«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է դերասան Հրանտ Թոխատյանը
– Պարո՛ն Թոխատյան, դուք այլ մտավորականների հետ մտադիր եք դիմել միջազգային կառուցներին՝ հայ զինծառայողներին Ադրբեջանից վերադարձնելու հարցով։ Ի՞նչ հնարավորություններ եք տեսնում։
– Հիմա ինձ համար կարևոր հարցերից մեկը մեր գերեվարված տղաների վերադարձն է և մեր զոհված մարտիկների դիերը հասցնելը առաջին հերթին իրենց հարազատներին, երկրորդը՝ մեզ, որովհետև նրանք այն տղաներն են, ովքեր հանուն մեզ, Հայրենիքի զոհվել են։
Եվ, բնականաբար, բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ հնարավոր է այդ տարածքներում դեռ լինեն ողջ զինծառայողներ, որոնց ժամ առաջ ինչ-որ կերպ պետք է փորձենք օգնության հասնել։
Դա կլինի Կարմիր խաչի, թե ռուս խաղաղապահների օգնությամբ, բայց պետք է իրականացնել։ Այսօր ավելի հրատապ հարց է ինտենսիվ զբաղվել մեր գերեվարված տղաների ազատության հարցով։
Դա շատ բարդ գործընթաց է, հասկանում եմ, որովհետև զրուցել եմ շատ մարդկանց հետ, ովքեր այդ գործով լրջորեն զբաղվում են։ Բայց ևս մեկ ձայն բարձրացնելը, ես կարծում եմ, ավելորդ չի լինի։
– Արցախի վերաբերյալ փաստաթղթում տարածքների հանձնման ժամկետները հստակեցված են, իսկ գերիների ու դիերի հանձնման ժամկետները՝ ոչ։ Ինչպե՞ս եք գնահատում, որ նման փաստաթուղթ է ստորագրվել։
– Ես ուզում եմ նախ շնորհակալություն հայտնել մեր Մարդու իրավունքների պաշտպանին՝ պարոն Թաթոյանին, որովհետև նա բավական մեծ աշխատանք է տանում։ Եվ մենք էլ փորձում ենք հնարավորինս օգնել նրան ինչով կարող ենք։
Ինչ վերաբերում է ժամկետներին, դրանք պետք նշվեին, և տարօրինակ է, որ չեն նշվել փաստաթղթում։ Ես կարծում եմ՝ կարող էր դա գոնե լինել մեր պայմաններից մեկը, որ այդ հարցը լուծելուց հետո նոր պետք է անցնեին սահմանային ու տարածքային հարցերին։
Թե ինչո՞ւ դա չի արվել, դա վաղվա խոսակցություն է։ Այսօր գոնե ինձ համար առաջնահերթ է մեր տղաների վերադարձի հարցը։
– Անվտանգության առումով Հայաստանի համար զգայուն վիճակ է ստեղծված այսօր, ադրբեջանցիներն արդեն Հայաստանի սահմանի մոտ են։ Ի՞նչ մարտահրավերներ եք տեսնում։
– Բոլորս էլ հասկանում ենք, որ ծանր է վիճակը։ Ինձ համար Արցախն առանձնահատուկ տեղ ուներ, իմ կապերը Արցախի հետ եղել են շատ ինտենսիվ ու հարազատ։
Եվ ամեն մի վայրը, որը մոտակա ժամակներում չես կարող այցելել, ամենամեծ ցավերից մեկն է, հարազատի կորստի պես մի բան է։
Այն, որ Հայաստանի սահմանին են, դա այդպես էլ պետք է լիներ, որովհետև այս ամենից հետո Հայաստանի սահմանը երկարեց։ Մեծ ցավ է։
– Շատ է խոսվում այն մասին, որ մենք պատրաստ չէինք այս պատերազմին։ Դուք ի՞նչ եք կարծում՝ մեր ժողովուրդը պատրա՞ստ էր սրան։
– Մենք այս պատերազմին հոգեպես պատրաստ ենք՝ սկսած 1994 թվականից։ Այն ամեն վայրկյան կարող էր սկսվել։ Այլ հարց է, որ նման հետևանքներին ոչ թե պատրաստ չէինք, այլ ինքներս չէինք ուզում սրան հավատալ։
Եվ ամեն մեկն իր տեղում հուսով էր, փորձում էր այնպես անել, որ նման օր չլիներ։ Բայց արի ու տես, որ երևի զլացել ենք։ Եվ այսօր ունենք այն, ինչ ունենք։ Ցավում եմ դրա համար։
– Ներկա իշխանությունները ստեղծված իրավիճակի համար մեղադրում են նախկիններին, որ բանակը պատշաճ չեն զինել տարիներ շարունակ, իսկ նախկինները ներկաներին մեղադրում են հող հանձնելու մեջ։ Ո՞վ է մեղավոր։
– Դա այն բռնոցին է, որը միշտ էլ եղել է։ Բնականաբար, յուրաքանչյուրս որևէ բանի մեջ մեղադրում ենք ամեն մեկին, բացի մեզնից։ Դրա համար 15 տարի ներկայացում կար բեմի վրա, այն ժամանակ, երբ շատերը փոքրիկ բալիկներ էին, շատերն էլ նայում էին, բայց երևի մինչև վերջ չէին ընկալում ասածները։ Mea culpa-ի մասին է խոսքը։
Այդպես էլ մենք չհասկացանք, որ առաջին հերթին պետք է մեղադրանք յուրաքանչյուրս մեզ, հետո նոր արդեն դիմացինին։
– Ինչպե՞ս պետք է դուրս գանք այս իրավիճակից։
– Շատ դժվար է այս իրավիճակից դուրս գալ, բայց այն, որ պետք է դուրս գանք, միանշանակ է։
Եթե դուրս չգանք, մենք կկորչենք՝ որպես երկիր, որպես պետություն։ Դրա համար պետք է այս ամենի տակից դուրս գալ խելացի քայլերով, համախմբվածությամբ։
Որքան էլ հիմա այս ատելությունը, պիտակավորումները ու մնացած զահրումարները կան, այդ ամեն ինչի վրայով պետք է անցնենք։
– Շատ է խոսվում, որ այս մթնոլորտի համար հենց իշխանությունն է պատասխանատու ու մեղավոր։
– Բնականաբար, չի կարող այդպես չլինել։ Պատասխանատվությունը օրվա իշխանության վրա է, ինչ էլ լինի։ Եթե հիշում եք՝ և՛ 90-ականներին էր այդպես, և՛ ապրիլյան պատերազմից հետո։ Հիմա էլ է այդպես՝ պատասխանատուն իշխանությունն է։
Կարելի է միշտ էլ գտնել արդարացումներ, բայց ես կարծում եմ՝ ոչ թե հիմա պետք է արդարանալ, այլ պետք է թևքերը քշտած աշխատել:
Ռոզա Հովհաննիսյան
MediaLab.am