«Ռուսաստանն ուզում է Ղարաբաղը դարձնել վճարման միջոց, գայթակղել Ադրբեջանին ու բերել Եվրասիական միություն». Արա Պապյան

«Ռուսաստանն ուզում է Ղարաբաղը դարձնել վճարման միջոց, գայթակղել Ադրբեջանին ու բերել Եվրասիական միություն». Արա Պապյան
«Ռուսաստանն ուզում է Ղարաբաղը դարձնել վճարման միջոց, գայթակղել Ադրբեջանին ու բերել Եվրասիական միություն». Արա Պապյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, Կանադայում ՀՀ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Պապյանը:

-Պարոն Պապյան, հետաձգվում է Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, իսկ Հայաստանի իշխանությունները նշում են, որ դրա համար տեխնիկական մի քանի խնդիրներ կան: Ձեր կարծիքով՝ ո՞րն է  ձգձգման իրական պատճառը:

-Ես չեմ կարծում, որ դա տեխնիկական խնդիր է: Ես կարծում եմ՝ Հայաստանի Եվրասիական միություն բերելու բուն նպատակը Ադրբեջանին այդ միություն ներքաշելու մեջ է: Թեև Ադրբեջանը հայտարարել է, որ չի ուզում այդ միության  մաս կազմի, բայց հիմա բանակցում են, ուզում են Ադրբեջանին գայթակղել և ներս բերել:

-Այսինքն՝ Ղարաբաղի հարցո՞վ են Ադրբեջանի վրա ճնշումները:

-Ռուսաստանն ուզում է Ղարաբաղը դարձնել վճարման միջոց, գայթակղել Ադրբեջանին ու բերել Եվրասիական միություն: Դա դեռ չի ստացվում, որովհետև Ադրբեջանը չի ուզում մտնել այդ միություն: Թե հիմա ինչքանով կստացվի դա, եթե անգամ նրանք ուզեն, դա այլ խնդիր է: Բայց բացահայտ է, որ Հայաստանի դերակատարությունը Եվրասիական միությունում գայթակղիչի դերն է: Ուրիշ դեր չկա:

-Իսկ եթե Ռուսաստանին հաջողվի Ադրբեջանին գայթակղել և Եվրասիական միության անդամ դարձնել, մասնավորապես Ղարաբաղի հարցով  ի՞նչ է տեղի ունենալու:

-Եթե հաջողվում է, Ադրբեջանը գալիս է Ղարաբաղի հետ միասին ու մտնում է Եվրասիական միություն: Ռուսաստանը ճանաչում է Ադրբեջանը, չակերտավոր, այսպես կոչված, միջազգայնորեն ճանաչված սահմաններով: Եվ մենք ունենում ենք այն, ինչ ունեցանք 1921 թվականին, երբ նույն միության մեջ ունեինք Հայաստան և Ադրբեջան, Ղարաբաղը Ադրբեջանի ենթակայության ներքո էր:

-Այսինքն՝ Եվրասիական միության շրջանակներում դուք այդ սցենա՞րն եք տեսնում՝ Ղարբաղը Ադրբեջանի կազմո՞ւմ է լինելու:

-Բնականաբար, որևէ մեկը դեռ մեզ չի ասել հակառակը: Չէ՞ որ մենք էլ ենք ասում, որ Ղարաբաղը Հայաստանի մաս չի կազմում: Եթե նույն Ռուսաստանը, խոսելով Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների մասին, Ղարաբաղն էլ է նկատի ունեցել, ուրիշ ի՞նչ սցենար կարող է այդտեղ լինել:

-Ադրբեջանը միայն Ղարաբաղը ստանալու գնո՞վ կգա Մաքսային միություն, այլ ճանապարհ չկա՞:

-Մեր ամբողջ հույսն այն է, որ Ադրբեջանն անգամ այդ գնով չի մտնի Եվրասիական միություն: Ադրբեջանին պետք չէ այդտեղ գալը:

-Ստացվում է, որ այս միության շրջանակներում Հայաստանն ընդհանրապես ձայնազո՞ւրկ է,  չի՞ կարող իր պայմանները թելադրել անգամ Ղարաբաղի՞ հարցով:

-Այո, այդպես է: Հայաստանի դեպքում չեմ հասկանում, թե ի՞նչ իմաստ ունի մտնել մի միություն, որտեղ դու երկրորդ սորտի երկիր ես: Բայց չգիտես ինչու, մերոնք կպած գնում են այդ քայլին՝ շատ լավ իմանալով, որ վատ է լինելու:

-Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Փաշազադեն երեկ հայտարարել է, որ «Ռուսաստանի օգնությամբ Ղարաբաղը կվերադարձվի Ադրբեջանին»: Այս փուլում այդ հայտարարություն ի՞նչ է նշանակում:

Այդ հայտարարությունն այդ ամբողջ գործընթացի մասն է: Փաշազադեն ասում է, Ռուսաստանին ակնարկում է, որ նրանք էլ ավելի հստակ ասեն: Բայց ցավոք սրտի իրենց համար, մեզ համար բարեբախտաբար, Փաշազադեն չի որոշում, որոշում է Ալիևը: Իսկ Ալիևին ձեռնտու չէ իր եկամուտներով կիսվել Պուտինի հետ:

Մարի Ներսեսյան

© Medialab.am