկավարության գործերին։

«Միակ բանն այն է, որ մենք պետք է միասնություն ու համախմբում դրսևորենք։ Եվ ամենակարևորը՝ սառնասրտություն պետք է լինի, որպեսզի յուրաքանչյուր լուր չընդունենք հալած յուղի տեղ, ինչը շատ վտանգավոր է։

Գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ, որ խուճապն անգամ մեր դեմ կռվող թշնամուց ավելի մեծ թշնամի է»,- հավելում է նա։

Կարեն Հովհաննիսյանի խոսքով՝ թշնամու մոտ պատերազմի առաջին օրերի համեմատ հիմա կա մարտավարական փոփոխություն, ինչն էլ բերել է ուժերի թուլացման։ «Իրենց ուժն ու ողնաշարը կոտրվեց Արցախի հարավում։

Իրենք կարծես թե իրենց ամբողջ պոտենցիալը սպառեցին հարավում։ Բայց փորձում են դիվերսիոն հարձակումներով, պարտիզանական ջոկատներով հաջողության հասնել։

Մարտավարական առումով են նաև փորձում այս մեթոդը կիրառել, որովհետև այս մարտերում ներգրավված են նաև Թուրքիայի այն հատուկ նշանակության ջոկատները, որոնք մասնագիտացված են լեռնային շրջաններում մարտեր վարելու հարցում»,- ասում է նա։

Ըստ Հովհաննիսյանի՝ հենց այդ ջոկատների միջոցով էլ թշնամին փորձում է ներթափանցել Արցախի բնակավայրեր։

Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմից Արցախի դեմ կռվող վարձկան ահաբեկիչների մարտավարությանը, Կարեն Հովհաննիսյանն ասում է. «Տեռորիստների ոճն այլ է, նրանք գործում են հետևյալ կերպ՝ մտնել համայնքներ, գլխատել, սպանել, դրանք տեսանկարահանել կամ լուսանկարել, որպեսզի իրենց գործունեության նկատմամբ ահ ու սարսափ տարածեն»։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am