Գլխավոր դատախազությունը հիասթափեցնում է օրենքների անգրագետ մեկնություններով. Օմբուդսմեն

Գլխավոր դատախազությունը հիասթափեցնում է օրենքների անգրագետ մեկնություններով. Օմբուդսմեն
Գլխավոր դատախազությունը հիասթափեցնում է օրենքների անգրագետ մեկնություններով. Օմբուդսմեն

Երեկ Գլխավոր դատախազությունը հայտարարել էր, թե Մարդու իրավունքների պաշտպանը սահմանազանցել է սեփական լիազորությունները և «ցուցում է» տվել դատախազին: Մինչդեռ Մարդու իրավունքների պաշտպանը իրավական գնահատական է տվել Դատախազության գործողություններին և առաջարկել է, այլ ոչ թե ցուցում տվել վերացնել նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը:

Գլխավոր դատախազին ուղղված Պաշտպանի այն առաջարկը, որով կարող է ամուսնու կողմից իր և կնոջ գույքը հրկիզելու և ոչնչացնելու արարքը դիտարկվել «ինքնիրավչություն», ցավոք, Գլխավոր դատախազության կողմից արժանացել է կոպիտ ու անթույլատրելի արձագանքի, մինչդեռ իրականությունը հետևյալն է.

«Քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածը, որը պատասխանատվություն է նախատեսում ինքնիրավչություն կատարելու համար, սահմանում է. «ինքնիրավչությունը՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ իր իրական կամ ենթադրյալ իրավունքներն ինքնակամ (ինքնագլուխ) իրականացնելը, որն էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին կամ օրինական շահերին…»: Քանի որ ամուսնու սեփականության իրավունքը հրկիզված ու ոչնչացված գույքի նկատմաբ խիստ վիճելի էր, և առկա էր դատարանի քննությանը ենթակա վեճ, հետևաբար, առանց դատարան դիմելու՝ ինքնակամ (ինքնագլուխ) կերպով չէր կարող վաճառել, օգտագործել, առավել ևս, ոչնչացնել մի գույք, որի մյուս մասը ենթադրաբար պատկանում էր այլ անձի: Իր այդ ինքնակամ (ինքնագլուխ) գործողություններով նա էական վնաս է պատճառել իր կնոջ իրավունքներին ու օրինական շահերին: Ինչպես պարզ է դառնում օրենքի այս հստակ մեկնաբանությունից, ամուսնու գործողություններում առկա են ինքնիրավչության ակնհայտ տարրեր: Մինչդեռ քննիչը և դատախազը գործն ուսումնասիրել են բացառապես ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու տեսանկյունից (ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդված), և լիովին ու անարդարացիորեն անտեսել են ինքնիրավչությունը (ՀՀ քրեական օրենսգրքի 322 հոդված)»:

          Հատուկ ծանոթագրություն Պաշտպանի լիազորություններից անտեղյակ բոլոր պաշտոնյաների համար.

            «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 7-րդ, 8-րդ, 11-րդ, 12-րդ, 15-րդ հոդվածներ.

  • Պաշտպանը իրավասու է հայտնել իր դիրքորոշումը Դատախազության գործողությունների իրավաչափության վերաբերյալ:
  • Պաշտպանն իրավասու է ծանոթանալ այն նյութերին, որոնց կապակցությամբ մերժվել է քրեական գործի հարուցումը:
  • Պաշտպանն իրավասու է համապատասխան մարմինների գործողություններում խախտում հայտնաբերելու դեպքում հանդես գալ առաջարկությամբ՝ նշելով մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վերականգնման համար անհրաժեշտ և կատարման ենթակա հնարավոր միջոցառումները:
  • Պաշտպանը որևէ կերպ կաշկանդված չէ օրենքով սահմանված իր լիազորությունների շրջանակներում պետական մարմինների, այդ թվում՝ Դատախազության գործողություններում խախտում հայտնաբերելու և դրանից բխող այլ գործողություններն իրականացնելու հարցում:

Այսպիսով, երեկվա իր հայտարարությամբ Գլխավոր դատախազությունը դրսևորում է իրավական անգրագիտություն կամ չարամտորեն նենգափոխում է իրականությունն ու օրենսդրական ակնհայտ կարգավորումների էությունը: Այդ է պատճառը, որ Գլխավոր դատախազությունը հիասթափեցնում է իր հաճախակիացած խախտումներով և օրենքների անգրագետ մեկնություններով:

Պաշտպանի աշխատակազմ