Տեղի ունեցածը միջազգային ասպարեզում խիստ բացասաբար կարող է անդրադառնալ ԼՂՀ ժողովրդավարական վարկանիշի վրա. ՀԱԿ հայտարարությունը

Տեղի ունեցածը միջազգային ասպարեզում խիստ բացասաբար կարող է անդրադառնալ ԼՂՀ ժողովրդավարական վարկանիշի վրա. ՀԱԿ հայտարարությունը
Տեղի ունեցածը միջազգային ասպարեզում խիստ բացասաբար կարող է անդրադառնալ ԼՂՀ ժողովրդավարական վարկանիշի վրա. ՀԱԿ հայտարարությունը

ՀԱԿ հայտարարությունը երեկ տեղի ունեցած խայտառակ դեպքերի առնչությամբ ներկայացնում ենք ստորեւ: Հիշեցնենք, որ հունվարի 31-ին Հիմնադիր խորհրդարանի  «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնությունն ավտոերթ էր նախաձեռնել դեպի Արցախ, սակայն խաղաղ երթը ոչ միայն խոչընդոտվել է. այլեւ ավտոշարասյան մասնակիցները դաժան ծեծի են ենթարկվել, ջարդուխուրդ են արվել մեքենաներ, հաշվի չի առնվել նույնիսկ, որ ավտորեթին մասնակցում են կանայք եւ երեխաներ: Նրանք եւս տուժել են: ՀԱԿ հայտարարությունն ամբողջովին ներկայացնում ենք ստորեւ: 

Հունվարի 31-ին «Հիմնադիր խորհրդարան» կազմակերպության՝ դեպի ԼՂՀ ուղեւորվող ավտոշարասյունը կանգնեցվել է Բերձորում (Լաչին), դաժան ծեծի են ենթարկել մարդկանց, ջարդել նրանց մեքենաները։ Ոմանց մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոցներ։

Խաղաղ ցուցարարների, ընդդիմադիր քաղաքացիների հետ բռնության լեզվով խոսելու դատապարտելի այս դեպքը հերթականն է՝ անցյալ տարեվերջին Ազատամարտիկների դաշինքի խորհրդի անդամներ Ռազմիկ Պետրոսյանի, Մանվել Եղիազարյանի, Սուրիկ Սարգսյանի, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանի, ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանի, Կոնգրեսի Հրազդանի տարածաշրջանի կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանի նկատմամբ կիրառված բռնությունների շարքում։

Այս շղթան ցույց է տալիս, որ բոլոր բնագավառներում խայտառակ ձախողումներ կրող վարչախումբն իր փրկության միակ ելքը տեսնում է հասարակությանը ահաբեկելու ցնորական գաղափարի մեջ։ Ցավալի է, որ Բերձորում տեղի ունեցած բռնություններն իրականացվել են ԼՂՀ ոստիկանության կողմից։

Հայ ազգային կոնգրեսը խստորեն դատապարտում է խաղաղ ավտոերթի մասնակիցների նկատմամբ կատարված բռնարարքը։ Այդ փաստը, ամեն ինչից զատ, նաեւ միջազգային ասպարեզում խիստ բացասաբար կարող է անդրադառնալ ԼՂՀ ժողովրդավարական վարկանիշի վրա։