Իրանցիները ևս ցանկություն կունենային Արցախում մասնակցել խաղաղապահ գործողությանը․ իրանագետը՝ Իրանի ԱԳ նախարարի տարածաշրջանային այցի մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրանագետ Վարդան Ոսկանյանը

– Պարո՛ն Ոսկանյան, այսօր հայտնի դարձավ, որ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հաջորդ շաբաթ պատրաստվում է այցելել Ռուսաստան և Կովկաս, այդ թվում՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Իրանի ԱԳ նախարարը «նպատակ ունի այցելել այն երկրներ, որոնք կարող են աջակցել ղարաբաղյան ճգնաժամի լուծմանը»։ Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք այս նախաձեռնությունը։

– Ընդհանուր առմամբ պետք է դրական գնահատել Իրանի ջանքերը արցախյան հակամարտության հանգուցալուծման համատեքստում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս պետությունը մշտապես դրսևորել է հավասարակշռված, բալանսավորված դիրքորոշումներ, և այդ համատեքստում էլ Իրանի ԱԳ նախարարի այցը կարող է դրական ազդեցություն ունենալ՝ մի շարք հանգամանքներ հաշվի առնելով։

Գիտեք՝ իրանցիները շահագրգիռ են, որ կոնֆլիկտը ունենա խաղաղ հանգուցալուծում։ Իրանի ԱԳ նախարարը առաջնորդվելու է Իրանի հոգևոր առաջնորդի՝ արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում առաջ քաշած 4 հիմնական առանցքների շուրջ բանակցություններ վարելով։

Իրանի հոգևոր առաջնորդի հայտարարությունը, ըստ էության, նաև ցուցում էր Իրանի գործադիր իշխանությանը՝ շարժվելու այդ ուղղությամբ։ Իսկ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի այդ հայտարարության տեքստում կար ուշագրավ հանգամանք՝ նման բարձր մակարդակով առաջին անգամ ամրագրվել էր Արցախի հայության անվտանգության ապահովման հիմնախնդիրը։

Հայաստանի շահերը հաշվի առնող մեկ այլ կետ կար՝ ահաբեկիչների խնդիրը․ ըստ Իրանի հոգևոր առաջնորդի՝ ահաբեկիչները պետք է այս տարածաշրջանից արագ դուրս բերվեն, և ահաբեկչության վտանգը վերացվի։

Ուստի կարծում եմ՝ Իրանի արտգործնախարարի հետ հանդիպման ընթացքում կարելի է բավական հետաքրքիր ու Հայաստանի համար շահավետ օրակարգով առաջ ընթանալ՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ կարծեք թե ադրբեջանա-թուրքական դաշինքը ամենևին էլ շահագրգիռ չէ Սիրիայից տեղափոխված այդ վարձկաններին տարածաշրջանից դուրս բերելու հարցում։

Իսկ դա անհանգստացնում է ոչ միայն Հայաստանին, ոչ միայն Ռուսաստանին, այլ նաև՝ իրանական կողմին։

– Պաշտոնական հաղորդագրությամբ նշվում է նաև, որ Իրանի ԱԳ նախարարն իր այցելությամբ «նպատակ ունի նպաստել տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը»։ Սա վերաբերում է ահաբեկիչների խնդրի՞ն։

– Նաև կարծում եմ, դա նկատի ունեն, որովհետև իրանցիների համար ահաբեկչության խնդիրը շատ ցավոտ է ու արդիական՝ հաշվի առնելով այն, որ այս պետությունը տարիներ շարունակ Մերձավոր Արևելքի տարբեր կետերում ջանացել է հակաահաբեկչական գործողությունների միջոցով հետ պահել ահաբեկիչներին իրանական սահմանից։

Իսկ արցախյան պատերազմի ժամանակահատվածում թուրքական ջանքերով այդ ահաբեկիչները հայտնվեցին Իրանի հետ սահմանին, այն հատվածներում, որոնք այժմ ժամանակավորապես բռնազավթված են Արցախի Հանրապետությունից Ադրբեջանի կողմից, այսինքն՝ մերձարաքսյան գոտին։ Իրանցիները այս հանգամանքը շատ են կարևորում։ 

Մեկ այլ հանգամանք էլ կա՝ իրանական կողմը, տեսանք՝ պատերազմի օրերին հանդես եկավ նախաձեռնությամբ՝ փորձելով ներգրավվել ռուս-թուրքական երկկողմ հարաբերությունների համատեքստ, և կարծում եմ՝ մինչև հիմա էլ Իրանի համար արդիական է, որ այս պետությունը ներկայություն ունենա այդ ձևաչափում։

Նաև կարծում եմ՝ Իրանը ցանկություն ունի մասնակցություն ունենալ խաղաղապահ գործողություններին։ Գիտեք՝ արցախյան հակամարտության գոտում տեղակայված են միայն ռուս խաղաղապահներ, իսկ թուրքական կողմը կարծեք թե պետք է ներկայացված լինի դիտորդի կարգավիճակով։

Կարծում եմ՝ իրանցիներն էլ ցանկություն կունենային մասնակցելու խաղաղապահ գործողությանը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հակամարտությունը գտնվում է անմիջապես Իրանի սահմանների մոտակայքում։ 

– Ի՞նչը կարող է լինել Հայաստանի դիրքորոշումը այդ հարցում, համաձայնե՞լ նաև Իրանի ներգրավմանը։

– Անկեղծ ասած, Հայաստանի այս իշխանություններից ես չեմ ակնկալում որևէ գործնական քայլ այս ուղղությամբ, որովհետև ակնհայտ է, որ այսօրվա իշխանությունները ունակ չեն առաջ մղելու Հայաստանի շահերից բխող որևէ օրակարգ։

Դա ցույց է տվել փորձը, հատկապես վերջին ամիսների փորձը։ Բայց կան կարևոր երկկողմ օրակարգեր, որոնց անդրադարձը, բնականաբար, շահավետ կլինի Հայաստանի համար։

Մասնավորապես, խոսքը այսպես կոչված հաղորդակցության ուղիների ապաշրջափակման պայմաններում նաև Իրանի շահերից չբխող Մեղրու տարածաշրջանում միջանցքի խնդիրն է։

Այս համատեքստում Հայաստանը պետք է Իրանի հետ աշխատի, որպեսզի Սյունիքի մարզը շարունակի ցանկացած պարագայում մնալ կենսական տրանսպորտային հաղորդակցության ուղի, որովհետև եթե այդ ապաշրջափակման ծրագիրը կյանքի կոչվի, ապա մեծ է ռիսկայնությունը, որ նախիջևանյան ուղին կարող է պատճառ դառնալ, որ Իրանի հետ Սյունիքով անցնող կապը դառնա լուսանցքային, մարգինալ, ինչը չի բխում ոչ միայն Հայաստանի, այլ նաև Իրանի շահերից։ Այս համատեքստում էլ երկկողմ հարաբերություններում շատ անելիք կա։ 

Մյուս խնդիրը Սյունիքի մարզի տնտեսական հզորացմանն ուղղված անելիքներն են: Այդ հարցում լուրջ դերակատարում կարող է ունենալ իրանական կողմը իր մասնակցությամբ, հատկապես եթե հաշվի առնենք, որ Մեղրիում կա ազատ տնտեսական գոտի, որը, ցավոք, չի գործարկվել։

Մինչդեռ դրա գործարկումը կարող է տնտեսապես խթանել Սյունիքի մարզը և, հաշվի առնելով այդ մարզի անվտանգային նշանակությունը մեր երկրի համար, տնտեսական զարգացումն այնտեղ շատ կարևոր է։ 

– Դուք ձեր խոսքում հիշեցիք պատերազմի ժամանակ Իրանի գործադրած ջանքերը ռազմական գործողությունները կանգնեցնելու ուղղությամբ, և նաև տեսանք, որ դրանք արդյունք չունեցան։ Հիմա ի՞նչն է փոխվել, կարո՞ղ է արդյոք հաջողել Իրանը իր մտադրություններում։

– Շատ դժվար է ասել, թե որ հատվածում կարող է հաջողություն գրանցվել, որ հատվածում՝ ոչ։ Բայց թեկուզ միայն այն հանգամանքը, որ իրանական կողմը սկսել է արցախյան հակամարտությունը և, ընդհանրապես, Հարավային Կովկասը դիտարկել որպես առաջնային խնդիր, կարևոր է, և Հայաստանը պետք է ջանա օգտվել այս հնարավորությունից՝ ամրապնդելու Իրանի հետ հարաբերությունները։

Բնականաբար, պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգներում վարչակարգի փոփոխությունից հետո մեծ են շանսերը, որ Իրանը և ԱՄՆ-ն կարող են վերադառնալ միջուկային գործարքի շրջանակներ, ինչը կստեղծի Իրանի համար բավական լայն մանևրի դաշտ՝ կապված Իրան-Թուրքիա և Իրան-Ադրբեջան հարաբերությունների համատեքստի հետ։

Ի՞նչ նկատի ունեմ․ ամերիկյան պատժամիջոցների պայմաններում իրանական կողմը ձգտում է հնարավորինս հավասարակշիռ հարաբերություններ պահել Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որպեսզի մեղմացնի այդ պատժամիջոցների ազդեցությունը իր երկրի ներսում։

Եթե լավագույն սցենարի դեպքում ԱՄՆ պատժամիջոցները վերացվում կամ թուլացվում են, ապա Թուրքիան և Ադրբեջանը կարող են կորցնել Իրանի համար այդ նշանակությունը։ Իրանում նաև գիտակցում են, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ երկարաժամկետ հարաբերություններ ունենալ անհնար է, ուստի այս համատեքստում Հայաստանը լրջագույն այլընտրանք է թուրք-ադրբեջանական այդ միասնական տարածքին թե՛ քաղաքական և թե՛ տնտեսական իմաստով։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am