«Հայաստանի իշխանություններն իրենք չեն հրաժարվի արեւմտյան ֆինանսական աղբյուրներից». Արթուր Սաքունց

«Հայաստանի իշխանություններն իրենք չեն հրաժարվի արեւմտյան ֆինանսական աղբյուրներից». Արթուր Սաքունց
«Հայաստանի իշխանություններն իրենք չեն հրաժարվի արեւմտյան ֆինանսական աղբյուրներից». Արթուր Սաքունց

Հայաստանի ԵՏՄ անդամակցությունից հետո եվրոպական կառույցների կողմից Հայաստանում ժողովրդավարության զարգացմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորման ռիսկերը կմեծանան, բայց Հայաստանի իշխանություններն իրենք չեն հրաժարվի արեւմտյան ֆինանսական աղբյուրներից:  «Մեդիալաբի» հետ զրույցում նման կարծիք է հայտնում իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

«Հայաստանի իշխանությունները իրենց իշխանության պահպանման համար չեն ցանկանա գնալ այնպիսի ռեպրեսիաների, որոնք կզրկեն իրենց արեւմտյան ֆինանսավորման աղբյուրներից: ՌԴ-ն Հայաստանին փող չի տա եւ չունի էլ, որովհետեւ Ռուսաստանը այսօր ֆինանսական լուրջ խնդիրների առջեւ է կանգնած: Այս  առումով միակ մեխանիզմը կարող է լինել  Կրեմլի կողմից պահանջը` սահմանափակելու այն հիմնական դերակատարների ազատություններն ու գործունեությունը, որոնք ինչպես ՀՀ-ում ՌԴ դեսպանն էր արտահայտվել, սեպ են խրում հայ-ռուսական բարեկամության մեջ, բայց այստեղ,  խնդիրն այն է, թե արդյոք ՀՀ իշխանություններն այդ ամենը «հալած յուղի» պես կընդունեն ու կկատարեն»,-«Մեդիալաբին» ասում է Արթուր Սաքունցը:

Հիշեցնենք, որ Մոսկվայում լույս տեսնող հայկական «Նոյյան Տապան» («Ноев Ковчег») ռուսալեզու պարբերականի 8-րդ մայիսյան համարում հրապարակված հարցազրույցում Հայաստանում ՌԴ դեսպան Վոլինկինը հայտարարել էր, որ պետք է առանձին «մեթոդներ» օգտագործել «Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ սեպ խրել» ցանկացող ՀԿ-ների դեմ:

Իսկ Ավելի վաղ` 2014 թ. ապրիլի 12-ին, Երեւանում նույն Վոլինկինը հայտարարել էր, որ Ռուսաստանը կկանխի «մեր մտքին ու սրտին խորթ գաղափարներ սերմանելու պատրվակով» իրականացվելիք ցանկացած ագրեսիվ միջամտություն իր բարեկամ երկրների ներքին գործերին։ Այս գնահատականները ՀՀ իշխանությունների կողմից այդպես էլ պատշաճ արձագանքի չէին արժանացել:

Ըստ իրավապաշտպանի, թեեւ այստեղ ՀՀ իշխանությունները շատ քիչ մանեւրելու տեղ կունենան, բայց այդ հրահանգները դժվար թե կատարեն  այն ջանասիրությամբ, որը ցանկալի կլիներ Կրեմլին, որոհետեւ նրանց սահմանափակող մեկ գործոն կա` արեւմտյան ֆինանսավորմամբ շահագրգռվածությունը:

Նշենք, որ Հայաստանում իր առաքելությունն ավարտող Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկը այս  օրերին վերջին հանդիպումներն է ունենում Հայաստանի պաշտոնյաների հետ, որոնց շրջանակում նշվում է, որ Հայաստանին հաջողվել է էական առաջընթաց է արձանագրել ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Մասնավորապես, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Եվրախորհուրդ 2015-2017 թվականների գործողությունների ծրագրի շուրջ, որը ներկայումս քննարկման փուլում է գտնվում:

Նկատենք, որ ժողովրդավարությանն զարգացման առումով Հայաստանը առաջ է անցել ԵՏՄ անդամ մյուս պետություններից, ինչը երեւում է միջազգային հեղինակավոր կառուցների տարբեր գնահատականներից:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով, 2001 թվականից` Հայաստանի ԵԽ անդամակցությունից հետո տարբեր ոլորտներում թեկուզ դանդաղ , բայց փոփոխություններ գրանցվել են: Օրինակ, այլընտրանքային ծառայության, օմբուդսմանի ինստիտուտների ներդրումն ու  համապատասխան օրենսդրական փոփոխությաննները, դատաիրավական ոլորտի բարեփոխումները, որոնք թեեւ էական առաջընթաց չգրանցեցին արդարադատության կայացման իմաստով, սակայն, ըստ Սաքունցի, ԵԽ անդամագրմամբ հստակեցվեցին այն չափորոշիչները, որոնց միջոցով կարողանում ենք գնահատել ազգային օրենսդրության եւ պրակտիկայի բացերը:

Իրավապաշտպանը նկատում է, որ արձանագրված փոփոխությունները Հայաստանում եղել են մեր երկրի` ԱՊՀ եւ ՀԱՊԿ անդամության պայմաններում, բայց Հայաստանում այդ փոփոխությունների երաշխիքը ոչ թե այս կառույցներին, այլ ԵԽ-ին անդամակցությունն է:

«Հիմա, գալիս է մի կառույց , որն ավելի պարտադրող ուժ ունի եւ որի որոշումներն առավել իմպերատիվ են: Այս առումով ԵՏՄ-ն  հակամարտության մեջ է մտնում ԵԽ ու Ստրասբուրգի ՄԻ դատարանի հետ: Երկու տարբեր համակարգերի համատեղելիությունն իմ կարծիքով անհնար է», -նշում է Արթուր Սաքունցը:

Հհունվարի 1-ից` ԵՏՄ անդամակցությունից հետո, ՀՀ ողջ օրենսդրության մեջ փոփոխություններ են կատարվելու: Ազգային օրենսդրությունը համապատասխանեցվելու է ԵՏՄ հիմնադիր փաստաթղթերին ու այդ միության խորհրդի կողմից ընդունվելիք փաստաթղթերին: Թե դրանք ինչպես են արվելու եւ ինչպես են համապատասխանեցվելու նախանշվող փոփոխությունները ՄԻ եվրոպական կոնվենցիայի եւ ՄԻԵԴ ընդունած որոշումներին, ըստ իրավապաշտպանի, լուրջ խնդիր է:

«Ինձ համար դժվար է պատկերացնել այդ համատեղումը: Մյուս կողմից ԵԽ քաղաքական մարմին է եւ տնտնտեսական ոլորտի օրենսդրության հետ առնչություն չունի, չնայած սրան, մենք առնչվելու ենք այնպիսի փոփոխությունների հետ, որոնք կարող են սահմանափակել թե տնտեսվարողների, թե ֆիզիկական անձանց իրավունքները: Այդ ռիսկերը կան եւ դրանց պատասխանը պետք է տան Հայաստանի այն քաղաքական ուժերը, որոնք մտան այդ միություն»,-ասում է նա:

Արթուր Սաքունցն ակնհայտ է համարում, որ Հայաստանի զարգացման երաշխիքը շարունակելու է մնալ ԵԽ անդամությունն ու  նրա կողմից ֆինանսավորվող ծրագրերի շարունակականությունը, որի ապահովումը, ըստ իրավապաշտպանի, հունվարի 1-ից հետո ավելի է բարդանալու:

«ԵԽ-ն այսուհետեւ շատ ավելի կոշտ պետք է գտնվի իր պահանջներում եւ ծրագրերի արդյունավետության գնահատման առումով: Այդ ծրագրերի նվազելը, ձգձգվելն ու ընդհանրապես միջազգային կառույցներիում ֆինանսավորման վերաբերյալ որոշումների կայացումը կիրականացվի ավելի մեծ դժվարությամբ եւ կախված կլինեն Հայաստանում իրավիճակի սրությունից»,-«Մեդիալաբին» ասում է Արթուր Սաքունցը:

Իրավապաշտպանի խոսքով, հարցը եվրոպական կառույցներից բացի, շատ ուղղված է լինելու ՀՀ իշխանություններին, թե նրանք ինչ պատրաստակամությամբ են պատրաստվում շարունակել որպես ԵԽ անդամի  հանձնառությունների կատարումը:

Էմմա Քալաշյան

© Medialab.am