«Սերժ Սարգսյանի այս բենեֆիսն առաջիկա ընդդիմադիր ակտիվության խթանմանը կոչված քարոզարշավի մի տարր է»․ Ռուբեն Մեհրաբյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը

– Պարո՛ն Մեհրաբյան, Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում Արցախի հարցում կրած պարտության համար մեղադրեց այս իշխանություններին, ասաց, որ ինչ տեղի ունեցավ 2018-ի գարնանը, իր էությամբ հակաղարաբաղյան շարժում էր։ 

Միաժամանակ, Սերժ Սարգսյանը խոսում էր այն մասին, որ իր պաշտոնավարման տարիներին ավելի հայանպաստ դրույթներ են բանակցել։ Ի՞նչ ուղերձներ ունի Սերժ Սարգսյանի հարցազրույցը, ինչո՞ւ նա որոշեց խոսել այս փուլում։

– Ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանի այս բենեֆիսն առաջիկա, այսպես կոչված, ընդդիմադիր ակտիվության խթանմանը կոչված քարոզարշավի մի տարր է, որի ընթացքում, այո՛, նաև խնդիր է դրվում անել այն, ինչ ձևակերպեց Վազգեն Մանուկյանը։

Այսինքն՝ փչացնել իշխանությանը, կոտրել իշխանության ոտքերը, հենասյուները։ Եվ նրա այս հայտարարություններն ուղղակի ամբողջությամբ ստահոդ են կամ, լավագույն դեպքում՝ կիսաճշմարտություն։

Ընդ որում, այնքանով են կիսաճշմարտություն, որ ճշմարտությունը ուղղակի խառնված է թույնի հետ։ Գլխավոր նպատակը դա է։

Այստեղ կա նաև այլ նպատակ։ Դա այն է, որ այս շատախոսները նաև հանդիսանում են նաև տարբեր քրեական գործերի ֆիգուրներ։

Եվ այս քաղաքական կամ պսևդոքաղաքական ակտիվացումը նաև պաշտպանական մարտավարության մի մաս է։ Այնպես որ, մի քանի հարց են ուզում իրենք լուծել այս հարցազրույցներով։

– Իշխանության կողմից ի՞նչ արձագանք պետք է լինի։

– Իհարկե արձագանք պետք է։ Ավելին, ես կարծում եմ, որ ժամանակն է, որ ուղղակի գաղտնազերծվեն այդ ողջ բանակցային փաթեթները, որոնք եղել են վերջին տարիներին, որ ավել-պակաս չխոսեն։

Մենք տեսել ենք, որ նախկինում բանակցային պրոցեսը արդյունք չէր տալիս, դրա ապացույցը ապրիլյան քառօրյա պատերազմն էր, կարելի՞ է այդպես ասել։

– Այո՛, և այս գավառական շուստրիության շրջանակներում նրանք փորձելու են դրսում մի բան ասել, ներսում՝ հակառակը։ Սա է իրավիճակը։

Բայց ես կարծում եմ՝ հասարակության ջախջախիչ մեծամասնությունը լավ է իմացել՝ ով ով է, ինչը ինչից հետո է։ Եվ ըստ այդմ էլ մարդիկ վարվել են 2018 թվականին։ Եվ հիմա էլ հիմքեր չկան անելու հակառակը։

Այսինքն՝ նմանօրինակ ռևանշներով, ինչպես Վազգեն Մանուկյանն է ասում՝ իշխանությանը փչացնելով, չե՞ն հասնելու արդյունքի։

Եթե ընտրական մեխանիզմներով փորձեն անել, իհարկե որևէ շանս չունեն։ Նրանք փորձում են ապակայունացնել իրավիճակը և ինչ-որ բան փախցնել ոչ ընտրական ճանապարհներով, այնպես, ինչպես սովոր են։ Իրենց ոճն է դա՝ ոտքի տակ օճառ դնելով, շանտաժներով, մեջքից կրակելով, ընդհուպ մինչև ահաբեկչություն։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am