Հակառակորդի կողմից նման գործողություններն աննախադեպ են 1994 թվականից հետո. Սեյրան Օհանյանի ելույթը կառավարության նիստին

Հակառակորդի կողմից նման գործողություններն աննախադեպ են 1994 թվականից հետո. Սեյրան Օհանյանի ելույթը կառավարության նիստին
Հակառակորդի կողմից նման գործողություններն աննախադեպ են 1994 թվականից հետո. Սեյրան Օհանյանի ելույթը կառավարության նիստին

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյան – Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Մինչև այսօրվա օրակարգով նախատեսված խնդիրների քննարկումն անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ վերջին տասը օրերի ընթացքում շփման գծում ստեղծված աննախադեպ լարվածությանը: Ձայնը տալիս եմ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան – Մեծարգո պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, ընդհանուր առմամբ 2014 թվականը Հայաստանի, Արցախի, հայկական բանակի համար լարված ժամանակահատված էր: Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ռազմական հռետորաբանության արդյունք էին հրադադարի ռեժիմի խախտումը, դիվերսիոն-հետախուզական գործողությունները, սպառազինությունների մրցավազքը, որոնք հանգեցրին նրան, որ 2014 թվականին, ի տարբերություն 2013 թվականի, հրադադարի ռեժիմի խախտման շուրջ 18 հազար դեպքեր եղան՝ այն դեպքում, երբ 2013 թվականին միայն ամբողջ տարվա ընթացքում՝ 13 հազար խախտում է եղել: Հակառակորդի կողմից այս ժամանակահատվածում եղել են նաև 26 դիվերսիոն-հետախուզական գործողություններ կամ փորձեր, որոնց շուրջ 65 տոկոսը, այսինքն՝ 15 դեպքը՝ հուլիսի 25-ից մինչև հիմա, այս ժամանակահատվածում էր: 

Լարված իրավիճակը դեռևս պահպանվում է: Ադրբեջանական կողմն իրականացնում է իր ծավալներով և բնույթով աննախադեպ ռազմական բնույթի գործողություններ, այդ թվում՝ հրադադարի ինտեսիվ խախտումներ և խաղաղ բնակավայրերի գնդակոծություններ մեծ տրամաչափի զինատեսակներով, դիվերսիոն-հետախուզական ակտիվ գործողություններ, ինչպես նաև շփման գծում և թիկունքում զորքերի տեղաշարժեր, տեղեկատվական և քարոզչական ակտիվ գործունեություն: Ինչպես ցույց է տալիս վերլուծությունը, օգոստոսի 1-ից սկսած՝ հակառակորդի կողմից հրադադարի խախտման ինտենսիվությունը չի նվազել: Բացի հայկական դիրքերի ուղղությամբ կրակոցներից, մշտական գնդակոծության տակ են գտնվում սահմանամերձ խաղաղ բնակավայրերը, հիմնականում Տավուշի մարզում: Հակառակորդի կողմից օգտագործվում են մեծ տրամաչափի զինատեսակներ, ինչպիսիք են ձեռքի հակատանկային և հաստոցային ավտոմատ նռնականետեր, 23 միլիմետրանոց զենիթային կայանքներ, 82 միլիմետրանոց ականանետեր: 
Նշված ժամանակահատվածում իրականացված դիվերսիոն-հետախուզական ներթափանցման գործողությունները և փորձը թույլ են տալիս ասելու, որ այդ գործողությունները դժվար է որակել որպես զուտ դիվերսիոն բնույթի՝ իրենց ինտեսիվությամբ և ծավալներով, քանի որ շատ անգամ իրականացվել են նաև ցերեկային պայմաններում, մեծ խմբերով՝ բացահայտ կերպով ուղղված հայկական հենակետերի գրավմանը, ինչը նրանց հաղորդում է ակնհայտ հարձակողական մարտական գործողությունների բնույթ: Ինչպես գիտեք, այդ բոլոր փորձերը ձախողվել են: Ցավոք սրտի, մենք ունեցել ենք կորուստներ. մարտական գործողությունների ժամանակ հայկական կողմից զոհվել են զինծառայողներ Զորիկ Ժիրայրի Գևորգյանը, Գոռ Բաբկենի Գրիգորյանը, Արարատ Վաչիկի Խանոյանը, Սարգիս Արմենի Մովսիսյանը, Ազատ Արթուրի Ասոյանը, Խաչատուր Լևոնի Բադասյանը, Արամ Մկրտչի Գրիգորյանը: Նրանք հետմահու արժանացել են Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պարգևների: Ես գտնում եմ, որ նշված զինծառայողների, ինչպես նաև զինված ուժերի հրամանատարական կազմի և դիվերսիոն-հետախուզական գործողությունները հետ մղած համազորային ստորաբաժանումների և նաև պատժիչ գործողություններ իրականացրած հատուկ նշանակության ստորաբաժանումների գործունեության արդյունք է, որ մենք կարողացանք արժանապատվորեն այդ մարտահրավերից դուրս գալ և բարձրացնելով զինծառայողների մարտական ոգին՝ Հայաստանի Հանրապետությունում նաև ստեղծել ընդհանուր միաբանության, միասնականության, համախմբման ոգի: 
Հակառակորդի կողմից իրականացվում են այս ժամանակահատվածում նաև այլ գործողություններ. հայտարարվել է ողջ անձնակազմի հավաք, բերվել են ծառայության ուժեղացված ռեժիմի, մտցվել են զորանոցային վիճակներ, արձանագրվել են անձնակազմի զինտեխնիկայի տեղաշարժեր գրեթե բոլոր զորամիավորումների պահպանության գոտիների դիմաց, իրականացվում է ավիացիայի՝ ինքնաթիռների և ուղղաթիռների ակտիվություն առաջնային գծի երկայնքով, որոշ ստորաբաժանումներ՝ խոցման և նաև երկրորդ շարակազմի, բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի, հրամանատարական կետերի բացազատում, առաջնագծում ակտիվացել են հակառակորդի անօդաչու թռչող սարքերի թռիչքները, տեղեկատվական և քարոզչական միջոցառումների շրջանակներում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է ապատեղեկատվության տարածումը: Ինչպես գիտեք, ադրբեջանական մի քանի ԶԼՄ-ներում նրանք ներկայացնում են այնպես, որ հաղթանակն իրենք են տարել, և հայկական կողմը մեծ կորուստներ է տվել: Կորուստների հարաբերակցությունը, եթե այսօր համեմատենք, 1/8 և 9, այսինքն՝ 8-9 անգամ նրանք ավելի շատ կորուստներ են ստացել: Որոշ սահմանամերձ բնակավայրերում, շրջաններում իրավիճակի սրումը Ադրբեջանի Հանրապետության գյուղի բնակիչների մոտ առաջացրել է խուճապ և արտահոսք: Այդ կապակցությամբ սահմանամերձ նորակառույց բնակավայրերում ուժեղացվել է վարչական և ոստիկանական ռեժիմը: Նաև որոշակի քայլեր են իրականացնում զորահավաքային պլանների ճշգրտման, զգուշացման ուղղությամբ: Հակառակորդի կողմից նման գործողություններն աննախադեպ են 1994 թվականից հետո: Տվյալ գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմը չի սահմանափակվում զուտ հրադադարի խախտումներով և իրականացնում է ավելի լայնամասշտաբ գործողությունների նախապատրաստական աշխատանք: Այս ամենը, կարծում եմ, հետևանք է նրանց հռետորաբանության և նպատակ ունի բանակցային գործընթացի վրա ազդելու և նաև ներքին լսարանի համախմբման և պարտվածի թերարժեքության վերացման և զինված ուժերի ոգու բարձրացման:
Պաշտպանության նախարարության կողմից իրականացվել են մի շարք միջոցառումներ. առաջին հերթին զինված ուժերն առանց մարտական պատրաստականության բարձր աստիճանի բերելու ուժեղացրել է իր ծառայությունը և՛ սահմանամերձ հատվածում, և՛ ռեզերվային բոլոր զորամասերում: Հրամանատարական կետերը, ղեկավարման ամբողջ համակարգը, միջոցներն ու օրգանները գործում են շուրջօրյա ռեժիմով, խոցման, ահազանգման, երկրորդ շարակազմի շատ-շատ ստորաբաժանումներ բերվել են մարտական պատրաստականության և գտնվում են անմիջապես առաջին գծում միանգամից ահազանգելու համար: Հատկապես գիշերային պայմաններում ծառայության ռեժիմն ուժեղացված է: Զինված ուժերի մարտական ոգին չափազանց բարձր է՝ առաջին հերթին արտահայտված այդ հաջողություններով, երկրորդը՝ մեր բնակչության, հատկապես Կառավարության, Ազգային ժողովի, հասարակության լայն խավերի և նաև մեր մարտական ընկերների, ազատամարտիկների, երկրապահների, վետերանների աջակցությամբ, որոնք մասնակցում են մարտական հերթապահության և իրենց փորձի փոխանակմամբ ոգևորում են զինված ուժերի ստորաբաժանումներին: 
Իրադրության ապակայունացմանն ուղղված Ադրբեջանի զինված ուժերի գործելակերպը ամբողջովին գտնում ենք, որ հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության կարգավորման բանակցությունների ոգուն և տրամաբանությանը: Հայաստանի Հանրապետությունը, հավատարիմ մնալով հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելուն, բարձր գնահատելով ԵԱՀԿ Մինսկի խմբի պետությունների կառուցողական ջանքերը, միջազգային հանրության՝ իրադրության վերաբերյալ պաշտոնական հայտարարությունները, միջազգային կառույցների, օտարերկրյա պետությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում իր պաշտոնական հայտարարություններում պարբերաբար կոչ է անում ադրբեջանական կողմին զերծ մնալ իրավիճակի հետագա սրմանն ուղղված քայլերից և ջանքեր գործադրել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ: Ստեղծված իրավիճակում իրադրության հետագա թեժացումը կանխելու նպատակով մեր զինված ուժերը և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակն ստիպված են լինում խստորեն պատժելու խախտման ցանկացած դեպք, որի հետևանքով, ինչպես ես ասացի, հակառակորդը կրում է զգալի մարդկային կորուստներ: Գտնում եմ, որ այդ մարդկային կորուստները և թափված արյունն ընկնում է Ադրբեջանի ռազմական, ռազմաքաղաքական ղեկավարության խղճի վրա: Այս իրավիճակում, կարծում եմ, որ իրենք իրենց իսկ ստի զոհը դարձան, որովհետև տարիներ ի վեր իրենց ժողովրդին քարոզում էին, որ հզոր բանակ ենք, անընդհատ համալրում ենք սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով, անպարտելի ենք, բայց գտնում եմ, որ, այսպես պետք է ասեմ, թուրքը մնում է թուրք և մենք նրա հետ գործելու ենք այն կանոններով, որով ինքն ուզում է մեր հետ գործել: Առկա լարվածությունը սաստկացնելուն ուղղված ադրբեջանական կողմի գործողությունների շարունակման դեպքում հայկական զինուժն ստիպված կլինի իրականացնելու համարժեք գործողություններ, էլ ավելի խստացնելու Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավարության՝ ռազմական տրամաբանությունից զուրկ և անմիտ վրեժխնդրության դրսևորումների նկատմամբ պատժամիջոցները: 
Ես գտնում եմ, որ, պարոն վարչապետ, իրենք այս իրավիճակում չեն հանգստանալու մինչև օգոստոսի 9-ը և դրանից հետո, և Հայաստանի Հանրապետության զինված ուժերը պատրաստ են իրականացնել իրենց առջև դրված խնդիրը: Այս պահին ես պարզապես նաև ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել և´ կառավարության բոլոր անդամներին, և´ հասարակությանը: Անհրաժեշտության դեպքում աջակցությունը զինված ուժերին, մեր զինվորին, հատկապես զոհված և վիրավոր ազատամարտիկների և զինծառայողների ծնողներին, հարազատներին, այցելությունները պետք է մեր հանրության կողմից շարունակվեն, և նրանք մեր ուշադրության կենտրոնում պետք է լինեն: 
Շնորհակալություն:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյան – Հայաստանի Հանրապետության կառավարության անունից խորին ցավակցություն հայտնելով նրանց ծնողներին ու հարազատներին և միասին սգալով այս անփարատելի վիշտը՝ առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել զոհված հերոսների հիշատակը:
Շնորհակալություն: