«Այդ օրն էլ է գալու, որ խոսելու ենք, տարբեր փակագծեր ենք բացելու». Դավիթ Բաբայան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Պահպանողական կուսակցության նախագահ, Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը

– Պարո՛ն Բաբայան, արցախցիները դեռ վերադառնո՞ւմ են Արցախ, շա՞տ են արդյոք վերադարձողները: Նրանց խնդիրներն ինչպիսի՞ լուծում են ստանում այս պահին:

– Վերադառնում են կամաց-կամաց, օրական մի քանի տասնյակ մեքենաներ են գալիս: Երևանից մարդկանց բերում են ավտոբուսներով, միկրոավտոբուսներով: Հույս ունենք, որ կամաց-կամաց կգան, պետք է գոնե այնպես անենք, որ ինչ-որ մի տեղ կարողանանք այդ մարդկանց հոսքը ապահովել, որ գոնե քիչ չլինեն:

– Հաշվի առնելով, որ Հադրութում գինու գործարան կար, այլ հաստատություններ կային, դրանք կարո՞ղ է տեղափոխվեն Ստեփանակերտ: Ընդհանրապես, ի՞նչ է արվում արտադրական կարողությունները վերականգնելու ուղղությամբ:

– Այս պահին դեռ շատ շուտ է այդ մասին խոսել: Մենք հիմա այնքան հարցեր ունենք մեր առջև ծառացած, որ այդ ցանկում դա առաջնահերթ չէ: Պետք է այս պահին այլ հարցեր կարգավորենք, իսկ մնացածը՝ ընթացքում: 

– Հիմա առաջնահերթ ի՞նչ հարցեր են քննարկվում Արցախում:

– Պետք է նախ անվտանգությունն ապահովվի, պետք է այնպես լինի, որ սահմանները լինեն անվտանգ, պետք է այնպես լինի, որ մարդիկ սկսեն վերադառնալ, կարևորագույն ենթակառուցվածքները կարողանանք վերանորոգել, վերականգնել:

Ու այս ֆոնին, որ մարդիկ գալիս են ու սկսում են խոսել գինու գործարանի կամ հյուրանոցների կոմպենսացիաների մասին, ես անձամբ վհատվում եմ, որովհետև մտածում եմ, որ այս հասարակությունը դեռևս հիվանդ է, չի կարողանում ապաքինվել:

Հերիք է, ամեն ինչ փողի են վերածում: Ամենակարևորը դա չէ:

– Հիմա Շուշիից, Հադրութից բոլորը գալիս են Ստեփանակերտ, կարողանալո՞ւ եք նրանց կացարանով գոնե ապահովել:

– Դա ժամանակի խնդիր է, անմիջապես դժվար է լինելու ապահովել: Պարզ է, որ մարդկանց պետք է մի տեղ տեղավորենք, դա մեկ վայրկյանում լուծվող հարց չէ, բարդ խնդիր է:

Միգուցե Հայաստանում այդ մարդկանց ժամանակավոր տեղավորեն: Պետությունն այդ ուղղությամբ ինչ-որ ծրագրեր իրականացնում է, գիտեմ, որ նրանց որոշակի ֆինանսական աջակցություն պետք է տրամադրվի, կացարաններ տրվեն, բայց դրա մասին ճիշտ կլինի մեր կառավարությունից տեղեկանաք: 

– Վերջին օրերին պարզ դարձավ, որ պետք է հանձնվեն նաև Մարտակերտի վեց գյուղերը, ինչն անակնկալ էր այդտեղ ապրողների համար: Ձեզ համար ևս անակնկա՞լ էր:

– Այդ հարցերին ես չէ, որ պետք է պատասխանեմ. զանգեք պատկան մարմիններին: 

– Իսկ հոսանք, ջուր, գազ Ստեփանակերտում և այլ քաղաքներում վերականգնվա՞ծ են:

– Որոշ մասը վերականգնված է, որոշ տեղերում կա: Օրինակ՝ Ստեփանակերտում որոշ տեղերում վերականգնված է գազամատակարարումը, ջրամատակարարումը կա գրեթե ողջ քաղաքում, էլեկտրականությունը գրեթե վերականգնված է: Խնդիրների լուծման աշխատանքներն ընթացքի մեջ է: 

– Մովսես Հակոբյանն այսօր մի քանի սենսացիոն հայտարարություններ է արել: Ձեր կարծիքով՝ այսպիսի հայտարարությունները չե՞ն խարխլում կայունությունը թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում:

– Ես չեմ ուզում մտնել դրա մեջ, պետք է պատկան մարմիններին հարցնեք, տեսնեք՝ ճիշտ է, ճիշտ չէ: Խնդիրն այն է, որ սա այն հարցն է, որը դեռ շատ է քննարկվելու: Բոլորիս համար պարզ է, որ նման հարցերը պետք է քննարկվեն, չեն կարող չքննարկվել:

Այս պատերազմն այնքան մեծ հարված էր հայոց պետականությանը, որ տարբեր հարցեր պետք է քննարկվեն, այդ թվում՝ ամենացավոտ հարցերը: Լինելու են տարբեր կարծիքներ, և հասարակությունը պետք է պատրաստ լինի:

Ես հիմա չեմ ուզում ասել՝ ով է ճիշտ, ով՝ սխալ: Այդ օրն էլ է գալու, որ խոսելու ենք, տարբեր փակագծեր ենք բացելու: Հիմա հարցրեք պատկան մարմիններին, հարցրեք այն մարդկանց, որոնք այնտեղ են եղել, որոնք պետք է խոսեն: Հետո, երբ ժամանակը կգա, մենք կխոսենք: 

– Իսկ ձեր կարծիքով այս պատերազմի հանգամանքները քննելու համար քննիչ հանձնաժողով չպե՞տք է ստեղծվի՝ խորհրդարանում թե խորհրդարանից դուրս:

– Պետք է ամեն ինչ քննարկվի: Այդ ո՞նց եք պատկերացնում՝ ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողով պետք է ստեղծեն, այս մեկի համար չպե՞տք է ստեղծեն:

Մենք ունենք նախադեպ և պետք է այդ նախադեպը շարունակենք: Իհարկե կարևոր հարցերը պետք է քննարկվեն, բայց մասնագիտական ձևով, առանց ճղճղոցի ու ճվճվոցի:

Մենք ողջունել ենք, որ պետք է ամեն ձևով քննարկվեն՝ ոչ միայն ԱԺ-ում, նաև գիտական, կրթական, հասարակական, քաղաքական մարմինների մակարդակով:

Բոլոր տեսանկյուններից պետք է նայենք, տեսնենք՝ ինչպես է եղել, ինչ կարելի էր անել, շատ օբյեկտիվ: Կարծում եմ՝ դա նաև ժամանակի խնդիր է, այսինքն՝ մի քանի տարի դա քննարկվելու է:

Միշտ է լինելու այդ քննարկումը, որովհետև այն հարվածը, որ մենք ստացանք, մահացու հարված էր, գոնե փրկվեցինք: Իհարկե պետք է քննարկվի, ո՞նց կարող են այդ հարցերը չքննարկվել:

Մանե Հարությունյան

MediaLab.am