«Ռուսաստանը մեզանից վերցրեց այն ինչ հնարավոր էր, հիմա հերթը Ղարաբաղինն է». Վերլուծաբանները` Աստանայում տեղի ունեցածի շուրջ

«Ռուսաստանը մեզանից վերցրեց այն ինչ հնարավոր էր, հիմա հերթը Ղարաբաղինն է». Վերլուծաբանները` Աստանայում տեղի ունեցածի շուրջ
«Ռուսաստանը մեզանից վերցրեց այն ինչ հնարավոր էր, հիմա հերթը Ղարաբաղինն է». Վերլուծաբանները` Աստանայում տեղի ունեցածի շուրջ

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում այսօր տեղի ունեցած իրադարձությունները փաստում են, որ Ադրբեջանը իր խնդիրները դիվանագիտական քայլով լուծում է Ռուսաստանի և Ղազախստանի միջոցով:

Այս կարծիքին է «Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի» տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանը՝ պատասխանելով Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի՝ Հայաստանին ներկայացրած վերջնագրի մասին հարցին:

Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Աստանայում  այսօր ընթերցել է Ադրբեջանի նախագահի նամակը, որում նշվում է, որ Հայաստանը Եվրասիական միության անդամ կարող է դառնալ ՄԱԿ ճանաչված սահմաններով, որոնցով Հայաստանը դարձել է ԱՀԿ անդամ: Սա ենթադրում է, որ Հայաստանը պետք է Եվրասիական միության անդամ դառնա առանց Ղարաբաղի:

«Ես չեմ կարող վստահորեն ասել, որ Հայաստանը կմերժի այդ պահանջը»,- «Մեդիալաբին» ասում է Աղասի Ենոքյանը:

Վերլուծաբանի կարծիքով, հենց դա է պատճառը, որ Հայաստանը մինչև հունիսի 15-ը ժամանակ վերցրեց և այսօր չստորագրելց Եվրասիական միության պայմանագիրը, որը ստորագրեցին Բելառուսը, Ղազախստանն ու Ռուսաստանը:

«Կարծում եմ, որ Հայաստանն այսօր չհամաձայնեց այդ պահանջին, և դրա համար նրան տվեցին ժամանակ»,- ասում է Աղասի Ենոքյանը:

Տեղեկացնենք, որ Արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Մանասարյանն այսօր Ազգային ժողովում հայտարարել էր, որ Եվրասիական միության պայմանագրում որոշակի տեխնիկական հարցեր են հստակեցվում, այդ պատճառով էլ Հայաստանը չի ստորագրել այն: Փոխնախարարն ասել էր, որ Ղարաբաղի հարցը կապ չունի այս ամենի հետ:

«Կարծում եմ, որ ճիշտ չի ասում արտաքին գործերի փոխնախարարը»,- նկատում է Աղասի Ենոքյանը:

Նրա խոսքով՝ այս իրավիճակը Հայաստանի համար նշանակում է այն տրամաբանության ավարտը, որով շարժվում էինք:

«Մենք շարժվում էինք Ռուսաստանին անվերապահորեն ենթարկվելու գաղափարով, և այդ ճանապարհին շանտաժի հիմնական գործիքը Ղարաբաղն էր: Ըստ էության Ռուսաստանը մեզանից վերցրեց ամեն ինչ, ինչ որ հնարավոր էր, հիմա էլ վերցրել է Ղարաբաղը»,- ասում է վերլուծաբանը:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի  խոսքով, Նազարբաևի հայտարարության մեջ որևէ նորություն չկա, Ղազախստանի նախագահը միշտ էլ այդ տեսակետին է եղել: «Սակայն, թե ինչո՞ւ է Նազարբաևը հատուկ շեշտում այդ գործոնը, դա պետք է արդեն լուրջ մտահոգի հայաստանյան պատվիրակությանը: Սա նշանակում է, որ Հայաստանյան պատվիրակությունը, մեղմ ասած, լավ չի աշխատել այդ ուղղությամբ: Այդպիսի հայտարարությունը փաստացի կարծես հրապարակավ նվաստացնում է հայկական կողմին, մանավանդ որ հայկական կողմն ամեն օր շեշտում է, թե օր առաջ երազում է մտել այդ միության մեջ»,- «Մեդիալաբին» ասում է Բոզոյանը:

Նրա խոսքով, Մաքսային միությանը միանալու գործընթացում Ղազախստանն ու Բելառուսը սկզբունքային բանակցություններ էին վարում Ռուսաստանի հետ իրենց  ազգային շահերի հետապնդման տեսանկյունից: Իսկ թե Հայաստանն ինչպես է պաշտպանում իր ազգային շահը, ըստ վերլուծաբանի, հայ հասարակությունը բացարձակ տեղյակ չէ:

«Մեծ հաշվով Հայաստանում հասարակությունն անորոշ վիճակում է և չունի պատկերացումներ, թե ինչ ճանապարհով է գնում երկիրը և ինչ է սպասվում մեզ այս կամ այն միությանն անդամակցելու գործում: Դա, ես կարծում եմ, որ բավական տխուր փաստ է»,- ասում է Երվանդ Բոզոյանը:

Վերլուծաբանի կարծիքով՝ այստեղ մտահոգիչն այն է, որ, օրինակ, Բելառուսը հրապարակավ ասում է, թե ինչ խնդիրներ կան և ինչի շուրջ է բանակցում Ռուսաստանի և Ղազախստանի հետ: Նույնը կարելի է ասել Ղազախստանի դեպքում: Հայաստանի պարագայում, նրա խոսքով, ամեն ինչ թաքուն է:

«Թե ինչի շուրջ է բանակցում Հայաստանը Ռուսաստանի հետ, ոչ ոք չգիտի, ես համոզված եմ, որ Հայաստանի իշխանության նեղ շրջանակներն անգամ չգիտեն այդ մասին: Իմ համար տարօրինակ է, որ այդ միությանը միանալու հարցում շտապեցնելու գործոնը Սերժ Սարգսյանն է հնչեցնում: Մինչդեռ կարծում եմ՝ շահավետ էր, որ Ռուսաստանն այդպիսի հայտարարություններ հնչեցներ, որպեսզի մենք կարողանայինք կորզել մաքսիմալ օգուտներ: Զարմանալի է ընդհանրապես, թե Հայաստանն ինչպես է վարում իր բանակցություններն օտարերկրյա ղեկավարների հետ, հայաստանյան հասարակական շահ հասկացությունը մինչև հիմա չեմ տեսել»,- ասում է նա:

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ Նազարբաևի հայտարարությունն ու Հայաստանի անդամակցության հետաձգումը վկայում են այն մասին, որ Ղարաբաղը կարող է չընդգրկվել Մաքսային միության ընդհանուր տնտեսական տարածք: Նա կարծում է, որ ստեղծված իրավիճակում արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը պետք է բացատրություն տա ԱԺ պատգավորներին ու հանրությանը: Նաիրա Զոհրաբյանը մտադիր է առաջիկայում խորհրդական հրավիրել արտգործնախարարին՝ բացատրություններ ստանալու ակնկալիքով:

© Medialab.am