«Ցանկացած իշխանություն, որ գալիս է իշխանության, ամեն օր պետք է ապացուցի, որ արժանի է հայ ժողովրդին». Էդուարդ Զորիկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է երգիչ, երգահան Էդուարդ Զորիկյանը

Պարո՛ն Զորիկյան, Արցախի վերաբերյալ ոչ հայանպաստ փաստաթղթի ստորագրումից հետո ի՞նչ քայլեր պետք է անենք մենք՝ որպես ազգ, ի՞նչ անելիքներ ունեն իշխանությունները։

– Առաջին հերթին պետք է աշխատենք չկոտրել մեր մեջ հավատը, լավատեսությունը ամեն ինչի հանդեպ։ Պետք է հետադարձ հայացք գցենք, թե պատերազմի առաջին օրվանից սկսած մեր ժողովուրդն ինչպես իրեն դրսևորեց։

Այդքանից հետո ուղղակի չի կարելի կտրուկ հակառակ քայլեր անել։ Այսինքն՝ մենք վստահել ենք իշխանություններին, առաջնորդվել ենք բացառապես նրանց բարձրաձայնած տեղեկություներով և հրահանգներով։

Պետք է աշխատենք այսօր մեր մեջ պահել այդ մտածելակերպը, մեկ բռունցք դառնալ։

Այսպիսի իրավիճակներում ոչինչ բացահայտ չի ասվում։ Մենք պետք է կարողանանք վերհիշել խորհրդային տարիներին ձեռք բերած տողատակերը կարդալու ունակությունը։

Այսօր մենք վրդովվում ենք, թե ինչո՛ւ էր Արայիկ Հարությունյանն այդպես մեղմ տոնով օգնություն կանչում՝ «սիրելի՛ հայրենակիցներ, մենք ձեր կարիքն ունենք»։

Բայց մարդը բառացի ասում էր՝ մենք ձեր կարիքն ունենք։ Այսինքն՝ պարտադիր չէ, որ քեզ քշեն ռազմաճակատ, որ դու ստիպված գնաս, ինչպես եղել է Մեծ Հայրենականի ժամանակ՝ հետևից չեկիստները, դեմից՝ ֆաշիստները։ Եվ դու ստիպված պետք է առաջ գնաս։

Կարծում եմ՝ ընթացիկ գործեր արվում են այս փուլում՝ նույն փախստականներին տեղավորելու ու օգնելու հարցում։

Այն իրավիճակում, երբ շատ ժողովուրդներ հիմնովին կկոտրվեին, մենք այնուամենայնիվ կարողանում ենք չկոտրվել ու շարունակել ինչով հնարավոր է օգնել։

Կամ եթե այդ աշխատանքը չենք անում, պետք է անենք, որովհետև մարդիկ հայտնվում են դրսում։ Մենք շատ լավ պետք է հասկանանք, որ մեր պետության կարողությունները չեն բավարարելու այդ խնդիրները լիակատար լուծելու համար։

– Ի՞նչ է կատարվում Հայաստանի ներքաղաքական դաշտում17 կուսակցություններ պահանջում են վարչապետի հրաժարականը, բայց վարչապետը հայտարարեց, որ հրաժարական չի տալիս։ Ի՞նչ նպատակ ունեն այս կուսակցությունները, ինչի՞ կարող է հանգեցնել նրանց ակտիվացումը։

– Եթե նրանք լինեին այնպիսի կուսակցություններ, որոնց գործը տեսած չլինեինք, որոնց մտքինը չիմանայինք, ես լրիվ դրական կվերաբերվեի։ Բայց մենք լսել ենք միայն խոստումներ։

Մենք նրանց տասնյակ տարիներ տեսել ենք գործի մեջ և շատ լավ գիտակցում ենք, որ այսօրվա դրությունը հենց դրա հետևանքն է։ Նախորդ երեք տասնամյակների ընթացքում էլ է հրադադար եղել։

Այսօր, եթե 10 օրով հրադադար է, ոչ ոք չի գնում բյուջեն գրպանի ու դղյակ սարքի։ Այսօր մտածում են զենք բերել հասցնել։ Այդ 30 տարիների ընթացքում նրանք փոխանակ դա անեին, սկսեցին բյուջեն գրպանել ու դղյակներ կառուցել, կղզիներ գնել։

Սա չեմ ասում նրա համար, որ վեկտորը շեղեմ նրանց վրա ու իշխանություններին պաշտպան կանգնեմ։ Ուղղակի ուզում եմ ֆիքսել, որ մենք գիտենք՝ ովքե՛ր են նրանք։

Եթե երկրում արտահերթ ընտրություններ լինեն, եթե չասեմ, որ Նիկոլ Փաշինյանն է ընտրվելու, բայց 100 տոկոսով կարող եմ ասել, որ այդ ուժերից ոչ մեկը չի ընտրվելու։

Սա նրանք պետք է հասկանան։ Որպեսզի այս ասածները դատարկ խոսքեր չլինեն, ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ պատերազմի 44 օրերի ընթացքում նրանցից ոչ մեկը չասաց՝ մենք ՀՀ իշխանության, ժողովրդի կողքին ենք։

Իրենք ասում էին՝ մենք մեր սահմանը պահող տղերքի կողքին ենք։ Այսինքն՝ այդ պետականության զգացումը չկա, որ ասեն՝ մեզ հանձնարարություն տվեք, կատարենք։ Ուժեր կային, որ իրենք իրենց նախաձեռնությամբ ջոկատ էին ստեղծում, գնում մի տեղ ծառի տակ նստում։ Դա ծիծաղելի է։

Վարչապետն ասաց, որ անգամ դիրքերը թողնում փախչում էին։

– Իհարկե, դա էլ է եղել, որովհետև եթե չփախչեին, հիմա այստեղ չէին լինի։ Այն տղաները, որոնք սահման են պահում, հիմա էլ այնտեղ են, որովհետև նրանք սահմանը թողնելու իրավունք ունեն միայն հրամանով։

Իսկ այս մարդիկ, որոնք այսօր հրապարակներում գոռգոռում են, եթե գնացել են, նրանք առանց հրամանի իրավունք չունեին լքելու իրենց վստահված դիրքերը։

Ուրեմն հայ ժողովուրդն ինչպե՞ս կարող է նրանց վստահել մի ամբողջ պետություն, եթե ընդամենը մեկ դիտակետ չեն կարողացել պահել։ Բացառվում է, որ նրանցից որևէ մեկը շանս ունենա։

Իհարկե, եթե արտահերթ ընտրություն լինի, ես համոզված եմ, որ մի 25-30 կուսակցություն մասնակցելու է, շատերի անունները լսած էլ չենք լինի։

Բայց նրանցից ոչ մեկը չի կարող անցնել։ Եթե անցնող լինեին, մենք կիմանայինք, որ կա ևս մեկը, որ նույնպես գալով իշխանության՝ բյուջեն չի գրպանի։ Մեր ամենաառաջնային խնդիրը դա է։ Մնացած բոլոր խնդիրները դրա հետևանքն են։

– Այդ ուժերի անդամների շրջանում ձերբակալություններ են սկսվել։ Նաև վարչապետը հայտարարեց, որ նախկին իշխանությունների ունեցվածքը պետք է ազգայնացնել։ Կարո՞ղ ենք ասել, որ իշխանությունն անցնում է կոշտ մեթոդների, թավիշը մնում է անցյալում։

– Իհարկե պետք էր մինչև պատերազմը դա անել, որովհետև այն ժամանակ այդ գումարները կօգտագործվեին բանակի համար։ Բայց լավ է ուշ, քան երբեք, մանավանդ որ առայժմ ռազմական դրությունը գործում է։ Այսինքն՝ շատ ավելի խիստ պետք է այս ամենին նայել, շատ ավելի կտրուկ քայլեր ձեռնարկել։ Չեմ կարող ասել՝ կանե՞ն, թե՞ ոչ, կհետևենք, կտեսնենք։

– Բայց անհրաժե՞շտ է ազգայնացնել ունեցվածքը։

– Իհարկե, եթե դրանք պետական բյուջեից գրպանած փողեր են, այլ կերպ հնարավոր չէ։ Պետական պաշտոնյան, որը ստանում է 600-700 հազար դրամ աշխատավարձ, մեկ տարվա մեջ չի կարող 3 մլն դոլարանոց մի դղյակ կառուցել։

Հավն էլ է հասկանում, որ սա հնարավոր չէ, ուրեմն գողացել են։ Ընդ որում, ոչ թե պետք է անշարժ գույքով վերադարձնեն, այլ՝ գումարով։

Երբ դատարանը կալանքից ազատելու համար գրավի չափ է որոշում, ինչպես դատարանին չեն կարող ասել՝ գումար չունեմ, անշարժ գույքս գրավ կդնեմ, այնպես էլ այս դեպքում պետք է չկարողանան ասել։

Ո՛չ, գումար պետք է բերես, ոնց ուզում ես ճարիր։ Նրանք ընկերներին են խառնում, Քոչարյանն ասաց, թե իր ընկերներն են գրավի գումարը վճարել։

Այս դեպքում էլ պետք է թիվը գրվի և ասվի՝ այսքան օր ժամանակ, բերես ու տաս։ Սա պետք է լինի, թե չէ նրանց շինությունները ինչների՞ս է պետք, այն էլ հիմա այս վիճակում։ 

Ես բազմիցս ասել եմ, առաջին անգամ ասացի քառօրյա պատերազմից հետո, երբ առաջին անգամ համախմբվեցինք ու ցույց տվեցինք, որ մենք մի ազգ ենք։

Այն ժամանակ հարցազրույցներից մեկի ժամանակ ասացի, որ ժողովուրդն ապացուցեց՝ ինքն ով է։ Հիմա իշխանությունը պետք է ապացուցի, որ ինքը կարող է արժանի լինել այդ ժողովրդին։

Ցանկացած իշխանություն, ցանկացած անձ, որ գալիս է իշխանության, իր պաշտոնավարելու ընթացքում ամեն օր պետք է ապացուցի, որ ինքն արժանի է հայ ժողովրդին, հայ ազգի առաջնորդ լինելուն։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am