«Հասարակությունը չի ուզում նորից վերականգնել գողերի ու թալանչիների «էլիտար» իշխանությունը». Աղասի Թադևոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը

Պարո՛ն Թադևոսյան, վերջին շրջանում քաղաքական պայքարում հայտնվել են նոր տերմիններ, մասնավորապես, նախկին իշխանության ներկայացուցիչները ժեխ են անվանում հասարակության այն հատվածին, որը 2018-ին աջակցել է հեղափոխությանը: Իր հերթին Նիկոլ Փաշինյանը էլ իր հրաժարականը պահանջող ուժերին անվանել է «էլիտար բունտ»:

Ինչպե՞ս եք գնահատում հասարակության մի մեծ հատվածին ժեխ անվանելը, և ինչպիսին պետք է լինի հասարակության արձագանքը սրան:

– Խնդիրը, գիտե՞ք, ինչն է. այն, ինչ տեղի ունեցավ այս պատերազմում, միայն ռազմական պարտություն չէր, դա քաղաքական էլիտաների կողմից իրականությունը կեղծ նկարագրելու հետևանք էր: Ես հույս ունեի, որ գոնե հիմա մենք պետք է դա հասկանանք: 

Քանի դեռ մենք չենք սովորել իրականությունը, մեր ներքին ու արտաքին իրողությունները համարժեքորեն անվանել, մենք անընդհատ պարտություն ենք կրելու: Ինչո՞ւ եմ սա ասում, որովհետև հիմա մի պրոցես է սկսվել, որը, ցավոք, փոխանակ մեղմի, ավելի է խորացնում քաղաքական այն ծանր ճգնաժամը, որում գտնվում ենք: 

Մենք հասկանում ենք, որ իշխանությունը, Փաշինյանի թիմն այլևս չունեն այն ուժը, ռեսուրսը, պոտենցիալը, նաև հոգեվիճակը, որպեսզի կարողանան իրականացնել այնպիսի կառավարում, ինչը երկիրը դուրս կբերի այս ճգնաժամից: Հետևաբար շատերը հասկանում են, որ անհրաժեշտ են քաղաքական փոփոխություններ, և պետք է նոր քաղաքական դեմքեր հայտնվեն: 

Պատերազմից հետո հայտնվեցին խմբեր ու դեմքեր, որոնք հասարակությանն առաջարկեցին իրենց ծառայությունը:

Բայց փաստն այն է, որ հասարակությունը չի ընդունում նրանց ինքնառաջադրումը: Եվ չի ընդունում այն հիմնավորմամբ, որ չի վստահում այդ ուժերին:

Չի վստահում այն պատճառով, որ այդ մարդիկ և խմբերը ներկայացնում են 1998-2018 թթ. պետության ղեկին գտնված ուժերին, որոնց քսանամյա անգործության հետևանքով ունենք այս վիճակը, որ իրականությունն անընդհատ կեղծել են:

Կեղծել են Հայաստանի ներքաղաքական իրողությունները, քաղաքական իշխանություններին ներկայացրել են որպես ազգային, պետականաշեն, բայց իրականում իրենք թալանել և թուլացրել են պետությունն ու ազգին, 20 տարի շարունակ վարել են հակազգային քաղաքականություն, բանակը չեն սպառազինել արդիական տեխնոլոգիաներով ու զենքով, բանակը չեն նախապատրաստել պատերազմի՝ տարիներ շարունակ խաբելով ժողովրդին, որ պատերազմ չի լինելու, քանի որ մենք ունենք տարածաշրջանի ամենամարտունակ բանակը, որի մարտունակությունը բալանսավորում է թշնամու ռազմատեխնիկական առավելությունները: 

Ուժեր, որոնք տարիներ շարունակ քայքայել են տնտեսությունը, ձևավորել ազատ մրցակցությունը և շուկան օրեցօր թաղող օլիգարխիկ համակարգ, այսինքն՝ նրանք միշտ իրականությունը կեղծ են նկարագրել, ինչի հետևանքով հասունացրել են պատերազմում մեր հավանական պարտությունը:

Եվ հիմա, պատերազմում ծանր պարտություն կրելուց հետո, այդ կեղծիքի վրա իշխանությունը կառուցող թիմը, օգտվելով պատերազմում մեր պարտության առիթից, նորից հավակնում է գալ իշխանության:

Բայց հանրությունը հիմարներից չի կազմված: Մարդիկ դեռ չեն մոռացել անցյալը: Մարդիկ այսօրվա փողոց դուրս եկածների մեջ տեսնում են դեմքերի, ում շատ լավ ճանաչում են, գիտեն, թե ովքեր են նրանք: Շփվեք մարդկանց հետ, և նրանք ձեզ կասեն, որ «նախկին իշխանություններ» կոչվածի վերադարձը, թեկուզ նոր դեմքերով համեմված, իրենց համար անընդունելի լուծում է:

Դրա համար էլ հասարակությունը նրանց չի արձագանքում: Մարդիկ ուզում են նոր, թարմ ու վստահելի դեմքեր: Եվ որ հատկապես այդ ուժերն ու դեմքերը չզբաղվեն մանիպուլյատիվ իրականության ձևավորմամբ: Մարդիկ շատ լավ տարբերում են իրականությունը կեղծիքից, և այս տարբերությունը հասարակության համար ընտրություն կատարելու լակմուսի թուղթն է դարձել: 

– Բայց նրանք անընդհատ լուսանկարներ են տարածում՝ ներկայացնելով, թե իրենց հանրահավաքներին ինչքան շատ մարդ է հավաքվում: 

– Ամբողջ հարցն էլ դա է, որ նրանք նորից փորձում են կեղծ նկարագրել իրավիճակը: Այդ կեղծ նկարագրությունը վտանգավոր է մեր պետության, մեր հասարակության համար, որովհետև եթե մենք այսօր պետք է ձևավորենք նոր իշխանություն, ապա այդ իշխանությունը պետք է հենված լինի մի քանի սյուների վրա, որոնցից ամենակարևորը հասարակությունն է:

Եթե մարդիկ դա հաշվի չեն առնում, ուրեմն այդ մարդիկ գալու են իշխանության ու ձախողեն պետությունը այնպես, ինչպես 20 տարի շարունակ ձախողել են: Իսկ հասարակությունը չի ուզում նորից նույն տրորված ճանապարհով անցնել:

Ամեն ինչ շատ պարզ է: Հայաստանը փոքր երկիր է, մարդիկ իրար դեմքով գիտեն: Ու երբ հիմա մենք տեսնում ենք, թե ովքեր են ասպարեզ եկած դեմքերը, հասկանում ենք, որ նրանք այն չեն, ինչ իրենց պետք են: 

Հայաստանի հանրությունն այսօր կանգնած է մի խնդրի առջև՝ ընտրություն կատարել անհաջողակների ու գողերի միջև, ու մարդիկ մոլորվել են:

Չգիտեն՝ նրանցից ո՛ւմ ընտրեն այս անապագա վիճակից դուրս գալու համար: Ընտրությունը թալանչիների ու անհաջողակների միջև է: Մարդիկ չեն ուզում ո՛չ նրանց ընտրել, ո՛չ սրանց: Դրա համար էլ հասարակությունը սպասողական վիճակում է: 

Դրանից բավականին նյարդային վիճակի մեջ են ընկնում այն ուժերը, որոնք փորձում են առիթից օգտվելով՝ շատ արագ իշխանափոխություն իրականացնել:

Հենց այդ նյարդայնությունն է, որ իրենց բերում է անընդունելի բառապաշարի կիրառման, որն իրենց իսկ համար վնասակար է: Մարդկանց անպատվող բառապաշարի գործածումը վկայում է նրանց անզորության մասին:

Նրանք հասարակությանն անվանում են ժեխ կամ անասուն, իսկ իրենց՝ էլիտա, և իրենց շուրջն են հավաքում նախկին КВН-շչիկներից ու ռաբիս երգիչներից կազմված «մտավորականների»: Այնպես որ, այստեղ էլիտայի և ժեխի խնդիր չկա, դա մանիպուլյատիվ բառապաշար է և սեփական անզորությունը քողարկելու փորձ:

Դրանով նրանք ցույց են տալիս, թե իրականում որքան վատ են պատկերացնում մեր հասարակությունում տիրող իրավիճակը, թե որքան կտրված և հեռու են հասարակությունից, ու այդ կտրված և հեռու լինելու պատճառով որքան վտանգավոր են նրանք հասարակության համար։ 

Հասարակությունը չի ուզում վերականգնել գողերի ու թալանչիների «էլիտար» իշխանությունը: Իրականությունը սա է, և իրականությունն այն է, որ մարդիկ նրանց չեն ընտրելու:

Եթե ինչ-ինչ ձևով նրանք գան իշխանության, ապա դա հնարավոր կլինի արտաքին ուժերի միջամտությամբ: Այդ նպատակով էլ նրանց ծառայող դեղին մամուլը հասարակությանն անընդհատ սադրելու է տարբեր վախերով, այդ թվում՝ Թուրքիայով ու Ադրբեջանով վախեցնելով: 

Արդեն սկսել են Ռուսաստանի «դաբրոն» ձեռք բերելու ակնկալիքով այցելությունները Ռուսաստան: Սակայն դժվար թե Ռուսաստանի քաղաքական էլիտաներն այդքան անհեռատես լինեն, որ հանրային պահանջվածություն և լեգիտիմություն չունեցող քաղաքական խմբին իշխանության «դաբրո» տան: 

Հասարակությունը տեսնում է այդ վտանգները, տեսնում է, որ այդ մարդիկ նորից փորձում են վերականգնել կեղծիքի իրականությունը և այդ կեղծված ու մանիպուլացված իրականության մեջ կառուցել իրենց իշխանությունը: Սակայն մարդիկ արդեն շատ լավ հասկանում են կեղծիքի վրա կառուցված իշխանության կործանարարությունը և քաոտիկ իրավիճակում իշխանությունը գողանալու անթույլատրելիությունը: 

Էլիտայի առանցքային հատկանիշը իրականության ճշմարտացի նկարագրությունն է: Նոր որակի դեմքեր պետք է հայտնվեն ասպարեզում: Անհաջողության այս շրջափուլից, որը սկսվեց Քոչարյանով և ավարտվեց Փաշինյանով, դուրս գալու ձևը այդ շրջափուլի դերակատար ուժերին պատմության նախորդ էջում թողնելն ու նոր էջ բացելն է, որտեղ այդ ուժերն այլևս չեն լինի: Սա է հասարակական պահանջը: Կա՛մ պետք է լինեն նոր դեմքեր ու ուժ, կա՛մ այս շրջափուլից դուրս գտնվող դեմքեր: Այդ շրջափուլից դուրս գտնվող դեմքերից է, ասենք, օրինակ՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

– Հնարավոր համարո՞ւմ եք։

– Ինչո՞ւ ոչ, եթե նա որոշում կայացնի վերադառնալ քաղաքականություն: Նա շատ ավելի լեգիտիմ քաղաքական գործիչ կարող է լինել, քան բոլոր նրանք, որոնք այսօր փողոցում փորձում են գողանալ իշխանությունը՝ օգտվելով ստեղծված իրավիճակից։ 

Մանե Հարությունյան

MediaLab.am