Մենք պիտի շնորհակալություն հայտնենք Վազգեն Մանուկյանին, որ համաձայնել է դառնալ վարչապետի թեկնածու․ Արցախի դաշնակցական պատգամավոր

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Արցախի Ազգային ժողովի Դաշնակցություն խմբակցության քարտուղար Վահրամ Բալայանը

– Պարո՛ն Բալայան, հետպատերազմյան Արցախում իշխանությունները, համենայնդեպս ըստ պաշտոնական հաղորդագրությունների, կարծես փորձում են լուծել սոցիալական, բնակարանաշինական, տեխնիկական խնդիրներ։

Ի՞նչ իրավիճակ է ներքաղաքական կյանքում, Վիտալի Բալասանյանը սկսեց համագործակցել իշխանությունների հետ, Դաշնակցության մասով որոշակիություն կա՞։ 

– Ո՛չ, այս պահին առանձնահատուկ բան չկա ասելու։ Որոշակի հարցեր, սկզբունքներ կան, որոնց շուրջ խոսակցություններ ընթանում են, բայց առայժմ որևէ որոշում չկա։ 

– Կմասնավորեցնե՞ք ինչ սկզբունքների մասին է խոսքը։

– Դե, ընդհանրապես, ո՞նց ենք տեսնում ապագան, ի՞նչ երկիր ենք կառուցելու, ովքե՞ր են կառուցելու, արդյոք ռեալ համագործակցությո՞ւն է ստեղծվելու, թե՞․․․ Այսինքն՝ կան հարցեր, որոնք քննարկման փուլում են։

– Արցախի նախագահը քաղաքական կոնսուլտացիաների մասին էր հայտարարել, այսինքն՝ դրանք հիմա ընթանո՞ւմ են։

– Այո՛։ Առայժմ փակ դռների հետևում են խոսակցությունները, դեռ բարձրաձայնելու բան չկա, դեռ որոշակիություն չկա։

– Ինչի՞ շուրջ չեք կարողանում համաձայնության գալ։

– Ասածս սկզբունքների, այսինքն՝ հարցերի, որոնց շուրջ պետք է որոշակիություն լինի։ Այսինքն՝ համաձայնության կառավարությունն ինչպես է ձևավորվելու, ովքեր են լինելու, ինչ ուժեր են լինելու, ինչ նպատակներ են հետապնդելու և այլն։ Այսինքն՝ հարցեր են, որոնք մեզ համար կարևոր են։ Օրինակ՝ նախկին իշխանությունն ի՞նչ դիրք է ունենալու։ Այդ հարցերը պետք է ճշտվեն։

– Կան տեղեկություններ, որոնց համաձայն Արցախի Ազգային ժողովի նախագահի պաշտոնը Դաշնակցությանն է առաջարկվում։ Ճի՞շտ են դրանք։

– Ես ասացի, որ տարբեր հարցեր են քննարկվում, բայց չեմ կարող ասել՝ սա է, էն մյուսն է։ Իրար հետ կապված հարցեր են։ Կարևորը պաշտոնը չէ, կարևորը այն սկզբունքներն են, որոնք պետք է ճշտվեն՝ երկրի ներքին կանոնավոր կյանքը ապահովելու համար։

Երկրի անվտանգության, սահմանների կարգավիճակի, փախստականների հետ կապված հարցեր են քննարկվում, ինչպես նաև Հայաստանում քաղաքական իրավիճակի մասին հարցը։ Հարցեր, որոնց անհայտները շատ են։

– Հայաստանում քաղաքական փոփոխությունների՞ց է կախված նաև ձեր, նկատի ունեմ՝ Արցախի Դաշնակցության քայլերի հստակեցումը։

– Իհարկե շատ կարևոր է, թե այդտեղ ինչ է կատարվում։ Եթե Հայաստանում քաղաքական փոփոխություններ չկատարվեն, մենք այս ցեխից ո՞նց ենք դուրս գալու։ 

– Նկատի ունեք Փաշինյանի հրաժարակա՞նը։

– Այո՛, այո՛, այո՛։

– Պարո՛ն Բալայան, Հայաստանի իշխանությունների փոփոխությունը ի՞նչ կարող է բերել Արցախին։

– Շատ բան։ Ի վերջո, այս ամենը Արցախի հետ կատարվեց, չէ՞։ Ամեն ինչ կորցրեցինք, մարդկային կորուստներ ունեցանք, անհեռանկար ապագայով ենք հիմա, ո՞նց է լինելու հետո, դրանց մեղքն է, չէ՞, ի վերջո։

Պետք է այդ հարցերին պատասխաններ տրվեն, ճշտումներ կատարվեն, ինչո՞ւ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի ապագայի հետ կապված հարցեր էլ կան։ Պատկերացրեք՝ Հայաստանի ապագայի հետ կապված հարցը ինձ ավելի շատ է մտահոգում։ 

– Ի՞նչը մասնավորապես։

– Հայաստանի Հանրապետության անվտանգության հարցը։ Այ դա։ Ի՞նչ սահմաններում է ապրելու Հայաստանի ժողովուրդը, անվտանգության ի՞նչ երաշխիքներ են տրվելու, ի՞նչ հարաբերություններ են լինելու երկրների հետ։ Ի վերջո, դա էն մերանն է, որ չպիտի կորցնել։ Արցախի հերն անիծեցին, Հայաստանի Հանրապետությունը գոնե պետք է պահվի։

– Մենք տեսնում ենք, որ Փաշինյանն ամենևին էլ մտադիր չէ հեռանալ, նա վեցամսյա ծրագիր է ներկայացրել, և ընդդիմության պահանջները չեն կատարվում։ Այդ դեպքում ի՞նչ սպասումներ կարող եք ունենալ։

– Ի՞նչ ասեմ, ՀՀ քաղաքացիները պետք է ասեն, Փաշինյանը մինչև 2050 թվականը ծրագիր էր ներկայացրել, հեսա տեսնում ենք, էդ պտղուղները քաղում ենք հիմա։ Ես չգիտեմ՝ էդտեղ ապրող մարդիկ ինչ են մտածում, ուղղակի զարմանում եմ, մարդ, որ իր երեխայի, թոռան անվտանգության մասին չի մտածում, երկրի ճակատագրի մասին ո՞նց կմտածի։

Երևի մարդիկ սավառնում են երկնքում, երազների մեջ։ Մի օրում չի ստեղծվել, չէ՞, այս երկիրը, մարդիկ քրտինք են թափել, երկիր ստեղծել։

– Շատերն ասում են՝ վարչապետի հրաժարականը պահանջող ուժերը հավատ չեն ներշնչում՝ հաշվի առնելով նախկինում նրանք քաղաքական անցյալը, իշխանության մեջ լինելը և այլն։

– Ովքե՞ր են եղել իշխանություն։

– Դե, օրինակ՝ Դաշնակցությունը։

– Դաշնակցությունը ի՞նչ իշխանություն, Դաշնակցությունը իշխանության մի հատվածում է եղել։ Բայց կա հարցի մյուս երեսը՝ իշխանություն եղել է, թե չի եղել, բայց հո մենք 42 հազար քմ երկիրը չենք դարձրել 30 հազար քմ։

Այսինքն՝ մարդիկ ապրում էին, անվտանգության երաշխիքներ ունեին, դուք պատկերացնո՞ւմ եք՝ այսօր ինչ է կատարվում, երբ մարդկանց հետ շփվում ես, պատմությունները լսում ես, փշաքաղվում ես։

Այս անպատվությունը, պարտվածի հոգեբանությունը, որ այս ազգի մեջ նստեց, կարո՞ղ է հին իշխանություններն են արել։ Ի՞նչ է նշանակում՝ նոր ու հին իշխանություն, էդ հեքիաթները ստեղծել են, մտցրել ժողովրդի գլխի մեջ ու հերը անիծել։ Մարդիկ պետք է հասկանան՝ ի՛նչ կատարվեց։

Էս որտե՞ղ հասցրին մեզ, դե թող գան մեզ հետ ապրեն, ես երեքհարկանի բնակարան ունեմ, թող գան ապրեն։ Էս ինչի՞ հասցրին մեզ։ «Գելափը» սոցիոլոգիական հարցում է անցկացրել, որի արդյունքներով Հայաստանի Հանրապետության բնակչության 38 տոկոսն իրեն անվտանգ չի զգում։

Դե պատկերացրեք՝ ինչ է կատարվում երկրի հետ։ Դա կարո՞ղ է հին իշխանությունն է արել։

– Պարո՛ն Բալայան, այդ դեպքում, այսպիսի հարց տամ՝ դուք ի՞նչ սպասումներ ունեք Հայաստանի ընդդիմության թեկնածուից՝ Վազգեն Մանուկյանից։

– Վազգեն Մանուկյանը մի մարդ է, որը կենսագրություն է ստեղծել, մարդը հաղթող երկրի վարչապետ է, հայրենասեր մարդ է, գրագետ մարդ է, ձեռքերը կեղտոտ չեն։ Հազար ու մի հարցեր կան, որ այս մարդն իսկապես արժանի է։

Բայց նաև հասկացեք՝ գիտե՞ք ինչ է նշանակում այս փուլում ՀՀ վարչապետի բեռը վերցնել։ Ահավոր ծանր բան է դա։

Այսինքն՝ մարդ, որ համաձայնում է, մենք պիտի դրա համար շնորհակալություն հայտնենք էդ մարդուն, մարդը պատրաստ է այդ բեռը վերցնելու, և, համոզված եմ՝ այդ բեռը վերցնելով, կկարողանա իրավիճակը շտկել, նորմալ ընտրություններ կազմակերպել, նորմալ իշխանություն ձևավորել։

Մարդիկ պե՞տք է մտածեն իրենց երկրի մասին, էս ի՞նչ է կատարվում։ Ասում են՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին, ո՞նց է այդ իշխանությունը ժողովրդին, ամեն մի քաղաքացի պիտի՞ այս երկրի մասին մի քիչ մտածի։ Մի քիչ մտածի՝ ոնց է լինելու։

Էսքան արյուն թափվեց, էդ ամենի պատասխանը պե՞տք է տրվի, թե՞ ոչ։ Ասում են՝ մեկը թալանչի է, սրան ձայն չենք տալիս, մյուսը՝ սպիտակ աղավնի է, սրան ձայն ենք տալիս։ Էս ի՞նչ վիճակ է, որ մենք հիմա ապրում ենք։

– Հիմա շատերն ասում են նաև, թե Վազգեն Մանուկյանի հետևում Ռոբերտ Քոչարյանն է․․․

– Ռոբերտ Քոչարյանը սրանց նմա՞ն է արել։ Ռոբերտ Քոչարյանը երկիր է ստեղծել, Ռոբերտ Քոչարյանը ազգային-ազատագրական պայքար է ղեկավարել։ Հետո՞ ինչ Ռոբերտ Քոչարյանն է, ի՞նչ․․․ մարդ, որը կարողանում է դրսի հետ կապեր ստեղծել, հարաբերություններ ձևավորել, երկիրն ապահով պահել, վա՞տ է։

Մի մթնոլորտ են ձևավորել ու դրա շուրջը ժողովրդի գլուխը արդուկելով գնում են։ Ես պատմաբան եմ, և մի քանի տարուց հետո չեն ասելու՝ էս մեկը էսպես ասեց, էն մյուսը՝ էսպես, այլ ասելու են՝ էս մեկը հողը պահեց, հայրենիք ազատագրեց, էս մյուսը հողը տվեց։

Չեն ասում կամ գրում, թե Տիգրան Մեծը պալատում էս ասեց, էն ասեց, այլ ասում են՝ Տիգրան Մեծը երկիր շենացրեց։ Երկրորդականն ու առաջնայինը պետք է տարբերել իրարից։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am