Եթե կար ցանկություն անկախ, չկոռումպացված դատական համակարգ ունենալ, ժամանակին պետք էր վեթինգ իրականացնել. Հոկտանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը

– Կառավարությունը տարեվերջին ձեռնամուխ եղավ կոռուպցիայի դեմ պայքարի միասնական մարմնի ստեղծմանը: Ինչպե՞ս եք գնահատում այս նոր մարմնի ստեղծումը՝ հաշվի առնելով, որ 2,5 տարվա ընթացքում, ըստ էության, կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմներ չեն ստեղծվել: 

– Նախ նշեմ, որ այդ մարմինը դեռ չկա, հաջորդ շաբաթ ԱԺ հերթական նիստերն են, եկեք սպասենք տեսնենք, այդ հարցը կա՞ օրակարգում, թե՞ ոչ:

Դեռևս նախորդ տարվա փետրվարի 14-ին օրենքի նախագիծ կար հակակոռուպցիոն կոմիտեի մասին, որը դրված էր e-draft-ում, և մենք այդ ժամանակ մի շարք այլ կազմակերպությունների հետ միասին կարծիք ենք ներկայացրել և առաջարկներ արել:

Հիմա, երբ այս նոր նախագիծը ներառվի ԱԺ նստաշրջանի օրակարգում, կարող ենք ասել, թե մեր առաջարկներից որն է հաշվի առնվել, որը՝ ոչ: 

Կառավարութունը նախաձեռնել է հակակոռուպցիոն նոր դատարանների ստեղծում, որի համար դատավորների նոր 25 հաստիք կավելանա: Ինչպե՞ս եք գնահատում այս քայլը:

– Մենք դրա վերաբերյալ հանդես ենք եկել հայտարարությամբ, որը 2 օր առաջ հրապարակվել է: Այստեղ ուրիշ խնդիր կա, որ մինչդատական վարույթի հետ կապված խափանման միջոցի որոշման վերաբերյալ որոշումներն առանձին մասնագիտացված դատավորները կայացնեն:

Սա մեզ համար անընդունելի է: Մենք համարում ենք, որ նախ՝ պետք է շատ լուրջ ուսումնասիրվի պրակտիկան, հասկանալ, թե այդ գործիքակազմի կիրառումն ինչպիսին կարող է լինել, որից հետո նոր որոշում ընդունվի: 

Դե, երևի հասկանում ենք, որ այստեղ քաղաքական աստառն այն է, որ այս վերջին բողոքի ցույցերի ժամանակ դատավորները խափանման միջոց կալանքը չէին ընտրում, և դրա հետ կապված երևի որոշել են առանձին դատավորներ ունենալ:

Իմ անձնական կարծիքով՝ սա ավելի շատ քաղաքական բնույթ ունի, քան անկախ և անաչառ դատական համակարգ ստեղծելուն է ուղղված։ Երկրորդ՝ եթե իսկապես կար ցանկություն անկախ, չկոռումպացված դատական համակարգ ունենալ, դրա համար ժամանակին պետք էր նորմալ վեթինգի գործընթաց իրականացնել, ինչը չարվեց։ 

Իմիջիայլոց, իմ կարծիքով՝ այսպիսի օրենսդրական նախագիծը որ կա, ինձ համար ակնհայտ է դառնում, թե ինչու չարվեց վեթինգ, որովհետև իրականում նպատակը կարծես թե ոչ թե անկախ, չկոռումպացված համակարգ ունենալն էր, այլ նոր իշխանություններից կախված դատական համակարգ ունենալը։

Այսինքն՝ ըստ ներկա իշխանությունների՝ գործող դատական համակարգը կախված է նախկիններից, ինչը նույնպես պետք է հասկանալ: Ուղղակի հայտարարել, որ այդպես է, լուրջ չէ։

Ճիշտ կլինի այդ ոլորտում մասնագիտացված ՀԿ-ների ներգրավել, որպեսզի անաչառ և անկողմնակալ վերլուծություն արվի՝ երբ այդ միջնորդությունները մերժվում են, դա իսկապե՞ս հիմնավոր է, թե՞ ոչ։

Չեմ կարծում՝ բոլորովին անհիմն միջնորդություններ են ներկայացվում: Պետք է հասկանալ՝ որքանով են հիմնավոր միջնորդությունները, և այստեղ իրավապահ համակարգի խնդիրն է։

Ես այստեղ ավելի շատ տեսնում եմ քաղաքական նպատակներ՝ ունենալ իրենցից կախված, իրենց հարմար դատավորներ, քան թե իսկապես լուրջ, անկախ և անկաշառ դատավորներ։

Ես մի քիչ կասկածում եմ, որ դա է նպատակը։ Որովհետև եթե նպատակը դա լիներ, պետք էր ոչ թե բարեվարքության կիսատ-պռատ քայլեր արվեին, այլ վեթինգ իրականացվեր, որը չարվեց:

Այդ չանելը և նոր զարգացումները նման եզրակացության հիմք են տալիս: Ես սա ասում եմ ոչ որպես այս ոլորտում խորացած փորձագետ, այլ ուղղակի հակակոռուպցիոն ոլորտի փորձագետ, ես չեմ կարծում, որ սա կնվազեցնի դատական համակարգում կոռուպցիան։ 

Ինչ վերաբերում է հակակոռուպցիոն դատարաններին, իմ անձնական կարծիքով՝ այստեղ ուրիշ խնդիրներ կարող են առաջանալ:

Նախ նշենք, որ քաղաքակիրթ արևմտյան պետություններում այդպիսի բան չկա: Ոչ այնքան քաղաքակիրթ երկրներում դա կա. ենթադրվում է, որ այդ երկրներում կոռուպցիայի մակարդակը բարձր է, և փորձում են դա նվազեցնել:

Դրա օրինակը Ուկրաինան է, բայց թե որքանո՛վ դա այնտեղ աշխատեց՝ հարցական է: Ի վերջո, եթե մենք խոսում ենք դատական համակարգի մասին՝ դուրս հանելով դա պետական կառավարման մնացած համակարգերից, ճիշտ չի լինի գնահատելը:

Տեսականորեն դա լավ գաղափար է, բայց թե որքանո՛վ կաշխատի, դա դատական համակարգից դուրս հարցերից է նաև կախված:

Եթե դու ունես մի համակարգ, որտեղ գործադիրի գերիշխանություն է, որտեղ իշխող ուժը չի գնում լուրջ քաղաքական, տնտեսական բարեփոխումների, մի քիչ կասկածելի է, որ այդ պայմաններում կարելի կլինի ունենալ անկախ, չկոռումպացված դատական համակարգ: Այսինքն՝ պետք է կոնտեքստը հստակ հասկանալ և չասել, որ հենց մտցրեցինք հակակոռուպցիոն դատարաններ, ամեն ինչ հոյակապ կլինի:

Եթե, ասենք, իրավապահ համակարգը պատվեր կատարող լինի, չեմ կարծում, որ դատական համակարգը նրանցից շատ ավելի լավը կլինի:

Այստեղ ուրիշ խնդիրներ էլ են գալիս, օրինակ՝ աշխատավարձերի տարբերություն, հակակոռուպցիոն դատարանների դատավորների աշխատավարձն ավելի բարձր պետք է լինի և այլն:

Այսինքն՝ պետք է հասկանալ, թե ինչպե՛ս դա կազդի դատական համակարգի մյուս սեգմենտների վրա: Այսինքն՝ էլիտար մի խավ է ստեղծվում դատավորների մեջ: 

– Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս եք գնահատում այս 2,5 տարվա ընթացքում կոռուպցիայի դեմ պայքարը: 

– Անկեղծ ասած, ինչ-որ փորձեր արվել են համակարգային կոռուպցիան հաղթահարելու, որոշակի դրական արդյունքներ եղել են, բայց եթե մենք նայում ենք 2020 թվականի զարգացումները, կորոնավիրուսը և պատերազմը, դեռ պետք է շատ լուրջ ուսումնասիրվի:

Մի կողմից իրավապահ մարմինները պետք է հետաքննեն, թե ինչ է տեղի ունեցել, նույն բանակում որքանով նախկինների հետ են կապված եղել կոռուպցիոն բնույթի գործարքները, որոնց հետևանքով բանակը չի ստացել համապատասխան սպառազինություն, և որքանով 2018-ի հեղափոխությունից հետո են այդպիսի երևույթներ եղել:

Հիշում եք, որ հրապարակումներ եղան նաև այս իշխանությունների օրոք որոշակի դրևորումների մասին: Կորոնավիրուսի հետ կապված որևէ թափանցիկություն չկա, որ հնարավոր լինի դատել, թե դա որքանով է մաքուր արվել:

Դեռ ամռանը գնումների հետ կապված ես դիմել էի առողջապահության նախարարություն, մեզ ասացին, որ երբ ավարտվի, նոր կտան տվյալները: Երբ ռազմական դրությունը մտցվեց, ընդհանրապես փակվեցին տվյալների բազաները: 

Որքան էլ փորձեք հակակոռուպցիոն քաղաքականությունը արդյունավետ դարձնել, չի ստացվի, եթե քաղաքական, տնտեսական, սոցիալական արմատական բարեփոխումներ չեն արվում:

Դուք կարող եք ունենալ ուղղակի որոշակի քանակական բարելավումներ, բայց եթե տնտեսական, քաղաքական հիմքը չի փոխվում, իսկ ես չեմ տեսել լուրջ փոփոխություններ, ապա դժվար է մեծ արդյունք ակնկալել: Դա շատ կարևոր ցուցանիշ կարող է լինել, օրինակ՝ քաղաքական համակարգի առումով, թե, ասենք, ընտրությունները ինչ ձևով կանցնեն:

2018-ի ընտրությունները էյֆորիայի վրա հիմնված ընտրություններ էին, կար ոգևորություն, որ հիմա ամեն ինչ հոյակապ կլինի: Բավականին ազատ և արդար ընտրություններ էին, բայց ես հիշում եմ 1990-1991 թվականի ընտրությունները, որոնք նույնպես էյֆորիայի վրա էին, ու էլի նորմալ անցկացվեցին:

Բայց հետո տեսանք, թե ինչ եղավ 1995 թվականի ընտրություններից սկսած: Սա շատ կարևոր ցուցանիշ կարող է լինել: Տեսնենք, թե որքանով կկայանա կուսակցական համակարգը Հայաստանում, թե այդ քաղաքական բարեփոխումների արդյունքում գործադիրի դոմինանտությունը կթուլանա՞, թե՞ ոչ:

Համենայնդեպս, այսօր այդպես չէ, այս Սահմանադրությունը սուպերվարչապետական է: Եթե այս ամենը չի արվում, և ուղղակի փորձում են զուտ հակակոռուպցիոն բարեփոխումներ անել, քիչ հավանական է, որ այս սոված, աղքատ երկրում հնարավոր լինի կոռուպցիայի դեմ լուրջ պայքար մղել:

Իհարկե, կա նաև հակառակը՝ եթե կոռուպցիան հաղթահարում ես, աղքատությունն էլ է նվազում: Սա բավական բարդ կապ է:

Համենայնդեպս, պետք է սկսել ռեֆորմներից ավելի լայն կոնտեքստով, որի բաղադրիչ մասը կլինի հակակոռուպցիոն ռեֆորմը:

Մանե Հարությունյան

MediaLab.am